Թուրքիայի Բինգյոլ նահանգում անհայտ անձինք հարձակվել են տեղի ոստիկանության ղեկավարի վրա և ծանր վնասվածքներ հասցրել, ինչպես նաև սպանել են նրան ուղեկցող երեք սպաների, տեղեկացնում է РИА Новости-ն:
Հարձակումը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան նահանգի վարչական կենտրոնում, որտեղ տեղի ոստիկանության ղեկավար Աթալայ Ուրկերը զննել է «Իսլամական պետության» դեմ զանգվածային բողոքներից վնասված ձեռնարկությունները: Անհայտ անձինք գնդակոծել են Ուրկերին և նրա օգնականներին:
Թուրքիայում երկուշաբթի օրվանից շարունակվում են զանգվածային անկարգությունները, որոնք կազմակերպել է երկրի քուրդ բնակչությունը: Քրդերը բողոքում են Սիրիայի հակամարտությանը թուրքական իշխանությունների չմիջամտելու քաղաքականության դեմ: Թուրքիայի վեց նահանգներում, ինչպես նաև Ստամբուլի մի քանի շրջաններում պարետային ժամ է սահմանվել: Անկարգությունների զոհ են դարձել ավելի քան 25 մարդ: