Կարճ առաջիկայում բանակ են զորակոչվելու 1994թ. ծնված պատանիները, եւ այս օրերին բժշկական հանձնաժողովները ծանրաբեռնված աշխատանքի մեջ են:
Գյումրու զինկոմիսարիատում շուտով կավարտվի պատանիների բժշկական հետազոտությունը, եւ մայիսի 22-ին զորակոչիկների առաջին խումբը կզորակոչվի բանակ: Պատանիները բուժզննում անցնում են ոչ միայն Գյումրիում, այլեւ մայրաքաղաքում: Այս մասին տեղեկացրին Գյումրու զինկոմիսարիատից: ՊՆ-ից բժշկական հանձնաժողովի ներկայացուցիչները հանձնարարական են ստացել՝ իրականացնել մանրակրկիտ բուժզննում, որպեսզի միայն առողջ երիտասարդներ գնան ծառայության:
Զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանը փոխանցեց, որ այս տարի նվազել է զինծառայությունից խուսափողների թիվը, սակայն առողջական տարբեր խնդիրներ ունեցող երիտասարդների քանակը դարձյալ մտահոգիչ է: Հարկ է նշել, որ տարիներ շարունակ այն լուրջ խնդիր է Շիրակի մարզում: Այստեղ շատ են հատկապես հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդները: Մասնագետների կարծիքով՝ 88-ի աղետը հետերկրաշարժյան սերնդի վրա թողել է իր բացասական ազդեցությունը, իսկ սոցիալ-տնտեսական խնդիրները նպաստում են ինչպես հոգեկան շեղումների, այնպես էլ բազմաթիվ այլ հիվադությունների առաջացամանը: Պետք չէ մոռանալ նաեւ այն հանգամանքը, որ բանակ են զորակոչվում տարիներ շարունակ տնակային սարսափելի պայմաններում ապրող պատանիներ: Եւ այս ամենը չի կարող իր ազդեցությունը չունենալ: Առողջական խնդիրներ ունեցողները ՊՆ աջակցությամբ բուժում են ստանում մայրաքաղաքի մի շարք հիվանդանոցներում:
«Քանի որ մեզ առողջ երեխա է պետք, այդ խնդիրը շատ լուրջ ձեւով է նայվում, եւ ասեմ, որ նույնիսկ եթե երեխան չի ներկայացնում բողոքներ, մեր կողմից պարտադիր կարգով մի քանի անգամ զննվում է: Կրկնեմ, որ կա պաշտպանության նախարարի հրամանը, եւ շատ լուրջ է դրված խնդիրը: Աշխատում ենք, որպեսզի հիվանդ երեխա չհայտնվի բանակում: Եթե պետք է տասը անգամ հետազոտել, մենք տասը անգամ ենք հետազոտում»,-շեշտեց Գյումրու զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Արամ Գրիգորյանը:
Նշենք, որ այս տարի Հայաստանում գարնանային զորակոչ կիրականացվի երկու փուլով, քանի որ 18 տարին լրացածներն են ավարտում դպրոցը, իսկ դա արդեն զորակոչային տարիք է: «Մինչեւ հունիսի 30-ը կզորակոչվեն այն զինակոչիկները, որոնք չեն դիմելու բուհ կամ ունեն 8-ամյա կրթություն, իսկ այն երեխաները, որոնք արդեն դիմել են՝ բուհ ընդունվելու, նրանց զորակոչը կայանալու է հուլիս ամսից»,-պարզաբանեց Արամ Գրիգորյանը:
Գյումրի