ԿՈՆԳՐԵՍԸ ԳՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը վերցնելու է իր մանդատներն ու ԱԺ-ում զբաղվելու ակտիվ գործունեությամբ: Մինչ այդ, սակայն, Ազատության հրապարակում երեկվա հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Կոնգրեսը պատրաստվում է նաեւ ԱԺ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով դիմել Սահմանադրական դատարան:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, թե ՀՀ-ում այդքան մարդ չկա, որքան քվեարկությանը մասնակցածների պաշտոնական թիվն է: Նա նշեց, որ Կոտայքում, Տաշիրում, Վայքում ընտրություններին 100 տոկոս մասնակցություն է գրանցվել, իսկ Արմավիրում, Սյունիքում եւ այլն՝ 90-95 տոկոս: «Թող ոչ մեկ գլուխ չգովի, թե ուրախ ենք այս արդյունքների համար, սա այն թիվը չէ, որ ստացել ենք, խայտառակ բան է»,-նշեց նա: Մանուկյանը նաեւ ասաց, որ ինքը, 88թ. սկսած, պայքարում է, Ազատության հրապարակում է ընթերցել ՀՀ անկախության հռչակագիրը, եւ Ազատության հրապարակը դարձել է իր տունը: Նա նշեց, որ հիմա իրեն ոչ թե պետք է շնորհավորել ԱԺ գնալու համար, այլ ցավակցել, որ այնտեղ տեսնելու է «սնամեջ դեմքերի»: Մանուկյանի խոսքերով՝ անկախ պատգամավոր դառնալուց՝ ինքը երբեք չի լքելու Ազատության հրապարակը: «Մի՛ խեղճացեք, մենք պարտավոր ենք պայքարելու, մենք դատապարտված ենք մեր երեխաներին հույսով պահելու համար, եւ որեւէ մեկը չհամարձակվի լքել այս երկիրը։ Բոլորս մնում ենք Հայաստանում՝ պահելու մեր երկիրը, պահելու մեր Հայաստան հայրենիքը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հատկապես վերջին տարիներին ՀՀ իշխանությունն իրականացնում է սպիտակ ցեղասպանություն: «Մայիսի 6-ին տեղի ունեցավ հայ քաղաքացիների ցեղասպանություն: Մարդիկ իրենց բնակարաններում համատարած զզվանք ու ատելություն են զգում Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ, սակայն ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստանում է ձայների մեծամասնությունը: Մարդկանց մեծ մասն ընտրություն կատարեց ոչ թե ըստ սեփական ընկալումների ու զգացողությունների, գիտակցության, այլ ուժի թելադրանքով, որը սպանում է քաղաքացուն: ՀՀ-ում տեղի է ունենում քաղաքացիական ցեղասպանություն` քաղաքացուն դարձնում են հլու-հնազանդ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք հավաքվել են ոչ թե ողբալու քաղաքացիական կոտորածի համար, այլ եւս մեկ անգամ արձանագրելու, որ ժամանակն է ազատվելու ռեժիմից:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հիշատակեց վիճակագրական տվյալներ՝ հիմնավորելու համար, որ ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվն ուռճացված է: Ըստ նրա՝ ՀՀ բնակչության թիվը 2 մլն 871 հազար է: «Եթե դրանցից հանում ես 24 տոկոսը, որը չի քվեարկում՝ 18 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, 76 տոկոսը կազմում է մաքսիմում 2 մլն 170 հազար, բա էդ 2 մլն 525 հազարը որտեղի՞ց ես գտել»,-հարցրեց Բագրատյանը: Ըստ նրա՝ ՀՀԿ-ն  25 մլն դոլար ընտրակաշառք է բաժանել: «Առաջիկա 3 օրում հետ վերցնեն 125 մլն»,-եզրակացրեց նա: «25 մլն դոլարով ընտրության ինստիտուտը վերացվեց: Էդ տղան, որ վերացնում է ընտրության համակարգը, չի հասկանում, թե ինչ է անում»,-նշեց նա: Բագրատյանի խոսքերով՝ ԱԺ-ում մի քանի մարդն էլ բավարար է Սերժ Սարգսյանին ծնկի բերելու համար:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ պատերազմ հայտարարեց իշխանություններին: «Այս ընտրությունները կարելի է համարել հիմնովին կեղծված, քանի որ դրանք անցել են պետության կողմից կազմակերպված խախտումներով: Մեր նախնական գնահատականների համաձայն՝ բազմակի քվեարկությամբ եւ պետականորեն կազմակերպված կաշառման ու ահաբեկման արդյունքում լցոնվել է մոտ 600.000 ձայն: Մեր դիտարկումներով՝ այդ ձայներից  500.000-ը լցոնվել է ՀՀԿ-ի օգտին, 50.000-ական՝ երկու կուսակցությունների օգտին, որոնց անունը կտամ մեր ուսումնասիրությունների արդյունքներից հետո»,-հայտարարեց Զուրաբյանը: Նա հավաստիացրեց, որ ռեժիմը հաստատել է մի հանցագործ ընտրական համակարգ, որը եթե չկազմաքանդվի, ապա բոլոր ընտրություններում ՀՀԿ-ն ոչ միայն կապահովի իր մշտական մեծամասնությունը, այլեւ իր ուզած կուսակցություններին կնշանակի ընդդիմության դերում: «Եթե սրանք մի քիչ էլ մնան իշխանության, ազգի սերուցքը ուղղակի լքելու է Հայաստանը,-նշեց նա՝ հավելելով,-ՀԱԿ-ը պատերազմ է հայտարարում այս անբարո իշխանություններին: Նրանց դեմ պետք է կռվել բոլոր ճակատներում՝ փողոցներում եւ խորհրդարանում: ԱԺ-ում ուղղակի ջարդենք նրանց: Խորհրդարանում նրանք քուն ու դադար չեն ունենալու»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե իր համար անհասկանալի է՝ ինչու է հասարակության զգալի հատվածը նախընտրում «փող թեկնածուին», այլ ոչ թե «մարդ թեկնածուին»: «Եթե փող բաժանելով լինի, իշխանությունների չափ չենք կարողանում բաժանել, դրա համար պետք է գողանանք, իսկ դա մենք չենք կարող անել: Պետք է այնպես անել, որ հասարակությունը «մարդ թեկնածուին» ավելի վստահի, իսկ դրա համար ընդդիմությունը դեռ շատ անելիք ունի»,-հայտարարեց Սարգսյանը՝ կոչ անելով ուշքի գալ, մանավանդ որ առջեւում նախագահի ընտրություններ են:
Իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը փաստեց, որ այս իշխանություններն ու ազատ, արդար ընտրություններն անհամատեղելի բաներ են: «Ի՞նչ է ստացվում. որքան ժողովուրդն աղքատանում է, այնքան ավելի շատ ձայն է տալիս բացարձակապես բոլոր բնագավառներում ձախողված իշխանություններին»,-տարակուսեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս