ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱ ԲՌՆԻ ՈՒԺՈՎ ՓԱՅ ՄՏՆԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Ներկայացնում ենք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Zham.am-ին:
-Պարո՛ն Ծառուկյան, ինչպիսի՞ն են Ձեր հետեւությունները հոկտեմբերի 24-ի հանրահավաքից:
-Երբ Ազատության հրապարակը, շրջակայքի փողոցներն ու այգիները լեփ-լեցուն են համախմբված եւ վճռական տրամադրված տասնյակ հազարավոր մարդկանցով, երբ մարդիկ հարյուր-հազարներով հեռուստացույցի մոտ անհամբեր հետեւում են իրադարձություններին, ապա հետեւություն պետք է անեմ ոչ թե ես, այլ իշխանությունը: Ես ընդամենն արձանագրում եմ, որ երկրում կան լրջագույն դժգոհություններ, ընդ որում՝ բոլոր սոցիալական խավերում: Ձեւավորվել է համաժողովրդական շարժում, եւ խնդիր է դրված այդ շարժմանը տալ կառուցվածքային եւ կազմակերպական լուծումներ: Միայն այդպես է հնարավոր դժգոհությունները վերածել կոնկրետ արմատական փոփոխությունների:
-Դառնանք Ձեր ելույթին. որո՞նք էին դրա հիմնական ուղերձները, եւ ո՞ւմ էր այն ուղղված առաջին հերթին:
-Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Երեւանի կենտրոնը հեղեղած, հանրահավաքի դուրս եկած իմ բազմահազար հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր տեսակետները, բայց առայժմ իրենց տներից եւ աշխատավայրերից էին հետեւում հանրահավաքին, նրանց, ովքեր վերջին տարիներին ծանր պայմաններից դրդված՝ լքել են Հայաստանը, նրանց, ովքեր դեմ են այսօրվա իրականությանը, նրանց, ովքեր անտարբեր չեն մեր երկրի ապագայի հանդեպ: Եվ որպեսզի մենք կարողանանք ավելի համոզիչ լինել, քննադատելուց եւ իրավիճակը գնահատելուց բացի՝ պետք է հստակ ներկայացնենք, թե ինչ ենք առաջարկում եւ ինչ ենք անելու առաջիկայում:
Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ եւ խորքային լուծումներ: Ոչ ոք այլեւս չի հավատում դատարկ խոստումներին եւ հավաստիացումներին: Եթե այս անորոշության եւ հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու սրա հետեւանքները:
-Երբ Դուք ասում եք՝ մեզ անհրաժեշտ են նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն, ի՞նչ է թաքնված այդ ձեւակերպման տակ:
-Ես հարցը կբաժանեմ երկու մասի. զուտ քաղաքական առումով պետք է կոտրել քաղաքական մենաշնորհը, սա միանշանակ բերում է տապալումների եւ հետընթացի: Իսկ տնտեսական մասով պետք է գնալ այնպիսի քայլերի, որոնք շատ արագ կաշխուժացնեն տնտեսությունը եւ կփոխեն երկրում ընդհանուր մթնոլորտը: Ես շատ լավ պատկերացնում եմ այդ քայլերը եւ հանգիստ կարող եմ թվել դրանք: Օրինակ՝ Հայաստանում փոքր բիզնեսը պետք է մի քանի տարով ազատվի բոլոր հարկերից: Իշխանության որեւէ ներկայացուցիչ չպետք է իրավունք ունենա մտնելու սեփական քրտինքով տուն պահող մարդու հիմնարկ` նրանից որեւէ բան պահանջելու:
Հաջորդը՝ միջին բիզնեսի համար պետք է ստեղծվեն բացառիկ հնարավորություններ, որպեսզի այդ խավը կարճ ժամանակում կարողանա շտկել իր դրությունը, դուրս գա ճգնաժամից եւ գնա զարգացման ճանապարհով: Սա կնշանակի նոր աշխատատեղեր եւ տնտեսության աշխուժացում:
Հայաստանում մեկընդմիշտ պետք է վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: Ոչ ոք Հայաստանում այլեւս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում:
Հայաստանում մենաշնորհներ չպե՛տք է լինեն: Եվ եթե նույնիսկ մեր երկիրը փոքր է, միեւնույն է՝ բոլոր ապրանքատեսակները պետք է կարողանան ներկրել թե՛ 10, թե՛ 20 հոգի, այնքան, որքան շուկան թույլ կտա:
Հայաստանի Հանրապետությունը նորից պետք է դառնա արդյունաբերական երկիր: Յուրաքանչյուր մարզում պետք է ձեւավորել առնվազն մեկ արդյունաբերական գոտի` համապատասխան հարկային եւ այլ արտոնություններով:
Հայաստանը պետք է դառնա նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների երկիր:
Ի վերջո, Հայաստանը պետք է դառնա վերջնական արտադրանքի թողարկման երկիր, այլ ոչ թե ընդամենը հումք կամ կիսաֆաբրիկատ արտահանող:
Հայաստանի տնտեսությանն այսօր օդի ու ջրի պես անհրաժեշտ են խոշոր օտարերկրյա ներդրումներ: Ինչո՞ւ չկան այդ ներդրումները: Որովհետեւ չկա վստահություն, չկան երաշխիքներ, չկան ծրագրեր: Ահա՛ թե ինչն ենք մենք ուզում փոխել:
Սրանք քայլեր են, որոնք էապես կփոխեն բիզնես միջավայրը մեր երկրում: Ես եւ իմ գործընկերները սա՛ ենք առաջարկում հանրությանը եւ համընդհանուր համախմբումը պատկերացնում ենք ոչ թե մեր անձերի, այլ այս եւ մի շարք այլ կարեւորագույն դրույթների շուրջ:
-Թերեւս առաջին անգամ հեղափոխական հարթակից հնչեցին հստակ ուղերձներ՝ ուղղված պետական համակարգին: Շատերն են սա արձանագրել: Ինչո՞ւ է դա Ձեզ համար կարեւոր:
-Ես ուզում եմ կրկնել եւ հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա: Պետական կառավարման համակարգում ճնշող մեծամասնություն են կազմում պարկեշտ եւ գրագետ մարդիկ, ովքեր համապատասխան պայմանների եւ իրենց առաջ դրվող ճիշտ խնդիրների դեպքում կարող են աշխատել մեծ արդյունավետությամբ: Քաղաքական հայացքները չպետք է անդրադառնան մարդու աշխատանքային, սոցիալական պաշտպանվածության վրա:
-Դուք կարեւորեցիք նաեւ սփյուռքի համայնքների մասնակցությունը ներհայաստանյան կյանքին: Դուք տեսնո՞ւմ եք իրական կյանքում դրա մեխանիզմները:
-Ես այսօր նույնպես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների պատասխանատուներին: Պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի իրական ներուժը պետք է վերջապես կարողանանք օգտագործել: Սփյուռքին չպետք է նայել որպես փող մուրալու կամ «գցելու», այլ հավասարը հավասարի հետ համագործակցելու հզոր մի ներուժի: Ես սփյուռքի մեր համայնքների ղեկավարների եւ հեղինակավոր գործիչներից շատերի հետ քննարկել եմ այս հարցերը, նրանք խնդրին լավ ծանոթ են ու մտահոգ: Նրանք ամեն օր կատարում են շատ կարեւոր ու պատասխանատու աշխատանք: Ես այժմ առաջարկում եմ միասին աշխատել, համախմբել մեր բոլորի ջանքերը՝ նոր մոտեցումներով ու նոր մեխանիզմներով: Ես իրոք պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:
-Ո՞րն է, ըստ Ձեզ, մեր տնտեսության ամենացավոտ կետը, ո՞րն է առավել անհետաձգելի լուծումներ պահանջում:
-Դրանք շատ են, բայց թույլ տվեք հատկապես առանձնացնել գյուղի եւ գյուղատնտեսության խնդիրները: Գյուղի հանդեպ հոգատար լինել չի նշանակում թանկ կոստյումներով մի քանի ժամով գնալ գյուղ եւ հետ դառնալ: Խնդիրները հստակ են` գյուղացուն պետք է օգնել սերմնացուով, վառելիքով, տեխնիկայով, դեղերով: Գյուղացուն պետք է օգնել իրացնել իր բերքը, իր աշխատանքի արդյունքը: Պետք է օգնել բանկերի տոկոսներից ազատել իր տունն ու հողը, գյուղացուն պետք է ապահովագրել բնական աղետների հետեւանքներից: Ինձ համար Հայաստանը սկսվում է ամենահեռավոր սահմանամերձ գյուղերից: Յուրաքանչյուր գյուղի համար պետք է պայքարել, եւ պետությունը դրա համար պետք է ունենա ե՛ւ գումար, ե՛ւ ծրագիր: Այլ մոտեցում ինձ համար անընդունելի է:
-Հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավարտվեց: Կյանքը մտավ բնականոն հուն՝ նույն խնդիրներով, նույն մթնոլորտում: Որո՞նք են Ձեր եւ Ձեր քաղաքական գործընկերների հաջորդ քայլերը:
-Ես համամիտ չեմ այդ ձեւակերպման հետ: Հոկտեմբերի 24-ից հետո մթնոլորտը փոխվել է: Վստահ եմ՝ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը, եւ հուսով եմ՝ հասկացան, որ հին մեթոդներն ու քայլերն իրենց արագորեն տանելու են փակուղի: Ժողովուրդը բարձրաձայնեց փոփոխությունների պահանջը: Փոփոխություններ բոլո՛ր առումներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, երկրի մթնոլորտի: Ինչո՞ւ չէ՝ մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով եւ նոր քաղաքական ուժերով իշխանություն: Համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, եւ, ընդհանրապես, առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու: Զուտ վերարտադրության համար սահմանադրական փոփոխություններ անել, այսինքն՝ նույն դեմքերով ու նույն մեթոդներով եւս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու: Դա ոչ թե իմ եւ քաղաքական ուժերի տեսակետն է, նույնիսկ ոչ թե ժողովրդի պահանջն է, այլ բնության օրենքն է: Նման տապալումների եւ հետընթացի պարագայում ամբողջ աշխարհում իշխանությունները փոխվում են, ոչ թե վերարտադրվում: Մենք իրոք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխությանը:
-Ե՞րբ է սկսվելու ողջ երկրով մեկ համազգային շարժման շտաբների ձեւավորումը, ինչի մասին Դուք հայտարարեցիք:
-Ես հանրահավաքում հայտարարեցի, որ այսօրվանից սկսվում է, հետեւաբար դրանց ձեւավորումը սկսվել է հոկտեմբերի 24-ից: Բոլոր քայլերը մենք համաձայնեցնելու ենք ոչ իշխանական ուժերի՝ եռյակի հետ: Մենք խորհրդակցելու ենք մեզ համախոհ արտախորհրդարանական կուսակցությունների հետ, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների ներկայացուցիչների հետ: Նրանց ակտիվորեն ներգրավելու ենք այդ գործին: Դրանք դառնալու են բոլորի ընդհանուր գրասենյակները, որտեղ լինելու են քննարկումներ, կայացվելու են որոշումներ: Այս գրասենյակները լինելու են միմյանց եւ երեւանյան կենտրոնի հետ մշտական կապի մեջ: Ես ենթադրում եմ, որ կլինեն միասնական քաղաքական եւ կազմակերպչական կենտրոններ, եւ ամենակարեւորը՝ այդ գրասենյակները պետք է լինեն ոչ թե բյուրոկրատական, այլ կենդանի հիմնարկներ, որտեղ ցանկացած քաղաքացի ցանկացած պահի կարող է մտնել իրեն հուզող հարցով, ներկայացնել իր կարծիքն ու տեսակետը եւ անհրաժեշտության դեպքում ստանալ խորհրդատվություն եւ աջակցություն:
Եվ վերջապես, այդ գրասենյակները թույլ կտան ճիշտ պահին, ճիշտ օրը կազմակերպել միաժամանակյա խոշոր հանրահավաքներ ոչ միայն Երեւանի Ազատության հրապարակում, այլեւ բոլոր մարզկենտրոններում եւ խոշոր բնակավայրերում: Դա անել այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի կամքն իրականություն չի դարձել:
-Պարո՛ն Ծառուկյան, նույնիսկ Ձեր ընդդիմախոսներից շատերն են ընդունում, որ այս շտաբների ձեւավորման գաղափարն իրոք գրագետ եւ ճիշտ հաշվարկված քայլ էր: Բայց լինենք անկեղծ՝ որոշ մարդիկ՝ տարբեր շրջանակներից, ասում են, որ Դուք չեք գնա մինչեւ վերջ, եւ կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ եւ Ձեզ կաշկանդող հանգամանքներ:
-Ես տեղյակ եմ, ես գիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ եւ ո՛ր շրջանակների պատվերն են կատարում: Այս ձեռագիրը նորություն չէ: Բայց եկեք մի փոքր հետ նայենք: Ես դեռեւս 2009-ին էի ասում, որ տնտեսական քաղաքականության մեջ կոպիտ սխալներ կան: 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով մոտ կես միլիոն ձայն, «Բարգավաճ Հայաստանը» հրաժարվեց մաս կազմել իշխանական կոալիցիային: Դա իմ սկզբունքային եւ, վստահաբար կարող եմ ասել, ամենաճիշտ որոշումներից մեկն էր: Մեզ առաջարկվում էին բազմաթիվ պաշտոններ, բայց ոչ սեփական ծրագրերով եւ մոտեցումներով երկրում իրավիճակ փոխելու հնարավորություն: Ես այն ժամանակ հայտարարեցի, որ իմ խնդիրը պաշտոնները չեն: Իմ խնդիրը պետությանը եւ ժողովրդին օգտակար լինելն է: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ես ասացի, որ ոմանք ինձ հարցնում են, թե՝ Ծառուկյա՛ն, քո ինչի՞ն է պետք: Իրոք, ինձ անձամբ ինչո՞ւ է պետք:
Ինքնահաստատվելո՞ւ, փառքի՞, փող աշխատելու համա՞ր: Ի՞նչ մասնավոր խնդիր եմ ես լուծում: Ո՛չ մի: Բայց ես չեմ կարող լինել անտարբեր, երբ իմ աչքի առաջ Հայաստանը թուլանում է, ժողովուրդը հուսալքվում, օր օրի հազարավոր մարդկանց բարեկեցությունն ընկնում է, փոքր ու միջին բիզնեսը բառիս բուն իմաստով ոչնչանում է, եւ երկիրը կանգնում է անդառնալի կորուստների առաջ: Ես այդ մարդը չեմ: Այնպես որ, այդ հեքիաթը վաղուց արդեն սպառվել է, թե մինչեւ ո՞ւր կգնա Ծառուկյանը: Ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչեւ Հայաստանում իրավիճակը փոխվի: Մինչեւ մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչեւ տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչեւ Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների եւ համախոհների հզոր բանակ եւ, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն: