Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին ներկայացվեց այս տարվա ինն ամիսներին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կատարած աշխատանքները:
2014 թվականի ինը ամիսներին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքը, պայմանավորված նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգին անցնելու հետ, եղել է բավական լարված. քաղաքացիներին տրամադրվել է 93519 կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր եւ 267668 նույնականցման քարտ:
ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու կապակցությամբ 10668 գործ է կազմվել եւ ընթացք տրվել, որոնցից 9017-ը եղել է քաղաքացիություն ստանալու, 1668-ը՝ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Օտարերկրյա քաղաքացիներին տրվել է Հայաստանի Հանրապետություն մուտքի 119442 արտոնագիր, 2805 կացության կարգավիճակ, ձեւակերպվել է Հայաստանի Հանրապետություն հրավերի 230 թույլտվություն: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով սահմանային անցակետերում, շուրջօրյա ռեժիմով, կատարվել են անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության 2414 նշումներ:
Պետք է նշել, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում կտրուկ բարձրացել է նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Օրինակ, աշխատանքների կազմակերպման օպտիմալացման արդյունքում վերացել են քաղաքացիության եւ նույնականացման քարտ ստանալու հարցերով դիմողների հերթերը:
Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է անձնագրային ծառայություններում տեղադրել լրացուցիչ սարքավորումներ՝ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի դիմումներ ընդունելու համար, նաեւ ձեռք բերել լրացուցիչ շարժական կայաններ՝ տեղաշարժվելու ունակություն չունեցող անձանց տեղում լուսանկարելու համար:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ից արտերկրի մեր հայրենակիցները ամեն երեքշաբթի սկայպի միջոցով իրենց հարցերն են ուղղում անձնագրային եւ վիզաների վարչության ներկայացուցչին ու ստանում պարզաբանումներ: