Մինչ օրս կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:
Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում վերոնշյալ գումարը ժառանգները կարող էին ստանալ 12 ամսում՝ արդեն որպես ժառանգություն:
Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է չվճարված կենսաթոշակը սահմանված 12 ամսից հետո ժառանգելու երկու բացառություն.
· Ժառանգն առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունում է մնացած բոլոր ժառանգների համաձայնությամբ:
· Դատարանը ճանաչում է ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:
Նշենք նաև, որ փաստացի տիրապետման ուժով ժառանգության ընդունման դեպքում չկա որևէ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը Պաշտպան Կարեն Անդրեասյանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, ինչի արդյունքում այն ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Այսուհետ, մահացած կենսաթոշակառուի չվճարված կենսաթոշակը կարող են ստանալ թոշակառուի մահից հետո նույնիսկ 12 ամիս անց, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև, եթե դատարանի կողմից հարգելի են սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները: Փաստացի տիրապետման ուժով՝ չվճարված կենսաթոշակի գումարը նույնպես պետք է տրամադրվի առանց ժամկետային որևէ սահմանափակման:
Ողջունելի է Սահմանադրական դատարանի նման որոշումը, քանի որ այն խթանում է անձի` ժառանգություն ստանալու և սեփականության իրավունքի պաշտպանությունը: