Նախօրեին քառյակից եռյակի վերածված ԱԺ ոչ իշխանական 3 ուժերը դռնփակ նիստ են հրավիրել, որը տևել է մոտ 2 ժամ: Նիստի ավարտից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ վերջնականապես հաստատել են եռյակի մարզային այցելությունների ժամանակացույցը:
Եռյակը, որոշել է իր այցելությունները սկսել սեպտեմբերի 25-ին Աբովյան քաղաքից: Նշենք, որ ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ «Ժառանգություն» խմբակցությունները որոշել էին հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ հանրահավաքներ անցկացնել Հայաստանի 8 քաղաքներում:
Եվ այսպես. մարզային հավաքների առաջիկա ժամանակացույցը հետեւյալն է. սեպտեմբերի 25-ին Աբովյան՝ 17:00, Քաղաքապետարանին կից հրապարակ, սեպտեմբերի 26-ին Հրազդան՝ 17:00, Մարզպետարանին կից հրապարակ, սեպտեմբերի 28-ին Սիսիան՝ 13:00, Սիսակ Նահապետի հրապարակ, սեպտեմբերի 28-ին Կապան՝ 17:00 Գարեգին Նժդեհի հրապարակ, հոկտեմբերի 3-ին Արարատ՝ 17:00 Վազգեն Սարգսյանի հրապարակ, հոկտեմբերի 4-ին Իջեւան՝ 13:00, Շատրվաններին կից հրապարակ, հոկտեմբերի 6-ին Վանաձոր՝ 17:00, Հայքի հրապարակ, հոկտեմբերի 8-ին Գյումրի՝ 17:00, Թատերական հրապարակ:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար. Ռ. Հակոբյանն ընդգծել է, որ իրենց գրաֆիկը շատ հագեցած է լինելու. «Շատ կարեւոր են մարզային այցելությունները, որոնք կազդեն ընդհանուր օրակարգի վրա: Մենք նկատի կունենանք հասարակության պահանջները: Հարցեր կան, որոնք կճշտվեն մարզային այցելություններից հետո, դրանք շատ կարեւոր են, որովհետեւ օրակարգի հիմքում գրվելու են ժողովրդի պահանջները: Հարցեր կդնեն իշխանափոխության՝ մենք կքննարկենք»:
Ի դեպ, եռյակի նիստին մասնակցել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: Ռ. Հակոբյանը Ա.Ավագյանի ներկայությունը մեկնաբանելով նշել է, թե երկու հանձնախումբ են ձեւավորել՝ կազմակերպչական եւ քարոզչական, դրա համար էլ Ավետիս Ավագյանը մասնակցել է իրենց նիստին:
Տեղեկություններ կան, որ մարզային այցելությունները Աբովյան քաղաքից սկսելու «գաղափարը» պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը, ինչպես հայտնի է` Աբովյանի քաղաքապետն է: ԲՀԿ-ն ցանկանում է, որպեսզի առաջին հավաքը լինի մարդաշատ ու բուռն, ինչն ապահովելու համար պետք են լուրջ լծակներ: Ուստի ԲՀԿ-ն որոշել է, որ հաջողության հասնելու համար պետք է հենց Աբովյանից սկսել, որպեսզի քաղաքպետ-փեսան քաղաքային հրապարակը «լցնի»` ի ցույց դնելով իրենց սատարողների բազմամարդ բանակը:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարցեր ուղղել ԲՀԿ-ականներին, սակայն վերջիններս կա՛մ հեռախոսազանգերին չէին պատասխանում, կա՛մ էլ հայտարարում էին, որ շատ զբաղված են:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ առաջիկա մարզային հավաքի վերաբերյալ շատ կարճ խոսեց:
-Պարոն Մարգարյան, ինչո՞ւ է եռյակը որոշել իր մարզային այցելությունները սկսել Աբովյան քաղաքից:
-Իսկ եթե Սիսիանից սկսեինք ի՞նչ էր փոխվելու:
-Դուք կիմանաք: Համենայն դեպս, շատերը Աբովյանից մարզային այցելությունները սկսելը պայմանավորում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսայի քաղաքապետ լինելու հանգամանքով: Մի՞թե դա այդպես չէ:
-Ինձ այդ հարցը ուղղել են ու ես անգամ դրա մասին տեղյակ չէի, ես անգամ զարմացա այդ հարցից, թե ինչ կա դրա մեջ, որ նման հարց են տալիս: Այդտեղ որեւիցե բան պետք չի փնտրել, ուղղակի դա համընկնել է մեր այցելությունների հետ:
-Տեսակետ կա, որ ԲՀԿ-ն միայն Աբովյան քաղաքում կարող է մարդաշատ հավաք անցկացնել…
-Բացարձակ նման բան չկա: Որեւէ բան մի կապեք մեր հանդիպումների հետ:
«Ժողովուրդ»-ը փորձեց մի քանի հարց ուղղել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցությանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ է եռյակը որոշել իր հանդիպումները սկսել Աբովյան քաղաքից:
-Որտեղից էլ մարզային այցելությունները սկսեինք՝ այդ նույն հարցը տալու էիք:
-Նշվում է, որ որոշումը կայացրել է ԲՀԿ-ն, քանի որ Գ. Ծառուկյանի փեսան Աբովյանի քաղաքապետն է ու միայն այնտեղ ԲՀԿ-ն կարող է մարդաշատ հավաք անել:
-Չէ, չէ, ստացվու
մ է, որ Գյումրին ամենաթու՞յլն է, դրա համար էլ ամենավերջո՞ւմ ենք թողել: Սյունիքից սկսեինք կասեիք՝ ինչի՞ համար եք Սյունիքից սկսել: Այդտեղ որեւէ հատուկ բան չկա, ցանկացած դեպքում էլ նման հարց էր հնչելու: Հիմքում որեւէ նման բան չկա: Պետք չէ ինչ-որ բաներ փնտրել այդ հանդիպումների մեջ:
Հ. Գ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ առումով որեւէ բան չունեն ավելացնելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ