ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 9-ին մասնակցեց Մինսկում կայացած Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։
Խորհրդի օրակարգը ներառում էր շուրջ երկու տասնյակ հարցեր, այդ թվում նաև` հոկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի և ԱՊՀ ձևաչափում իրականացվող բազմակողմ համագործակցության վերաբերյալ:
ԱՊՀ երկրների արտգործնախարարների կողմից հավանության արժանացավ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից երկրների ղեկավարների ուղերձի նախագիծը, որում կոչ է արվում աշխարհի երկրներին և ժողովուրդներին վճռականորեն հակազդել նացիստական շարժման հերոսացմանը, ֆաշիստական գաղափարախոսության վերակենդանացմանը, այլատյացության և ռասիզմի տարածմանը, զոհերին և դահիճներին հավասարեցնելու փորձերին:
Նախարարների խորհրդում քննարկվեց հումանիտար բնագավառում 2015-2016թթ. ԱՊՀ շրջանակներում իրականացվելիք համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է մշակույթի, կրթության, գիտության, տեղեկատվական, գրահրատարակչության բնագավառներում շուրջ 200 միջոցառումների կազմակերպում։
Խորհրդի մասնակիցները որոշում կայացրին գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակ շնորհել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին։
Նիստի մասնակիցները հավանության արժանացրին ապօրինի միգրացիայի դեմ հակազդեցության բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների 2015-2019թթ. համագործակցության ծրագիրը։ Նախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների արտաքին սահմանների պահպանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության, իրավապահ մարմինների միջև փոխգործակցության հարցերին։
Արտգործնախարարները քննարկեցին ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման ընթացքը։
Նախարարները որոշեցին ԱՊՀ արտգործնախարարների հաջորդ նիստն անցկացնել 2015թ. ապրիլին՝ Ղրղզստանի Օշ քաղաքում։