Թուրքիայի փորձերը՝ գերիշխանություն ունենալ տարածաշրջանում եւ հարեւանների գործերին խառնվելու ցանկությունն այդ երկրին թշնամի է դարձնում տարածաշրջանի մյուս պետություններին”, Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկիի պաշտոնական հայտարարությունն է մեջբերել “Ֆրանսպրեսս”-ը։ “Ներքին ու տարածաշրջանային այդպիսի քաղաքականություն վարելը վնաս կհասցնի Թուրքիայի շահերին ու կդարձնի նրան բոլորի համար թշնամական երկիր։ Իր վերջին հայտարարությամբ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը կրկին սկսում է միջամտել Իրաքի ներքին գործերին ու ցույց է տալիս, որ առաջվա պես ապրում է ռեգիոնում գերիշխելու պատրանքներով”,-նշվում է հայտարարության մեջ։
Տեղեկացնենք, որ Ստամբուլում իրաքյան քրդերի առաջնորդներից մեկի՝ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ սուննի մահմեդական Էրդողանը մեղադրել է շիա ալ Մալիկիին՝ իշխանությունը մենաշնորհելու, քաղաքական “եսակենտրոնության” եւ իրաքյան կառավարությունում սուննի նախարարների նկատմամբ խտրականություն ցուցաբերելու մեջ։
“Ցավալի է, որ Էրդողանի այդ հայտարարությունը կրոնական ուղղվածություն ունի, ու որքան էլ հետագայում հերքում եղավ, բայց այդ ուղղվածությունը շատ հստակ է արտահայտված, եւ դա մերժելի է բոլոր իրաքցիների համար”,-ասել է ալ Մալիկին։