Նախօրեին գործարար Փայլակ Հայրապետյանն Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջին անգամ առերեսվել է իրեն սնանկացման եզրին հասցրած ադամանդագործի՝ Աշոտ Սուքիասյանի հետ:
Մինչդեռ վերջինիս պաշտպան Յուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այս շաբաթ առերեսում չի եղել, իսկ նախորդ շաբաթ Սուքիասյանն ու Հայրապետյանը երկու անգամ առերեսվել են: Ավելին՝ կալանավորի պաշտպանը վստահեցրեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը չի հնչել, թեպետ Փայլակ Հայրապետյանի խոսքով՝ Աշոտ Սուքիասյանն իրեն խոստովանել է, թե ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը միջամտել է օֆշորային գործին:
Armlur.am-ի հարցին՝ ինչպե՞ս կբացատրի ստեղծված իրավիճակը, Փայլակ Հայրապետյանն այս անգամ էլ ասաց. «Դե հա էլի, նախորդ շաբաթ առերեսվել ենք: Ուղղակի այդ ժամանակ առանց պաշտպանի եմ եղել»: Մենք հիշեցրինք, որ նա պաշտպան չունի նաև հիմա և վերջին առերեսմանը ևս չի ունեցել, իսկ գործարարը նշեց. «Գիտեմ դե»:
Ապա շարունակեց. «Վարչապետի անունը տալով չի: Կա ձեռնարկություն, որը գրանցված է վարչապետի անունով: Իսկ մեր գումարները գրանցված են այդ ձեռնարկության վրա: Ես իրան ասում եմ՝ բա ո՞նց էղավ, ասում է՝ ես դրանք գրել եմ, որպեսզի պաշտպանեն իմ ունեցածը: Ես էլ ասում եմ՝ այ տղա ջան, խի վարչապետը գողերի պաշտպա՞նն է, ես չեմ հասկանում: Եթե Տիգրան Սարգսյանի առկայությունը չլինի, ինչպե՞ս կգրանցվեր»,- զայրացած շարունակեց խոսքը Փայլակ Հայրապետյանը:
Ի դեպ, նշենք, որ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը նշեց, որ չի հասկանում, թե ի՞նչ շահագրգռվածություն կարող է ունենալ Փայլակ Հայրապետյանը եղած առերեսումները թաքցնելու մեջ: Պաշտպանի փոխանցմամբ, եթե լինեն հակասություններ կամ անհասկանալի պահեր, Սուքիասյանը և Հայրապետյանը կրկին կառերեսվեն:
Տաթև Հարությունյան