ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՐՀԱՄԱՐՀՎՈ՞ՒՄ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

«Վիկիլիքս»-ի հրապարակած հերթական փաստաթուղթը պատմում է Հովիկ Աբրահամյանի` ԱԺ պատգամավոր, ապա խորհրդարանի նախագահ ընտրվելու մասին: Այն հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Ամերիկացի դիվանագետը հանգամանորեն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ դառնալու գործընթացին, գնահատել նրա նախորդի` Տիգրան Թորոսյանի գործունեությունը: Փենինգտոնի համոզմամբ` ԱԺ նախագահի փոփոխությունը նախաձեռել է անձամբ Սերժ Սարգսյանը, ում նպատակն է եղել իր աշխատակազմից հեռացնել Աբրահամյանին:

Փենինգտոնը նախ եւ առաջ նկատում է, որ Հովիկ Աբրահամյանը հանրային շրջանակներում հայտնի է իր «Մուկ» մականվամբ, ով «վատահամբավ քաղաքական գործիչ է»: Ամերիկացի դիվանագետը պատմում է, որ Աբրահամյանն իր հայրենի Արտաշատում հանդես է գալիս որպես ֆեոդալ, որ հաղթել է 2008թ. օգոստոսի 24-ի ընտրություններում` առանց որեւիցե մրցակցի: Դիվանագետը տեղեկացնում է, որ պաշտոնական արդյունքներով Հ. Աբրահամյանը հնարավոր 60.000-ից ստացել է 33.200 ձայն` 155 «դեմ»-ի դիմաց: Փենինգտոնը հայտնում է, որ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ընտրությունների օրը 6 ժամ շարունակ շրջել են քվեարկության վայրերում եւ ականատես եղել բազմաթիվ խնդիրների: «Մենք տեսանք տարբեր «ընտրիչների», ովքեր անտեղյակ կամ կեղծ ընտրողներին հուշում էին դուրս գալ տեղամասից եւ վերադառնալ այն ժամանակ, երբ դիտորդները հեռանան տեղամասից: Մի դեպքում էլ ենթադրյալ ընտրող հայտնվեց, ում անվան դիմաց ցուցակում արդեն ստորագրել էր մեկ ուրիշը»:
Շարունակելով մանրամասներ հաղորդել ընտրական գործընթացից` դիվանագետը նկատում է, որ մեկ այլ դեպքում, երբ հանձնաժողովի անդամը զգացել է դիտորդի ներկայությունն իր թիկունքում, խորհուրդ է տվել ընտրող քաղաքացուն թակել մյուս դուռը (գնալ մյուս ընտրատեղամաս), ինչին ընտրողը բառացի պատասխանել է.
«Նշիր ինձ ցանկացած անվան դիմաց, ես ձեր ժամանակը չունեմ»: Փենինգտոնն ավելացնում է, որ իրենց դիտորդական ներկայացուցիչներն աղքատ գյուղական վայրերում տեսել են բազմաթիվ թանկարժեք ու շքեղ ավտոմեքենաներ, որոնք կուտակված էին ընտրական տեղամասերի առաջ: «Վերոհիշյալ շքեղ մեքենաների տերերի ներկայությունը տեղամասերում, այդ թվում նաեւ քվեարկվող թեկնածուի որդին, ով այս ու այն կողմ էր ընթանում «Hammer» մակնիշի սեւ մեքենայով, նրանց անհարկի մուտքն ու ելքը, փաստում է, որ Հովիկ Աբրահամյանի աջակիցներն ու ենթականերն ուշադրությամբ հետեւում ու վերահսկում էին ընտրական գործընթացը:
Փենինգտոնի հաղորդմամբ` հանրային ընկալումներում եւ ստացվող տեղեկություններով լիովին փաստվում է, որ Հովիկ Աբրահամյանի հաջորդ քայլը լինելու է ԱԺ նախագահի աթոռին տիրանալը: «ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը հրապարակային բարձրաձայնել է, որ ոչ մի ցանկություն չունի հրաժարական տալու եւ մնալու է իր պաշտոնում հաջորդ 4 տարվա համար: Քչերն են, սակայն, հավատում, որ Թորոսյանը կունենա այնքան կշիռ, որ կարողանա դիմակայել Աբրահամյանի հարձակմանը»: Ամերիկացի դիվանագետի տեղեկություններով` Աբրահամյանի ընթացքը դեպի ԱԺ նախագահություն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ճամբարների բանակցությունների արդյունքն է: «Աբրահամյանը համարվում է պրո-քոչարյանական գործիչ, ուստի Սերժ Սարգսյանի համար առաջնային է նրան հեռացնել իր աշխատակազմից: Մենք ինքներս ենք մեր աչքով ականատես եղել այն դեպքերին, երբ Սարգսյանն ու նրա կողմնակիցները կարիք են զգացել Աբրահամյանին հեռու պահել հրատապ հիմնախնդիրներից: Ավելին, նշաններ կան, երբ նախագահական աշխատակազմը շատ վատ ու դանդաղ է արձագանքել հրատապ խնդիրներին` լավ չկատարելով իր` ադմինիստրացիայի պարտականությունները»:
ԱՄՆ պաշտոնյան փաստաթղթում նկատում է. «Անհասկանալի է, թե Հովիկ Աբրահամյանի նոր նշանակումը ավելի շատ նոր լծակ եւ ո՞ւժ է նրա համար, թե՞ ընդամենը դեմքը փրկելու սինեկուրա` տաքուկ տեղ, որ լավ վարձատրություն է ենթադրում»: Այդ համատեքստում դիվանագետը օրինակ է բերում Տիգրան Թորոսյանին, որը քաղաքական ուժեղ խաղացող չէր, այլ` լոկ հավատարիմ օրենսդիր: «Աբրահամյանն ավելի ուժեղ քաղաքական ներուժ ունի իր ձեռքում, որպես ամբողջացած պատրոնաժային քաղաքական գործիչ, ում թիկունքին է թվում նաեւ Քոչարյանը: Ինչեւէ, Աբրահամյանն ամբողջությամբ արհամարհվում է հայ ընտրողների կողմից, ինչը նրան շատ ավելի քիչ հնարավորություն է տալիս դառնալու լուրջ քաղաքական գործիչ, որ կարողանար հաջողությամբ օգտագործել պաշտոնական դիրքը` հասարակության մեջ եւ միջազգային ասպարեզում բարձրանալու համար»,-եզրափակում է ամերիկացի դիվանագետը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՉՈՒՆԵՆ

Այս տարվա մարտի 9-ին ՀՀ Լոռու մարզի Լեռնավան համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները չորսն են, որից երեքը՝ ՀՀԿ-ական, իսկ չորրորդը՝ գործող համայնքապետ Վաչագան Վարդանյանը՝ անկուսակցական: «Ժողովուրդ»-ը նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Ռազմիկ Գրիգորյանից հետաքրքրվեց. այս ընթացքում գյուղում լարվածություն կա՞, թե՞ ոչ:

-Դե ինչպե՞ս ասեմ, բնական է: Խելացի մարդիկ նման բան չեն անի. միայն երիտասարդներն են, որ մեքենաներով դեսն են ֆռում, դենը, սիգնալ են տալիս: Չգիտեմ, թե ինչ է:
-Գալիս են ու Ձեր տան մո՞տ են մեքենայով ազդանշաններ արձակում:
-Հա, գալիս են ու նման բաներ են անում, մի քիչ գեղեցիկ չէ:
-Չորս թեկնածու է առաջադրվել, որից երեքը ՀՀԿ-ական, այդ թվում նաեւ Դուք: Ո՞նց եք պայքարելու:
-Ուր ա ՀՀԿ-ական, միայն ես եմ: Մյուսները գնացել են թեկնածություն առաջադրելու, ասել են, որ ՀՀԿ-ական են, բայց չունեն այդ վկայականները: Իսկ ես 15 տարի է, ինչ ՀՀԿ-ական եմ:
-Քանի՞ տարի եք գյուղապետ աշխատել:
-10 տարի:
-Ինչպե՞ս ստացվեց, որ վերջին ընտրություններին չհաղթեցիք: Չվստահեցի՞ն:
-Մի քանի ընտրությունների մարդիկ պարտվեցին, գլուխ գովալու բան չի, դրանից հետո դարձան ինձ ընդդիմադիր: Հավաքվեցին, հավաքվեցին, հասունացավ, ու ես 11 ձայնով պարտվեցի:
-11 ընդդիմադի՞ր. ինչպե՞ս պիտի դիմանաք նրանց քննադատություններին:
-Հինգ-վեց ազգություն հավաքվեցին, իրար միացան ու այդպես պարտվեցի:
-Հիմա ի՞նչ ակնկալիքներ ունեք: Կանցնե՞ք, թե՞ ոչ:
-Դե ով առաջադրվում է, ասում է, որ անցնելու է: Դնում են ու ասում՝ մենք անցնող ենք: Մի քանի օրից պարզ կլինի:
-Տասը տարվա ընթացքում գյուղի համար ի՞նչ լավ բան եք արել:
-Եթե ես արած չլինեի, ամոթ կանեի նորից առաջադրվել: Ճանապարհներն եմ ասֆալտապատել, գյուղի գազաֆիկացման աշխատանքներն եմ արել, ոչ ոք 10 դրամի ներդրում էլ չի արել, համայնքապետարանի եւ իմ ուժերով եմ արել: Նոր դպրոց էի կառուցել ու շատ մանր-մունր բաներ:
-Իսկ գործող գյուղապե՞տը:
-Թող բամբասանք չլինի, բայց եթե լավ բան արած լիներ, իմ արեւով եմ երդվում, չէի մտնի արենա:
-Ձեր մյուս մրցակիցներին ի՞նչ կասեք:
-Մյուսները երիտասարդներ են: Նրանցից Նորիկ Ավագյանը, երբ ես էի գյուղապետ, իմ տեղակալն էր, հետո աշխատանքից ազատեցի, դրա համար էլ գնաց ու դարձավ ինձ ընդդիմադիր:
-Գյուղապետեր կան, որոնք հրաժարվում են այս պաշտոնից, իսկ Դուք շարունակում եք պայքարել:
-Իմ երեխաները Ղազախստանում են, լավ գործի են, բայց ես այնտեղ չեմ հարմարվում, ուրիշ գործ էլ չունեմ, ասի՝ դնեմ, պետք է որ անցնեմ:
-Գյուղի բնակիչներն ի՞նչ են ասում:
-Հիմիկվա ժողովուրդին չես կարողանում արդեն հասկանալ: Մինչեւ ընտրելն ասում են հա, բայց գնում են ու իրենցն են անում: Մեր հաշվարկով լավ ա:
-Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր քարոզարշավը:
-Օր ենք նշանակում ու հանդիպում մարդկանց հետ, ելույթ ունենում, զրուցում, կիսվում: Գալիս են: Հավաքվում են:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ

Երեկ առավոտյան ՀՀ Արագածոտնի մարզի յոթ համայնքների բնակիչներ փակել էին Երեւան-Ապարան մայրուղին` պահանջելով դադարեցնել Ապարան-Երեւան ջրատարի վրա հէկ-ի շինարարությունը: Բողոքող բնակիչների կողքին էր նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լեւոն Խաչատրյանը: Մարզի յոթ համայնքների բնակիչները բորբոքված նշում էին, որ հէկ -ի պատճառով իրենք զրկվելու են ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից հէկ -ը մեծ քանակությամբ ջուր է վերցնելու: Բողոքի ակցիայի ընթացքում բնակիչների հետ հանդիպեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա փորձեց գյուղացիներին համոզել, որ հէկ -ի շինարարությունը կասեցված է: Սակայն բնակիչները չհավատացին մարզպետին եւ շարունակեցին իրենց բողոքի ակցիան:
ԲՀԿ-ական պատգամավոր Լեւոն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հէկ -ի կառուցումն ապօրինի է, քանի որ ոչ մի անհրաժեշտ փաստաթուղթ չի ներկայացվել, որեւէ քննարկում չի եղել եւ համայնքի համաձայնությունը չկա: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հայտարարեց. «Նախապես պետք է համայնքի բնակիչներին բացատրեին, թե հէկ -ի կառուցումն ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել, ինչ ազդեցություն կունենա այն շրջակա միջավայրի վրա: Եթե կարողացան դա բացատրել եւ ապացուցել, ապա ոչ ոք էլ դեմ չի լինի հէկ -ի կառուցմանը»:
Ի վերջո՝ երեկվա ակցիայի արդյունքում բնակիչները գուցե ժամանակավորապես, բայց հաղթեցին. հէկ-ի շինարարության համար բերված տեխնիկան՝ կռունկն ու էքսկավատորը, շինհրապարակից դուրս բերվեցին:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՄԻԵԴ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ գերեվարությունից հայրենիք վերադարձված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար կազմակերպվել է բժշկական կոնսիլիում: Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը տեղեկացրել է, որ Մ. Խոջոյանը տեղափոխվել է Երեւանի Նորք-Մարաշում գտնվող վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն: Երեւանում հարկ կլինի կատարել Խոջոյանի թեւի վիրահատություն, տեղադրել Ելիզարովի ապարատ: Վ. Մարգարյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հոգում է Մամիկոն Խոջոյանի բուժման հետ կապված ծախսերը:
Իսկ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը երեկ հայտնել է իրավական պաշտպանության գործընթաց սկսելու մասին: Նա նշել է, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), քանի որ Մամիկոն Խոջոյանը ոչ միայն դաժան վերաբերմունքի է արժանացել, այլեւ խոշտանգվել:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին պատահմամբ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները ծերունուն ներկայացրել էին որպես «դիվերսանտ»:

Ն. Պ.




Լրահոս