Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական քննության վիճաբանությունների փուլը: Պաշտպանական ճառով հանդես է եկավ նախորդ նիստին ներգրավված ամբաստանյալ Ալեք Պողոսյանի շահերի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
«Առաջադրված մեղադրանքում Պողոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում: Խնամքին ունի տարեց ծնողներ և անչափահաս երեխաներ: Մասնակցել է ԼՂՀ պաշտպանական մարտերին, իսկ դեպքի օրը ոչ մի ոստիկանի չի վնասել: Դեպքի օրը նրա մոտ եղել է պայթուցիկ, որը չի գործադրել, ոչ մի ոստիկանի չի հարվածել: Մեղադրողն ընդամենը քոփի-փաստ անելու եղանակով հրապարակել է մեղադրական ճառը` առանց հաշվի առնելու նախաքննական և դատաքննական ցուցումներն ու ընտանեկան կարգավիճակը: Միջնորդում եմ կայացնել արդարացման դատավճիռ»,- ասաց պաշտպանը: Իսկ Շանթ Հարությունյանն այդ պահին միջամտեց` ասելով. «Որի համար ներողություն է խնդրում (խմբ. նկատի ունի ոստիկանին չհարվածելը)»:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանն ու Սևակ Մնացականյանը հրաժարվել էին իրենց պաշտպան Կարեն Քալանթարյանի ծառայություններից, ում նաև ընդհատում էին պաշտպանական ճառի հրապարակման ժամանակ: Քալանթարյանն այսօր չէր ներկայացել:
Պաշտպան Աղաջանյանի ճառից հետո ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում: Իսկ պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց վերսկսել դատական քննությունը. նախագահողը պարզաբանեց, որ այս փուլում դա հնարավոր չէ ներկայացնել:
Ապա վիճաբանություն սկսվեց: Պաշտպանի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա` նախազգուշացման ձևով: «Ինչո՞վ է պայմանավորված, որ ամբաստանյալի միջնորդությունն ընդունում եք, իսկ իմ պաշտպանյալինը` ոչ: Նրա համար, որ իմ պաշտպանյալն իրեն մաղավոր չճանաչե՞ց»:
Վերջին խոսքով հանդես եկավ Շանթ Հարությունյանը:
«Սա դեռ իմ վերջին խոսքը չի, դա ուղղակի խոսում եմ»,- ասաց Շանթ Հարությունյանը: