Գյուղապետի թեկնածուն դատապարտվա՞ծ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում առաջիկայում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս պահին առաջադրված թեկնածուները երկուսն են՝ համայնքի ներկայիս ՕԵԿ-ական ղեկավար Սամվել Բալաբեկյանը եւ անկուսակցական Մուրադ Ոսկանյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Լուսակերտի գյուղապետ Սամվել Բալաբեկյանի հետ: Ի դեպ, վերջինս 14 տարի է, ինչ նույն աթոռն է զբաղեցնում:

-Քանի՞ տարի է, ինչ ՕԵԿ անդամ եք:

-2008 թվականից եւ ՕԵԿ-ական կմնամ մինչեւ կյանքիս վերջ:

-Այս ընթացքում չե՞ն փորձել Ձեզ համոզել, որ դառնաք ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական:

-Չէ, ես այդ կատեգորիայի մարդկանցից չեմ, որ համոզվեմ: Ես ունեմ իմ համոզմունքները, պրինցիպները:

-Ձեր մրցակիցը ո՞ր կուսակցության անդամ է:

-Իմ մրցակիցը եղել է բազմաթիվ կուսակցությունների անդամ: ՕԵԿ-ական էլ է եղել ժամանակին: Իր մտնելն ու հելնելը ինքը գիտի: Հիմա էլ անկուսակցական է, բայց «Երդվյալ ազատամարտիկներ» կազմակերպության անդամ է: Վերջերս էլ փորձեց դառնալ ԲՀԿ-ական, բայց չընդունեցին, ՀՅԴ-ում նույնպես հրաժարվեցին իրենից: Մարդը սիրում է բազմակուսակցական լինել:

-Ինչո՞ւ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նրան չընդունեցին:

-Ոչ ճիշտ պահվածքի համար:

-Տեղյա՞կ եք, թե ի՞նչ տարբերակով է բնակիչներին համոզում, որ իրեն ընտրեն:

-Ինքը, աղջիկ ջան, նախկինում եղել է գյուղխորհրդի նախագահ, այդ շրջանի ալան-թալանն իրենով է կատարվել: Դրանից հետո ինքը գնացել է զինվորական ծառայության եւ պաշտոնական դիրքի չարաշահման համար դատապարտվել է ազատազրկման:

Ինքը Գուսանագյուղում, որպես զինվորական, ծառայում էր: Այնտեղ ծառայում էին նաեւ երկկողմանի որբերը, նրանց ծեծելու եւ փող կորզելու համար Մուրադին դատեցին: Հիմա եկել է ու իր հարցերն է լուծում: Բայց բնակիչները գիտեն, թե ով ով է:

-Այս պահին Ձեր երկուսի միջեւ լարվածություն կա՞:

-Լարվածություն գոյություն չունի: Ես զբաղվում եմ իմ աշխատանքով՝ գյուղապետի գործունեությամբ: Ինքն էլ՝ իր:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ մյուս թեկնածուի հետ զրուցել, սակայն այդպես էլ չհաջողվեց:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս