ՄԱՀԱՑՈՂԸ «ՖԱՌ»-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՅԱԼՆ ԷՐ
Հոկտեմբերի 12-ին Վարդենիսում տեղի ունեցած սպանության նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Ըստ այդմ, գործի գլխին կանգնած է «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանը, որը հովանավորում էր սպանված Արման Մանուկյանին ու նրա եղբորը՝ Գրիշա Մանուկյանին:
Այս գործի նախաքննությունը դեռ չսկսած՝ արդեն պարզ է դառնում, որ բազում հակասություններ են առկա: Հերթով շարադրենք, թե այս գործով ով ինչ վարկած է առաջ քաշում:
ՀՀ ոստիկանության տեղեկության համաձայն՝ նշված օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել Սարգիս Գալստյանի (Ապեր) կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է Սասուն Կարապետյանը եւ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել Արման Մանուկյանի որովայնին եւ դիմել փախուստի: Արմանը հիվանդանոցում մահացել է: Ավելի ուշ՝ ժամը 23.10-ին, Սասուն Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ ասել, որ վիճաբանության ժամանակ Ա. Մանուկյանին կրակել է ինքը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Արման Մանուկյանի քեռին՝ Խաչիկ Խաչատրյանը, պատմել էր, որ. «Դեպքի օրը Արմանը տանն է եղել, զանգահարել են ձեռքին, դուրս են կանչել: Նա էլ երեւի դուրս է եկել, տեսնի, թե ով է, ինչ է ուզում: Հենց այդ ժամանակ թաղի մեջ Մերսեդես մեքենայի միջից կրակել են Արմանի վրա ու փախել»:
Քեռին հայտնել էր նաեւ, որ Սոթքի ոսկու հանքի ինչ-որ տարածքի շուրջ տղաները հակամարտության մեջ են եղել իրենց հարազատ հորեղբոր որդու՝ Վագահ Մանուկյանի եւ նրա ընկերոջ՝ Սարգիս Գալստյանի հետ: Խաչիկ Խաչատրյանի խոսքերով. «Մեկ տարի առաջ Արմանի ուազը պայթեցրեցին, 8 ամիս առաջ կրակեցին մեքենայի վրա: Ոչ ոք միջոցներ ձեռք չառավ: Ոչ ոք չպատժվեց: Դրա համար էլ տեսաք, թե ինչ եղավ: Վահագ Մանուկյանը, Սարգիս Գալստյանն այս ամենի գլավարներն են, իսկ Սասունը դրանց թիմից է: Մերոնք երկար ժամանակ է՝ հանքից ոսկի հանելու հետ կապ չունեն: Նույնիսկ մի օր դրանց ասեցին՝ եկեք, մեր պայթեցրած ուազը տվեք մեզ, ոստիկանությունից մեր անձնագրերը հանեք, պրծնենք»:
Այս հրապարակման օրը «Ժողովուրդ»-ին չէր հաջողվել զրուցել նաեւ մեղադրվող կողմի հետ, ուստի ներկայացրել էինք միայն սպանվածի հարազատների կարծիքը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ նրանց հետ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: Ըստ նրանց, Գրիշա եւ Արման Մանուկյանները հոկտեմբերի 12-ին ագրեսիվ վարքագծով են աչքի ընկել: Նրանք իրենց «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով շրջել են Վարդենիսում, առայժմ անհայտ պատճառներով ծեծի ենթարկել «ավտո քանդող» Մանվելիկին եւ «Ժոկոյի Գեւորիկին»: Այնուհետեւ մեքենայով կտրել են Սարգիս Գալստյանի՝ Ապերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, բենզալցակայանի հատվածում իջել միջից ու ձողերով (բիտաներով) խփել մեքենային: Ականատեսները վկայել են, որ Մանուկյանների ձեռքի ձողը նույնիսկ կոտրվել եւ ընկել է բենզալցակայանի մոտ: Այդտեղից Գալստյանը, մեքենան արագ վարելով, հեռացել է:
Շատ չանցած՝ Մանուկյան եղբայրները հանդիպել են Սասուն Կարապետյանին, որը եղել է իր BMW մակնիշի ավտոմեքենայով: Նրանք դարձյալ կտրել են Կարապետյանի ճանապարհը, իջել մեքենայից եւ ծեծի ենթարկել Կարապետյանին: Նրա մեքենայի վրա եւս կան հարվածների հետքեր: Այդ ժամանակ Սասունը փորձել է փախչել: Բայց քանի որ Բանավան թաղամասի փողոցները, մեղմ ասած, քարուքանդ վիճակում են, Սասունը չի կարողացել արագ վարել մեքենան, եւ Մանուկյան եղբայրները կրկին հասել են նրան ու էլի ծեծել: Կարապետյանն էլ հանել է իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը եւ կրակել Արման Մանուկյանին:
Թե վարկածներից որն է ճիշտ, որը՝ սուտ, թերեւս կբացահայտի ՀՀ քննչական կոմիտեն: Սակայն փաստ է, որ ե՛ւ Գալստյանի, ե՛ւ Կարապետյանի ավտոմեքենաները գտնվում են Վարդենիսի ոստիկանությունում:
Հավելենք, որ Վարդենիսում պտտվող լուրերի համաձայն, Մանուկյան եղբայրների հովանավորը քրեական պատմություններով հայտնի «Ֆառ» մականունով Արթուր Սարգսյանն է: Իսկ վեճը, ինչպես հայտնել էինք, երկու խմբավորումների մեջ առաջացել է Սոթքի ոսկու հանքում «աշխատող» չղջիկների թեմայից: «Չղջիկները» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում` վտանգելով իրենց կյանքը, այն տեղափոխում տուն, մանրացնում, լցնում «կիսլատայի» մեջ, որից թունավոր արտանետումներ են լինում (դեղին ծուխ է բարձրանում), ապա հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, ինչն էլ վաճառում եւ ապրում են: Երեւանում տեսնելով, որ հեռավոր այդ քաղաքում «կարգին փող կա», գնացել եւ խառնվել են թանկարժեք մետաղի գողության եւ վաճառքի գործին՝ արդեն «տանիքի» մակարդակով: Եւ շատ հաճախ քրեական խմբավորումները բախվում են միմյանց, որի զոհ են դառնում առավել ցածր օղակները:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
ՀՀ Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքի ղեկավար Տիտալ Ալոյանը վերջերս հրաժարականի դիմում է ներկայացրել: Պատճառը նրա առողջական վիճակի վատթարացումն է: Այս առիթով ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ջամշլու համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 1 մլն չորս հազար 255 դրամ, որից 874 հազար դրամը կտրամադրվի ոստիկանությանը:
ԶՈՐԱԿՈՉԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Հրամանագրով որոշված է՝ 2014 թ. դեկտեմբեր-2015 թ. փետրվար ամիսներին անցկացնել ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նաեւ` 2014թ. դեկտեմբեր – 2015թ. փետրվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
ՓՈՂՈՑԸ ԿԲԱՑՎԻ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Մալաքյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ ուրախ է Պատրիկ Մալաքյանին տեսնել Երեւանում եւ առերես քննարկել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացման մանրամասները:
ԿԵՍԻՑ «ԾԼԿԵԼ ԵՆ»
Ամերիկյան համալսարանում երեկ կազմակերպված ինքնակառավարման մարմինների հիմնախնդիրներով համաժողովին ներկա չի եղել տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նրան փոխարինել է տեղակալը` Վաչե Տերտերյանը: «Առավոտի» փոխանցմամբ` համաժողովի կեսից արդեն, տեսնելով, որ վերեւներից մարդ չկա, մասնակից գյուղապետերը, քաղաքապետերն ու մարզպետերը կամաց-կամաց «ծլկել» են, մինչդեռ 4 տարի շարունակ կատարված աշխատանքների արդյունքում ներկայացվող ուսումնասիրությունները հենց համայնքների խնդիրներին էին առնչվում:
ՉԻ ԶՂՋՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված «Շանթ եւ ընկերներ» գործով դատական նիստի ընթացքում Շանթի որդին` Շահեն Հարությունյանը, հայտարարել է.«Այո՛, խփել եմ ոստիկանին ու չեմ զղջում դրա համար: Իսկ եթե կրկնվի, նորից կխփեմ: Ես շարունակելու եմ իմ ազգի պայքարը, որը սկսվել է դեռեւս հորս պապից»:
ԻՆՉ-ԻՆՉ ՁԵՎԵՐՈՎ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալուն, երեկ ասել է.« ՀՀ-ում ընդունված օրենքների եւ ընթացակարգերի շրջանակներում Սուրեն Խաչատրյանը չի հանդիսանում գիտության ոլորտում աստիճան եւ կոչում կրող մարդ, որովհետեւ մեր ներքին ընթացակարգերում ինքը նման գործընթաց չի անցել: Աշխարհում կան տարբեր միջազգային կառույցներ, ակադեմիաներ, ինստիտուտներ, որոնք նման տեսակի հանրային գնահատական են տալիս ինչ-ինչ ձեւերով»:
ՄԱՐԶԵՐ
ՈՐՏԵ՞Ղ Է ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԸ
Եկեղեցի չունեցող Դիլիջան քաղաքի քահանային օրերս պարգեւատրել են քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով: Հայաստանում մեծ եւ փոքր ցանկացած քաղաք եկեղեցի ունի, իսկ ավելի քան 15 հազար բնակիչ ունեցող զբոսաշրջային կենտրոն Դիլիջանը, որտեղ նաեւ միջազգային դպրոց է գործում, ոչ:
Հոկտեմբերի 4-ին նշվել է Դիլիջանի 470-ամյակը, անցկացվել են բազմաթիվ տոնական միջոցառումներ: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը քաղաքապետարանի ոսկե հուշամեդալով պարգեւատրել է Դիլիջանի հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին: Վ. Զոնաբենդը Դիլիջանի կրթամշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար համայնքի ավագանու՝ հոկտեմբերի 3-ի որոշմամբ արժանացել է նաեւ Դիլիջանի պատվավոր քաղաքացու կոչման: Նա Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիրն է, Ռուբեն Վարդանյանի կինը: Դիլիջանի միջազգային դպրոցում այժմ սովորում է 97 հոգի, որից 9-ն է ազգությամբ հայ:
Դիլիջան քաղաքում եկեղեցի չկա, ավագանու որոշմամբ համայնքի հոգեւոր-մշակութային ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդի համար քաղաքապետարանի ոսկե մեդալին արժանացած Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը հոգեւոր արարողություններ է կատարում ժամանակավոր եկեղեցու վերածված «Թուֆենկյան» թանգարանի սենյակներից մեկում: Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը նախկինում տեղեկացրել է, որ ամերիկահայ (այժմ լուսահոգի) Ջոն Սթիվենսը Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար: Սակայն անցած 8 տարում եկեղեցու շինարարությունը չի սկսվել, թեեւ Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ:
ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից 3 կմ հեռավորության վրա գտնվող, 10-11-րդ դարերին պատկանող Մակարավանքն իր պատմական հրապույրով ձգում է զբոսաշրջիկներին: Ցավոք, հնամենի վանական համալիրը, միջնադարի ամենակարեւոր ճարտարապետական հուշարձաններից մեկը ձգում է նաեւ գանձագողերին: 2 տարի առաջ նրանք քանդել են Մակարավանքի մուտքի մոտ գտնվող պատը՝ ցանկանալով գանձեր գտնել: Հայտնի չէ` նրանք գտե՞լ են թանկարժեք իրեր, թե չէ: Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Ռաֆիկ Մուրադյանը «ժողովուրդ»-ին ասաց, որ այդ դեպքի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունը չի կարողացել հայտնաբերել գանձագողերին: Աչաջուր գյուղում խոսակցություններ են շրջանառվում, որ ոստիկանությունը բացահայտել է բարբարոսության հեղինակներին, սակայն նրանք «հզոր մարդիկ» են եղել, եւ գործին ընթացք չի տրվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ