«Հայոց աշխարհ» թերթը գրում է. ««Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով երեկ կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը նշեց մի շարք գործոններ, որոնք բացասաբար են ազդում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վրա:
«Մի կողմից` կարելի է ասել, որ անդամակցությամբ Հայաստանի համար բացվում է հնարավորությունների նոր պատուհան, սակայն, մյուս կողմից, տեսեք, թե եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին որքան զգուշավորությամբ է վերաբերվում Ղազախստանը»,- ասաց նա: Չլուծված հարցեր կան մասնավորապես «Բայկոնուր» տիեզերակայանի, միջուկային ոլորտում համագործակցության հետ կապված:
Ըստ նրա, հայ-ռուսական տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանը կարող են նպաստել աբխազական երկաթուղու վերաբացումը, նաեւ Իրանի հետ ակտիվ փոխգործակցությունը: «Եթե մենք կարողանանք փոխմերձեցման ճիշտ քաղաքականություն վարել, համոզված եմ, որ հետագայում, երբ վերադառնանք Եվրասիական միությանը, կարող ենք լիարժեքորեն այն զարգացնել: Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ին դրական է, սակայն ես դեռ չեմ տեսնում, որ այն կարող է արդյունավետ լինել առաջիկա մեկ-երկու տարում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: