Արդեն քանի օր է` երգչուհի Եվա Ռիվասի կողմից «Հայաստանի ձայնը» նախագծում մրցավարական կոճակը ոտքով սեղմելու փաստը հանգիստ չի տալիս մեր հազարավոր հայրենակիցների, ովքեր իրենց վրդովմունքի եւ քննադատության տարափը չեն դադարեցնում սոցիալական ցանցերում, տարբեր լրատվամիջոցներում, եւ ինչու չէ` նաեւ բակային եւ երթուղային տաքսիներում ընթացող քննարկումներում:
Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով էր երգչուհու նման պահվածքը գեղեցիկ, նկատենք, որ հանրության արձագանքը, մեղմ ասած, համարժեք չէր ո՛չ ծավալի, ո՛չ էլ բովանդակության առումով: Ի վերջո, խոսքն ընդամենը երաժշտական շոուի մասին է, իսկ շոուն նաեւ այդպիսի արտառոց եւ ոչ սովորական բաղադրիչներով է դիտարժան դառնում: Մինչդեռ մեր՝ չափազանց բարեկիրթ հայրենակիցները, որոնք, ի դեպ, մեծ հաճույքով առավոտից երեկո դիտում են շատ ավելի խայտառակ բովանդակություն ունեցող հայկական սերիալները, երգչուհու արարքը դարձրել են «հայոց հարց»:
Իրականում այս կեղծ բարեպաշտության դրսեւորումը մեր հասարակության արժեքային համակարգի դեգրադացիայի մասին է խոսում, հատկապես, երբ հիշում ենք, որ նույնպիսի, անգամ տասնակի պակաս ընդվզում եւ ըմբոստացում չեղավ, երբ, օրինակ, ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն իր շուկայի ոսկերիչների հետ վարվելով սեփական ճորտերի նման` ջարդուխուրդ արեց նրանց սեղաններն ու հրամայեց դուրս նետել պատուհաններից: Եվ այս ամենը` մեր տեսախցիկի առջեւ: Իսկ ՀՀ ոստիկանությունն էլ հրաժարվեց քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիմքով:
Մեր հասարակությունն անգամ Սուրիկ Խաչատրյանի` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակման որոշումն ընդունեց պակաս ընդվզմամբ, իսկ մինչ այդ էլ գրեթե լռելյայն ընդունել էր Խաչատրյանի տան դիմաց տեղի ունեցած սպանությունն ու հատկապես մարդասպանին պատժից ազատելու դատարանի որոշումը: Տասնապատիկ ավելի անաղմուկ անցավ Շանթ Հարությունյանի անչափահաս որդուն` Շահեն Հարությունյանին չորս տարով դատապարտելու որոշումը:
Մեր չափազանց բարեպաշտ տանտիկիններին ու նրանց ամուսիններին դույզն-ինչ չզայրացրեցին եւ չեն զայրացնում մեր իրականությունում ամեն օր տեղի ունեցող բազմաթիվ իրապես անընդունելի եւ պարսավելի երեւույթները: Հենց այսպիսի հասարակությունն է դառնում կոռումպացված իշխանության հենարանը՝ Սերժ Սարգսյանի «Ապահով Հայաստանի» հենասյունը: Այդ մարդիկ երբեք դուրս չեն գա փողոց` պայքարելու իրական արժեքների համար: Նրանց ընդվզման առավելագույն շեմը Եվա Ռիվասի ոտքերն են: