ԿՌԻՎԸ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՆԱՅՈՂԻ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ Է
Դատաիրավական ոլորտում սկսված միջգերատեսչական հակամարտությունը երեկ նոր երանգներ ստացավ, ինչն իրավիճակն առավել պարզեցրեց:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության երկու քննիչների կողմից պաշտոնական չարաշահում թույլ տալու փաստով քրեական գործ է հարուցվել: «ՀՀ դատախազությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաեւ քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար»,-նշված է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
Այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը վերջին առնվազն տասը տարիներին եղել է միաբեւեռ, այսինքն՝ կառավարվել է մեկ կետից, հայտնի իրողություն է: Այդ մեկ կետը մինչեւ անցած տարվա սեպտեմբերը մշտապես եղել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Աղվան Հովսեփյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո, երբ Գեւորգ Կոստանյանը դարձավ գլխավոր դատախազ, դատաիրավական համակարգին մի տեսակ «անտերություն» պատեց: Համակարգի «ասողը» չկար: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ հասկանալի դարձավ, որ հատուկ Աղվան Հովսեփյանի համար նոր` քննչական կոմիտեի պետի պաշտոն կստեղծվի: Արդյունքում՝ իր նախորդի կադրերից ազատվելու` Գեւորգ Կոստանյանի գործն ավելի հեշտացավ, քանի որ գլխավոր դատախազությունում աշխատող Հովսեփյանի կադրերը սկսեցին ինքնուրույն հեռանալ` սպասելով մինչեւ «շեֆի» գրասենյակը բացվի: Ի վերջո, Աղվան Հովսեփյանի ծրագրերն իրականացան, եւ քննչական կոմիտեն սկսեց աշխատել` իր մեջ ներառելով ոստիկանության եւ պաշտպանության նախարարության քննչական մարմիններին:
Նախկին գլխավոր դատախազի «վերադարձը» դատաիրավական համակարգում կարելի է ասել երկիշխանության տպավորություն ստեղծեց: Համակարգին ծանոթ մարդիկ կանխատեսում էին, որ Գեւորգ Կոստանյանը ստիպված է լինելու ապացուցել, որ այլեւս «ասողն» ինքն է: Հակառակ դեպքում նա կհայտնվեր մի վիճակում, որտեղ ինքն Աղվան Հովսեփյանի մոտ գլխավոր դատախազ աշխատելիս կլիներ՝ հաշվի առնելով Հովսեփյանի իշխող տեսակն ու պրոֆեսիոնալիզմը: Սակայն Գեւորգ Կոստանյանը երկար սպասել չտվեց. քննչական կոմիտեի երեք աշխատակիցների կողմից պաշտոնական չարաշահում թույլ տալու փաստի առիթով քրեական գործի հարուցմամբ նա Աղվան Հովսեփյանին հասկացրեց, որ այսուհետ համակարգի գլուխն ինքն է, եւ վերջ: Ի դեպ, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի հարուցման համար հիմք են դարձել դատավարական ժամկետների խախտումները: Այլ կերպ ասած՝ Կոստանյանն իր ուղերձը տեղ հասցնելու համար օգտագործել է առաջին իսկ հնարավորությունը: Սպասելու ժամանակ չի ունեցել, եւ անզեն աչքով նկատելի է, որ խոցելի իրավաբանական փաստաթղթեր է ստորագրել:
Ամենայն հավանականությամբ ՀՔԾ-ի քննիչների դեպքում էլ առիթը դատավարական ժամկետների խախտումներն են եղել: Բայց դա այս դեպքում ոչ միայն էական չէ, այլ ընդհակառակը, այն ընդամենը կնպաստի, որ ՀՔԾ-ում եւս ընկալեն Կոստանյանի` իրենց հասցեագրած ուղերձը:
Դատաիրավական ոլորտում բոլորը գիտեն, որ ժամանակին ՀՔԾ-ի պետն ու քննիչները քայլ անգամ չէին անում առանց նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գիտության: Հովսեփյանի դիրքորոշումը պարզելու համար երբեմն քննիչները ստիպված էին լինում անգամ ժամերով սպասել նրա աշխատասենյակի ընդունարանում, մինչեւ Հովսեփյանը ժամանակ գտներ ու իր կարծիքը հայտներ:
Գլխավոր դատախազության երեկվա որոշումը վկայում է, որ ՀՔԾ-ում վերջին ամիսներին չեն կողմնորոշվել, թե նոր պայմաններում իրենք ում հետ պետք է «ճշտվեն», արդյունքում նրանց «հուշելու» կարիք է առաջացել:
Ի դեպ, եթե այսքանից հետո ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչությունում դեռ չեն կողմնորոշվել, թե «ասողը» ով է, ապա ենթադրվում է, որ առաջիկայում մի ապտակ էլ նրանք կստանան:
Նկատենք, որ դատաիրավական ոլորտում ծավալված իրադարձությունների արագացված տեմպը նաեւ ներքաղաքական զարգացումների արդյունք է: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն իր կառավարման տարիներին դատաիրավական համակարգի վրա մինչ այս երբեւէ միանձնյա գերիշխանություն չի ունեցել: Դատաիրավական համակարգը սպասարկել է ողջ իշխանական համակարգին` նրա գունային բաժանումներով հանդերձ: Բայց կարող էին լինել դեպքեր, երբ այս կամ այն գործի ելքը որոշվեր, ասենք, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի կամ մեկ այլ իշխանական պարագլխի հրահանգով: Իսկ մնացած մանր հարցերում հիմնական խոսքը Հովսեփյանինն էր:
Գեւորգ Կոստանյանի ուժի ցուցադրման եւ համակարգը միանձնյա կառավարման տակ վերցնելու նպատակներից մեկն էլ այն է, որպեսզի իշխանական համակարգն էլ իր հերթին գիտակցի, որ այսուհետ միայն Սերժ Սարգսյանն է ասելու, ով պետք է. «նստի», ով` ոչ, քանի որ Գեւորգ Կոստանյանին միայն նա կարող է հրահանգներ տալ ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե: Տեսնենք՝ թե ինչ կստացվի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՐԺԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ում է ցանկանում տեսնել ՏԿ նախարարի պաշտոնում, հրաժարվեց կոնկրետ անուններ ասել: «Բարդ հարց եք տալիս, դրանք կարող են լինել մի քանի տասնյակ մարդիկ, մեր երկրում արժանավոր մարդիկ շատ կան»,-ասաց ՏԿ փոխնախարարը: Դիտարկմանը, թե դժվար չէ այսքան ժամանակ առանց նախարարի աշխատել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէ, բոլորովին, այսինքն՝ բարդ է կազմակերպչական առումով, բայց նման բաներ շատ է եղել, ես համենայնդեպս… նորմալ, նախարարությունը բնականոն աշխատում է»: Ի դեպ, Կոտայքի մարզպետ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մարզպետի պաշտոնում երկար չի մնա, ու հնարավոր է՝ հենց իրեն նշանակեն տարածքային կառավարման նախարար: Իսկ երբ մարզպետից այդ լուրերի մասին հարցրեցինք, նա ասաց, թե այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
ԵՏՄ-Ի ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Եվրասիական տնտեսական միության հետ կապված որոշումներ-նախագծերի փաթեթ է ներկայացնելու: Նախագծերը հիմնականում վերաբերում են տարբեր տեսակի ապրանքների ստանդարտները սահմանելուն: Այդ որոշումներով ՀՀ-ում արտադրվող տարբեր մթերքների, ապրանքատեսակների ստանդարտները պետք է համապատասխանեցվեն ԵՏՄ չափանիշներին: Այդ ապրանքների թվում են շշալցված հանքային եւ սովորական մաքուր-չգազավորված ջուրը: Այսինքն՝ շուտով Հայաստանում կսկսվի կիրառվել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը, եւ ապրանքներն էլ ըստ այդ չափանիշների կարտադրվեն:
ՓԱԿ ԵՐԿԻ՞ՆՔ
Երեկ հայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա»-ի տնօրինությունը պաշտոնապես հայտարարեց, որ որոշ ժամանակով դադարեցնում է ուղեւորային փոխադրումները: Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ավիաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Մինչդեռ այդ տեղեկությունն ընկերությունը համառորեն հերքում էր:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընկերությունը դժվարությունների առաջ կանգնել: «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կանգնի միակ հայկական փոխադրող ընկերության կողքին: «Էյր Արմենիա»-ն բարձր մակարդակի սպասարկում էր իրականացնում, եւ չպետք է թույլ տալ, որ նա դաշտից դուրս մնա»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄԵԾ ԾԱՎԱԼՈՎ
Այս տարի կարտոֆիլի արտահանման ծավալները կրկնապատկվել են։ Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 20 հազար տոննա կարտոֆիլ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9048 տոննայի դիմաց:
ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆԸ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն «անբարոյականություն է» համարել գործող ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանի գործելաոճը, ով քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ի հովանավորությամբ, բայց հիմա կանգնել է հարթակում՝ իշխանությունների հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի կողքին. «Ա՛յ, Հանրապետականին պետք է հարցնել, թե գո՞հ են նրա աշխատանքից, պահվածքից: «Բարգավաճին» էլ հարցրեք, բոլորին հարցրեք, տեսնենք՝ ինչ է սա, սրա արածը, պահվածքը, գործելաոճը… Իսկ ես նմանատիպ անբարոյականությունից չեմ հասկանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Ղուկասյանը:
ՁՐԻԱԿԵՐՆԵՐԸ
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի բյուջեի քննարկման ժամանակ զեկուցող ԱԱԽ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թանանյանից «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե այս տարի ԱԱԽ-ն քանի՞ նիստ է անցկացրել, եւ որքա՞ն են կազմում նիստերի համար հատկացվող ծախսերը: Թանանյանը պատասխանեց, որ 2 նիստ է եղել , աշխատակազմի պահպանման համար հաստիքացուցակով 94 հաստիք է նախատեսված, ներկայումս 74-ն են: Բացի աշխատավարձերից գումարները գնում են դիտարկումների, միջազգային միջոցառումների անցկացման վրա, իսկ ԱԱԾ 2015 թվականի բյուջեն կազմում է 470 միլիոն դրամ՝ 44 միլիոնով ավել նախորդ տարվա բյուջեից:
ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը փարիզյան հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը 2015թ.-ի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նիստի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: