Որքա՞ն գումար է անհրաժեշտ արտահերթ ընտրությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ: Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հարց ուղղելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Վերջինս զարմացած արձագանքեց. «Անկեղծ ասաց՝ չգիտեի»:

«Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել արտահերթ խորհրդարանական եւ նախագահի ընտրությունների համար առանձին-առանձին»,-հարցրեց Զարուհի Փոստանջյանը:

Տիգրան Մուկուչյանը հատ առ հատ սկսեց թվարկել, թե այս տարի որքան ՏԻՄ ընտրություններ են եղել՝ 132 համայնքում եղել են հերթական ընտրություններ, իսկ երեք համայնքում դեռ նախատեսվում են արտահերթ ընտրություններ.

«Եկող տարվա ընտրությունների ցանկը հաստատել ենք ու 150 համայնքում ունենք հերթական ընտրություն: Դրանք արդեն պլանավորվել են: Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, բնականաբար ԿԸՀ-ն դրանք իրականցնում է օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե այդ արտահերթ ընտրությունները սահմանված կարգով են, ապա կլինեն: Սակայն ես տեղեկացված չեմ, ցավոք, որ նման ընտրություններ սպասվում են»:

Զարուհի Փոստանջյանը պնդեց իր միտքը՝ ասելով. «Բնականաբար, ես խոսում եմ օրենքով սահմանված ընտրությունների մասին: Արտահերթ ընտրությունները եւս օրենքով սահմանված են, ու սպասվում են եկող տարի»: ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, դիմելով Զարուհի Փոստանջյանին, կոչ արեց. «Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում՝ բյուջեի շուրջ խոսել, իսկ մյուս ընտրությունները լինելու են 2017 եւ 2018թթ.»:

«Եթե չկա իրավական հիմք, ապա որեւէ թիվ չի կարող հաշվարկվել, թե որքան պետք կգա ձեր ասած ընտրությունների համար»,- շարունակեց պարզաբանել Տիգրան Մուկուչյանը:

Զարուհի Փոստանջյանը շարունակեց.«Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի արտահերթ ընտրությունների համար: Ոչ մեկս ապահովագրված չենք, որ նման պրոցեսներ տեղի չեն ունենա. ամեն ինչ վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրություններ կլինեն»: «Տիկին Փոստանջյան, նիստից հետո ես իմ աշխատակազմի ղեկավարի հետ միասին կոպեկի ճշտգրտությամբ կարող ենք ասել, թե որքան ենք ծախսել նախորդ համապետական ընտրություններին»,-նշեց ԿԸՀ նախագահը:




Լրահոս