ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՑՍ ԿԵՐԱՆ ՈՒ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՈՎ ԻՆՁ ԴԱՏԵՑԻՆ

Հերթական անարդարության ու մեր հանրապետությունում արդեն սովորական դարձած պարապություն ու անճարություն կոչվող չարիքից կոփված ու ձեւավորված մեկի զոհն է Աշոտ Մանուկյանը, ով ընդամենը մարդկային սովորական քայլ էր կատարել օտարի հանդեպ` նրան տուն հրավիրելով եւ նրա հիվանդ ու քաղցած երեխային կերակրելով…

Աշոտ Մանուկյանն ու Կարեն Գենաշվիլու Օհանյանն ընկերներ չէին: Պարզապես ընդհանուր ծանոթ ունեին (Կարենի կնոջ եւ նրա ընկերուհու հարեւանուհին): Ընդհանուր ծանոթը կին էր, ում բարոյական նկարագիրն ավելի ուշ պարզվեց: Ամեն ինչ սկսվել էր ավելի վաղ, եւ հենց նույն Կարեն Օհանյանի ընտանիքից: Կարենը Վանաձորից էր, ամուսնացել էր արմավիրցի Անահիտի հետ: Նրանք իրենց համատեղ կյանքում երեք զավակ էին ունեցել, սակայն կնոջ ազատ կյանք վարելու պատճառներով նրանք ամուսնալուծվել էին, ինչի արդյունքում Անահիտը զավակներից երկուսին իր հետ էր պահում, երրորդին թողել էր ամուսնու` Կարենի մոտ: Կարենը, ով ինքն էլ դեռ երիտասարդ, սակայն արդեն երկրորդ կարգի հաշմանդամ էր, իր անառողջ զավակի հետ մնացել էր միայնակ: Երեխայի վիճակի կտրուկ վատացումից հետո բժիշկները նրան ասում են, որ փոքրիկին մայրական խնամք է հարկավոր: Կարենն արդեն մի քանի անգամ գնացել էր կնոջ հետեւից Արմավիր՝ իր եւ Աշոտի վարձակալած տան հարեւանուհի Ինդիրայի տուն, որտեղ Ինդիրայի հետ համատեղ բնակվում էր նաեւ իր կինը` Անահիտը: Այս անգամ էլ Կարենը բժշկի խորհրդով երեխայի հետ միասին հենց հիվանդանոցից գնում է Անահիտի մոտ` պատմելու երեխայի վիճակի մասին: Ի դեպ, Ինդիրայի եւ Անահիտի վարքի համբավն արդեն հայտնի էր ողջ Արմավիրի մարզում, էլ չասած այն մասին, որ նրանք արդեն հասցրել էին անգամ «1-02» հաղորդաշարի «հյուրերը» լինել: Ասում են, որ նրանք զբաղվում էին անբարո գործունեությամբ, եւ նրանց հաճախորդների սկանդալներն ու անգամ նրանց որջից հնչած կրակոցները բնակիչներին խուճապի մեջ էին գցում:
Ինդիրան Աշոտի հարեւանուհին էր: Այնպես էր ստացվել, որ Աշոտը, աշխատանք չունենալով, Քարակերտ գյուղից (իր բնակավայրից) մեկնել էր Արմավիր` աշխատանք փնտրելու, որպեսզի կարողանար ինչ-որ կերպ պահել ընտանիքը՝ հաշմանդամ եւ երեւանյան հիվանդությամբ տառապող մորը, փոքրիկ զավակին, վատառողջ կնոջն ու անչափահաս եղբորը (որն Աշոտի դատապարտվելուց հետո ստիպված թողել է դպրոցը եւ աշխատում է գյուղում, որպեսզի կարողանա մոր համար դեղորայք գնել): 2013թ. հոկտեմբերի 8-ին աշխատանքից հոգնած տուն վերադառնալիս Աշոտն իր տան մոտ տեսնում է Կարենին` երեխայի հետ: Կարենն Աշոտին պատմում է իր «դարդը»: Այնուհետեւ ավելացնում, որ եկել է իր երեխայի մոր հետեւից, քանի որ երեխայի վիճակը ծայրաստիճան վատ է, իսկ Ինդիրան նրան ներս չի թողնում` ասելով, որ Անահիտն աշխատանքի է, իսկ ինքը չգիտի, թե նա որտեղ է աշխատում: Ինդիրան հայտնում է նաեւ, որ թե՛ ինքը, եւ թե՛ Անահիտը արգելում են Կարենին իրենց տուն ոտք դնել: Կարենն Աշոտին տրտնջալով հայտնում է նաեւ, որ երկար ճանապարհից երեխան լավ չի զգում եւ քաղցած է: Աշոտն այդ լսելով` առաջարկում է գնալ իր վարձակալած տունը (որտեղ ապրում էր իր կնոջ ու երեխայի հետ), մի կտոր հաց ուտելու, ապա ասում է, որ իր տեղեկություններով` Անահիտն աշխատում է «Արմավիր» ռեստորանում:
Աշոտի հյուրասիրությունից օգտվելուց եւ երեխայի հանգստանալուց հետո այն նույն տաքսիով, որով եկել էին Կարենն ու երեխան, գնում են «Արմավիր» ռեստորան, որտեղ չգտնելով Անահիտին՝ (կարելի է ենթադրել, որ Ինդիրան արդեն տեղյակ էր պահել վերջինիս Կարենի գալու մասին, եւ Անահիտը թաքնվել էր), վերադառնում են, սակայն ճանապարհին նրանց կանգնեցնում են ոստիկանները, խուզարկում, ինչի արդյունքում Կարենի մոտից հայտնաբերվում է կանեփ բույսից պատրաստված «մարիխուանա» տեսակի թմրանյութ: Բնականաբար բոլորին տեղափոխում են ոստիկանական բաժանմունք, ուր Կարենի երեխայի վիճակը կտրուկ վատանում է, նա ընկնում է ցնցումների մեջ է: Այս հանգամանքը ոստիկանների համար, ցավոք, դառնում է գործիք, այն էլ՝ շանտաժի, երբ Աշոտին ասում են՝ եթե ասի, որ Կարենին ինքն է թմրանյութ տվել, երեխային կտեղափոխեն հիվանդանոց, հակառակ դեպքում երեխայի մահը կմնա Աշոտի խղճի վրա:
Աշոտը երկար մտածելուց եւ երեխայի տառապանքը տեսնելուց հետո, նաեւ լսելով ոստիկանների պահանջը, թե երեխան կմահանա, եթե օգնություն չցուցաբերվի, իսկ օգնություն կցուցաբերվի այն ժամանակ, երբ Աշոտը համաձայնի ցուցմունք տալ այն մասին, որ թմրանյութն ինքն է տվել Կարենին (առավել եւս` Կարենն արդեն այդպես է գրել), տեղի է տալիս: Նրան ասվում է.«Դու հիմա գրի, բայց դատարանում կասես ճիշտը, եւ քեզ կարդարացնեն»: Ի վերջո, նա միայն այդ պայմանով է համաձայնում չկատարած մեղքն առնել իր վրա, սակայն շատ կարճ ժամանակ անց հասկանում է, որ խաբվել է…

ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ
շարունակելի

 

 

ՇԱՆԹԻՆ՝ 6 ՏԱՐԻ, ՈՐԴՈՒՆ` 4

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական քննությունը երեկ ավարտվեց: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մացոն, հրապարակեց կանխատեսելի դատավճիռը: «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին Մացոն մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) ու դատապարտեց 6 տարվա ազատազրկման, իսկ որդուն՝ անչափահաս Շահեն Հարությունյանին՝ 4 տարվա ազատազրկման՝ այն պայմանական չկիրառելով եւ չորս տարվա փորձաշրջան սահմանելով:
«Դատապարտվում է ապագա Հայաստանը: Իմացե՛ք՝ նոյեմբերի 5-ին կանանցով են ոտքի կանգնելու: Չմտածե՛ք, թե վախեցրիք կամ կոտրեցիք մեզ»,- վճռի ավարտից հետո դատարանի առջեւ հայտարարեցին մեղավոր ճանաչվածների հարազատները:
Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին եւ Լիպարիտ Պետրոսյանին Մացոն մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի նույն 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Ալեք Պողոսյանին եւ Մկրտիչ Հովհաննիսյանին նույն հոդվածով Մացոն դատապարտեց 4 տարվա ազատազրկման, Ալբերտ Մարգարյանին` 6 տարվա ազատազրկման: Վահե Մկրտչյանին Մացոն մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) եւ դատապարտեց 7 տարվա ազատազրկման: Հայկ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 4 տարի 6 ամիս ազատազրկման: Սեւակ Մնացականյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ դատապարտեց 1 տարի 6 ամիս ազատազրկման: Տիգրան Պետրոսյանին նույն մեղադրանքով դատապարտեց 1 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Հովհաննիսյանին` 2 տարվա ազատազրկման։ Միսակ Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտեց 50 հազար դրամ տուգանքի։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 2013-ին նախաձեռնել էր «Ազգային միացյալ նախաձեռնություն» շարժումը եւ իր կողմնակիցների հետ 2013-ի նոյեմբերի 5-ին կազմակերպել «Անոնիմուսների երթ» Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, եւ տեղի էր ունեցել բախում: Ոստիկանները բերման էին ենթարկել 38 անձի։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ: Ոստիկանությունը պնդում էր, թե տուժել են նաեւ ոստիկաններ` ութ հոգի: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։
Նշենք, որ երեկվա դատական նիստում Մացոն ամբաստանյալներից չորսին թույլ չտվեց վերջին խոսքով հանդես գալ: Շանթ Հարությունյանի՝ մոտ մեկ ժամ շարունակված վերջին խոսքը ընդհատելով՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՂՋԿԱ ՓՈՐՁԸ
Օրերս «Երեւան սիթի» մասնաճյուղերից մեկի դիմացի շենքի 4-րդ հարկից մի երիտասարդ աղջիկ փորձել է ինքնասպան լինել: Մինչ ցած նետվելը տվյալ տարածքի 4-րդ հարկից լուրջ աղմուկ է լսվել: Երիտասարդ աղջիկն անընդհատ օգնություն է կանչել, իսկ հարեւանները լսել են, որ ինչ-որ մեկը տանը ծեծի է ենթարկում աղջկան: Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ ժամը 16-ի սահմաններում: Ավելի ուշ աղջիկը, բացելով պատուհանը, ցանկացել է ինքնասպան լինել, սակայն ոստիկանների, հարեւանների խնդրանքների արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է: Իսկ երիտասարդ աղջկան դաժանորեն ծեծի ենթարկողը եղել է նրա ընկերը:

 

ՈՒՍՈՒՑԻՉԸ՝ ԱՇԱԿԵՐՏԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Օրեր առաջ մարզի հիվանդանոց են տեղափոխել մի երիտասարդ տղայի` Անդրանիկ Այդյանին՝ ձախ հետույքային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Պարզվում է՝ նրան վնասվածք հասցրել է ուսուցիչ Արմեն Ավալյանը: Անդրանիկը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում եւ օրերս է տեղափոխվել Հայաստան: Նա դասերի ընթացքում ծաղրել է ուսուցչին, եւ վերջինս, այլեւս չդիմանալով տղայի ծաղրուծանակին, դանակով հարվածել է նրա հետույքին: Այդ պահին դասարանում լուրջ իրարանցում է սկսվել, Անդրանիկի համադասարանցիները դուրս են փախել դասասենյակից եւ աղմուկ բարձրացրել: Դպրոցի տնօրինությունը տղային շտապ տեղափոխել է հիվանդանոց: Հետագայում կողմերը հաշտվել են, եւ միջադեպը հարթվել է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը:

 

«ԿՌՎԻ» ՊԱՏՃԱՌ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող «Հուշարձանների վերականգման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Եգանյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ մշակույթի նախարարությունների միջեւ հասունացած դատական վեճին, ասաց, որ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ մի շարք ՓԲԸ-ներ միավորվել են մեկ ընդհանուր ՓԲԸ-ի մեջ, որն այսօրվա «Հուշարձանների վերականգման կենտրոն» ՓԲԸ-ն է: «Սակայն մինչ միավորվելն այդ կազմակերպությունները բյուջեին պարտք են ունեցել, իսկ մի մասին էլ պետությունն է պարտք եղել, եւ քանի որ մենք հանդիսանում ենք այդ կազմակերպությունների իրավահաջորդ, այդ պարտք ու պահանջի հարցը միայն կարող էր կարգավորվել դատարանում: Ողջ պատմությունը սա է»:
Նշենք, որ ՓԲԸ-ն դատարանի միջոցով ՀՀ ֆինանսների նախարարությունից պահանջում է բռնագանձել 18 մլն, 999 հազար դրամ գումար:

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախագահի աշխատակազմում 2013 թվականի ընթացքում աշխատել է 322 քաղաքացի, որից 121-ը կին է, իսկ 201-ը՝ տղամարդ: Իսկ ահա կառավարության աշխատակազմում 2013 թվականին աշխատել է 293 մարդ, որից 135-ը կին է, իսկ 158-ը՝ տղամարդ: Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը՝ տարօրինակ է, թե այսքան «չինովնիկ» ինչո՞վ են զբաղված:

 




Լրահոս