Կառավարության ղեկավարի գլխին սև ամպե՞ր են կուտակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների՝ Հովիկ Աբրահամյանը, դեռեւս վարչապետ նշանակվելուց առաջ, խոստումներ էր տալիս, որ ամեն ինչ կանի` իր խնամի Գագիկ Ծառուկյանի քաղաքական ամբիցիաները զսպելու համար եւ հետ կպահի նրան իշխանական ձգտումներից: Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը կարծես թե դատապարտվում է ձախողման. Գագիկ Ծառուկյանը որոշել է գնալ մինչեւ վերջ: Նրա՝ Սերժ Սարգսյանին գահընկեց անելու ցանկությունը գնալով ավելի տեսանելի է դառնում:

Եւ պետք է արձանագրել, որ այսօրվա հայաստանյան իրավիճակում ամենադժվար կացությունը ստեղծված է հենց Հովիկ Աբրահամյանի համար: Որտե՞ղ պետք է լինի նա: Այս իրավիճակում վարչապետ Հովիկ Աբրահամյանին թերեւս երկու քայլ է մնում անել՝ կա՛մ ինքնամաքրվել ու հրաժարական տալով՝ անցնել խնամու` Գագիկ Ծառուկյանի կողմը՝ օգնելով հեղաշրջման իրագործմանը, կա՛մ դեմ գնալ վերջինիս եւ պահպանել երազած աթոռը՝ մնալով Սերժ Սարգսյանի կողքին:

Եթե դիտարկենք առաջին տարբերակը, ապա, թերեւս, պետք է արձանագրել, որ Հովիկ Աբրահամյանն ինքնամաքրման համար արդեն կորցրեց իր ամենամեծ շանսը, որ նրան տրվեց եռյակի մարզային հանրահավաքների մեկնարկի օրը՝ Սուրեն Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակել տալով: Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ որոշումը կայացրել էր Սերժ Սարգսյանը, ու, երբ ՀՀ նախագահի նստավայրից վարչապետին ստիպեցին Լիսկային նշանակել այդ պաշտոնում, նա ոչ թե ըմբոստացավ, այլ խելոք իրականացրեց հրահանգը՝ հասարակության ատելությունն իր վրա բեւեռելով: Սա նշանակում է, որ առայժմ Աբրահամյանը որոշել է մնալ Սարգսյանի կողքին:

Իսկ եթե, այնուամենայնիվ, վարչապետը որոշի երկար ժամանակով պահպանել աթոռը, կրկին հետաքրքիր իրավիճակ կլինի, քանի որ նա բազմաթիվ թելերով կապված է իշխանությունից, նեղացած, գրեթե պոկված այն ուժերից ու գործիչներից, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար անասելի թվով գումարներ ծախսել: Արդյո՞ք նա կկարողանա համոզել շատերին՝ հետ կանգնել իշխանությունը տապալելու մտքից: Դժվար թե ստացվի: Վիրավորանքը Սերժ Սարգսյանից ու ղարաբաղյան կլանից առավել մեծ է:

Ինչպես հայտնի է՝ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի երեխաների հարսանեկան քավորը տաշիրցի գործարար Սամվել Կարապետյանն է, որի եղբայրը եւս նեղացած է իշխանություններից եւ մի կողմ է քաշվել, քանի որ Սերժ Սարգսյանի երիտասարդ թիմը նրան խանգարեց ազնիվ աշխատել: Եւ եթե միայն այս երկու գործարարների՝ Ս. Սարգսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ ֆինանսական կարողությունները, մարդկային ռեսուրսները մեկտեղենք, անխոս կարելի է պնդել, որ նրանք մեծ ցանկության դեպքում կարող են Հայաստանում ներքին հեղաշրջում իրականացնել:

«Ժողովուրդ»-ը վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանից փորձեց պարզել, թե ի՞նչ է պատրաստվում անել Հովիկ Աբրահամյանը, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սրացման գնա, բացի այդ՝ հնարավո՞ր է, որ ՀՀ վարչապետը հրաժարվի պաշտոնից եւ միանա եռյակին, թե՞ կշարունակի մնալ իր պաշտոնում` սատարելով Սերժ Սարգսյանին: Մամուլի խոսնակն ասաց, որ ինքը տեղյակ չէ վարչապետի այդ հայտարարություններից եւ խոստումներից՝ հրաժարվելով բանավոր այլ մեկնաբանություն անելուց:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս