Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն ահազանգեց «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը՝ Ռոզա Սարդարյանը, և հայտնեց, որ որդին քիչ առաջ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գամել է ոտքերը:
Դատապարտյալի մոր հաղորդմամբ՝ ինքը, մյուս որդին և ամուսինն այսօր այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»՝ որդու հետ տեսակցություն ունենալու ակնկալիքով: Ավելի քան 3 ժամ սպասելուց հետո, ՔԿՀ աշխատակիցները հայտնել են, որ հանդիպում չի կարող լինել, քանի որ պետն արգելել է:
«Քրեակատարողականի պետը մեզ ասել էր, որ երբ Արթուրի հայրը դուրս գրվի Էրեբունու վերակենդանացման բաժանմունքից, մենք կարող ենք Արթուրին տեսակցել այստեղ, սակայն գնացինք, ու մեզ արգելեցին հանդիպել: Տղաս էլ, անմիջապես մեր հեռանալուց հետո, մեխել է ոտքերը ու սպառնում է, որ չի հանի, մինչև նախարար Հովհաննես Մանուկյանն ու պետ Արամ Խաչատրյանը նրան տեսակցության չգնան»,- հուսահատված պատմեց դատապարտյալի մայրը:
Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հաստատեց այս լուրը՝ հավելելով, որ դատապարտյալի կողմից նման քայլի դիմելն արդեն մեկ տասնյակից անցնում է, և նա ինքնավնասման հակում ունի: