ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արդեն որերորդ անգամ Հայաստանի հանրությունը ականատես է լինում, թե ինչպես են ՀՀ իշխանություններն այս կամ այն կործանարար օրենքն ընդունում, ուժի մեջ մտցնում, այնուհետեւ դրա դեմ բարձրացած բողոքի ալիքից հետո փոխում այն կամ ընդհանրապես կիրառությունից հանում:

Այսպես՝ միայն այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն արդեն իսկ ստիպված է եղել խոստովանել, որ երկու կարեւորագույն օրենքների ընդունման հարցում սխալվել է: Առաջինը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն էր, որի դրույթներից մեկը (կուտակային կենսաթոշակի պարտադիր լինելու մասին) այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Ի վերջո կառավարությունը ստիպված եղավ օրենքի փոփոխության նախագիծ ներկայացնել խորհրդարան: Այս պատմությունը դեռ չէր հասցրել ավարտվել, երբ փոքր եւ միջին ձեռներեցները դուրս եկան փողոց` բողոքելով «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխության դեմ: Նշված փոփոխությունը, ըստ որի՝ տնտեսվարողները պարտավոր են ամբողջությամբ փաստաթղթավորել իրենց շրջանառությունը, ուժի մեջ մտավ այս տարվա հոկտեմբերի 1-ից: Ի վերջո ՀՀ կառավարությունն այս անգամ էլ ընդունեց, որ «սխալվել» է: «Շրջանառության հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը դեռեւս խորհրդարանում է եւ նոր պետք է քննարկվի:
Այս խնդիրը դեռ չլուծված՝ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում, որոնցով նախատեսվում էր կրճատել աշխատող կանանց տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստները: Այս անգամ էլ կառավարության դեմ բողոքի ելան հղի կանայք եւ նորածինների մայրերը:
Թերեւս միայն Հայաստանի կառավարությունը կարող է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք հղի կանանց եւ նորածինների մայրերին կվնասեն՝ ստիպելով, որ այդ խավը եւս դուրս գա փողոց՝ իշխանությունների դեմ բողոքելու:
Եթե հետադարձ հայացք գցենք, կհիշենք նաեւ անհատ տաքսիների պատմությունը: Ընդամենը 6 տարի առաջ կառավարության առաջարկով փոխվեց անհատ տաքսիների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը` բարձրացվեցին պետական տուրքերի դրույքաչափերը, ինչպես նաեւ՝ տաքսիստներին պարտադրվեց հատուկ դեղին պետհամարանիշներ ձեռք բերել: Բողոքի ալիքի արդյունքում պետական տուրքերի դրույքաչափերը նվազեցվեցին, եւ մնաց միայն դեղին պետհամարանիշ ունենալու պարտադրանքը: Դեղին համարների պարտադիր լինելն էլ այս տարվա գարնանը վերացվեց: Արդյունքում ապացուցվեց, որ վեց տարի առաջ անհատ տաքսիների գործունեությունը կարգավորող օրենսդրությունում կատարված փոփոխությունները եւս անիմաստ էին:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունում ինչ-որ մարդիկ նստած մտածում են՝ էլ ինչ օրենք գրեն, որ Հայաստանի բնակչության մի մասին վնասեն, որպեսզի այդ մարդիկ էլ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն: Իրականում ոչ մի դավադրության հարց էլ չկա: Պարզապես անհրաժեշտ է գիտակցել, թե կառավարությունում նստածներն ինչ մտայնությամբ են օրենքների նախագծեր հեղինակում: Գործադիրի ներկայացուցիչները բոլորն առանձին-առանձին ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող մարդիկ են (այս դեպքում գործարար որակումը տեղին չէ, որովհետեւ պաշտոնյաները հարստացել եւ հարստանում են՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով): Նրանք իրենց պաշտոնավարման շրջանն ընկալում են որպես հարստանալու հերթական փուլ: Պաշտոնյան գիտակցում է, որ որքան բարձր է իր պաշտոնը, այնքան ավելի շատ հարստանալու հնարավորություն պետք է ինքն ունենա: Օրենքների նախագծերը հենց այս մտայնությամբ էլ գրվում են:
Այսինքն՝ կառավարությունում նստածները օրենք գրելիս իրենց առաջ մեկ խնդիր են դնում՝ ինչպես անեն, որ հերթական միլիոնն ավելացնեն իրենց բանկային հաշվին: Բայց քանի որ Հայաստանում հնարավորությունները շատ սահմանափակ են, իսկ ֆինանսների աղբյուրները՝ վաղուց բաշխված, նորերը ստեղծելու համար չինովնիկ-ֆինանսիստները ստիպված են մեծ թվով մարդկանց շահերին վնասող օրենքների նախագծեր մշակել: Եթե ստացվում է, որ բողոքի մեծ ալիք չի բարձրանում, ապա համարում են, որ «գործը կպել է»: Իսկ երբ տեսնում են, որ բողոքի ալիքը մեծ է եւ գնալով ընդլայնվում է, կառավարությունն ընդունում է իր սխալը, եւ, օրինակ, ՀՀ վարչապետը հայտարարությամբ է հանդես գալիս եւ հրահանգում՝ փոխել օրենքը:
Մինչդեռ նորմալ, ժողովրդավարական երկրում գրված սխալ օրենքների համար առնվազն պատասխանատվության պետք է ենթարկվեին պաշտոնյաները:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ

ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ
Նախօրեին Հայաստանի տեղեկատվական, հեռահաղորդակցական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունները, ի դեմս ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, հաղորդագրություն էր տարածել՝ դժգոհելով Հայաստանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության գործունեությունից: «Մեզ համար անհայտ պատճառներով վերջին շրջանում ԱՄՆ հյուպատոսական ծառայության քմահաճության հետեւանքով մենք ԱՄՆ մուտքի արտոնագիր չենք ստանում: Հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ դրական պատասխան ստանալու նպատակով ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ հյուպատոսական ծառայությանը ստիպված են դիմել 3 անգամ, որը ոչ միայն նյութական լրացուցիչ ծախս է ենթադրում (յուրաքանչյուր դիմումի արժեքը 160 $), այլեւ անտեղի վատնվում է մասնագետների թանկարժեք աշխատաժամանակը»,- գրել էին ՏՏ մասնագետները:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի եւ լրատավության վարչությունից պարզել, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել: «ԱՄՆ դեսպանատունը հանդիպում է ունեցել ՏՏ համայնքի ղեկավար անձանց հետ՝ պարզաբանելու վիզաներին վերաբերող ամերիկյան օրենսդրությունը, եւ մենք պատրաստ ենք շարունակելու այդ երկխոսությունը: Մենք գիտակցում ենք ՏՏ ոլորտի կարեւորությունը Հայաստանում եւ կշարունակենք նպաստել ոլորտի զարգացմանը՝ միաժամանակ հետեւողական լինելով ԱՄՆ վիզաների տրամադրման սահմանված կարգերին»,-հայտարարեցին լրատվության ծառայությունից:

 

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ
Ինչո՞ւ հրաժարական տվեց ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարար եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Այս հարցի պատասխանը մինչ օրս չի հնչել: Նույնիսկ Գեւորգյանն իր տված հարցազրույցում չբացեց չակերտները: Սակայն նրա նոր աշխատանքն արդեն իսկ հուշում է, թե ում պատճառով է նա հրաժարական ներկայացրել: Երեկ հայտնի դարձավ, որ Գեւորգյանը նշանակվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի «IDeA» հիմնադրամի ղեկավար: Հայտնի է, որ Վարդանյանը լարված հարաբերություններ ունի ՀՀ ֆինանսների նախարարի հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդանյանը մի քանի անգամ բաց տեքստով Սերժ Սարգսյանին ասել է, որ քանի դեռ հարկային եւ մաքսային ոլորտները վերահսկողը նաեւ խոշոր գործարար է, տնտեսությունը չի կարող զարգանալ:

 

ԱՌԱՆՑ ԶԵՂՈՒՄՆԵՐԻ
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եւ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հարաբերությունների լարվածության եւ դրա վերջին դրսեւորման՝ քննչական կոմիտեի աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցելու հետ կապված հարցերին արձագանքելով` երեկ Գեւորգ Կոստանյանն ասել է. «Ինձ համար, անկեղծ ասած, ե՛ւ անընդունելի է, ե՛ւ զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումն անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական որոշակի զեղումներով եւ դրդումներով»:

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ
Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով երիտասարդ դասախոսներին նպատակային սոցիալական վճարից ազատելու հարցին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պաշտպանել է դասախոսներին. «Իրականում սա սպառնալիք է ու մարտահրավեր բուհական կադրերի երիտասարդացման հարցին, քանի որ մասնավոր հատվածի հետ ունեցած կապերի հարցն է վտանգի տակ դրվում, ինչպես նաեւ` աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների արդիականացման հարցը: Ես խոսել եմ նաեւ մի շարք կազմակերպությունների հետ, նրանք էլ են սպասում խնդրի լուծմանը, քանի որ այն մասնագետները, որոնք իրենց մոտ են աշխատում ու զուգահեռ դասավանդում էին բուհերում, հիմա պատրաստ են վերադառնալ բուհեր, եթե խնդիրը լուծվի, ես հուսով եմ, որ այն լուծում կստանա»:

 

ՀՈՒԶՎԵԼ Է
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նա շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը»,- գրել է Ս. Սարգսյանը:

 

ՈՉ ՄԻ ՓՈԽԶԻՋՈՒՄ
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, թե Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու հարցում հաջողվել է փոխզիջման հասնել: Թե ինչ փոխզիջման մասին է խոսքը, երեկ ԱԺ-ում պարզաբանել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լրագրողների հարցին. «Որեւէ փոխզիջում չի եղել: Եղել է հետեւյալը՝ Նազարբաեւի կողմից բարձրացվել է հետեւյալ հարցը, թե Հայաստանը Ղարաբաղի հե՞տ է անդամակցելու ԵՏՄ-ին, թե՞ ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք ՀՀ անկախությունից ի վեր ունեցած մեր դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղը չի կազմում Հայաստանի տարածքի մաս»: Քոչարյանը նաեւ վստահեցրել է, որ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, եւ այդպիսի պահանջ չկա:

 

ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍԵՐ
ՀՀ արտաքին հարաբերությունների ֆինանսավորման համար հաջորդ տարի կհատկացվի 12 մլրդ 593 մլն դրամ, որը 1.4 մլրդ դրամով ավել է 2014թ. ֆինանսավորումից: Այս մասին 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նա նշել է, որ հաջորդ տարի ձեռք է բերվելու ներկայացուցչական մեկ մեքենա ու մեկ միկրոավտոբուս, բացի այդ` թանկացել են ավիատոմսերն ու միջազգային կառույցների անդամակցության վճարները:

 

ԿԱՐՈՂ Է՝ ՓՈՇՄԱՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Վարչապետը կարեւորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը: Երկուստեք հաջողված եւ արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բարձր է գնահատվել ծավալված համագործակցությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ, ցավոք, ոչինչ նշված չէ այն մասին՝ արդյոք ԱՄՆ կատարած այցից հետո ՀՀ կառավարության ղեկավարը փոխել է իր դիրքորոշումը Որոտանի ՀԷԿ-ը ամերիկյան ընկերությանը վաճառելու հարցում:

 




Լրահոս