ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒՐՋ, ԾԱՆՐԱԿՇԻՌ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ

Ուրբաթ օրը կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ կադրային հարցեր չեն քննարկվել, չնայած այն բանին, որ արդեն տեւական ժամանակ է` Հայաստանի պետական համակարգում 4 կարեւորագույն պաշտոն թափուր է: Նկատենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի արդեն 3-րդ նիստն է անցկացվում, սակայն ՀՀԿ-ականները կարծես թե չեն շտապում հասարակությանը տեղեկացնել, թե ի վերջո ո՞վ է լինելու ՀՀ փոխվարչապետը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարը: ՀՀԿ-ում չեն շտապում նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզպետի թափուր մնացած պաշտոնում նշանակում կատարելու հարցում, դե, իսկ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդն արդեն վեց ամիս է, ինչ քարտուղար չունի: ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի` ընդդիմադիր «դառնալուց» եւ այդ պաշտոնից հրաժարվելուց հետո Սերժ Սարգսյանն այդպես էլ որեւէ մեկին չի նշանակում:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն այդ պաշտոններում նշանակումներ չի կատարում:
-Պարո՛ն Սահակյան, Հայաստանում այսօրվա դրությամբ 4 կարեւոր գերատեսչություն ղեկավար չունի, քանի որ ՀՀԿ-ն այդ պաշտոններում նշանակումներ չի կատարում: Ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ են ամիսներ շարունակ այդ պաշտոնները թափուր մնում:
-Ես, որպես Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կարող եմ ասել, որ այդ հարցը քաղաքական խորհրդում չի քննարկվել: Ես կարծում եմ, որ այդ պաշտոններում չպետք է հապշտապ, շատ արագ նշանակումներ կատարվեն, քանի որ դրանք շատ լուրջ պաշտոններ են: Դա իմ անձնական տեսակետն է: Միգուցե նաեւ, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն կատարել, դա է պատճառը, որ այսքան երկար է տեւում պրոցեսը, քանի որ իսկապես` նախքան նման պաշտոններին նշանակելը, անհրաժեշտ է լուրջ քննարկումներ իրականացնել, այնուհետեւ՝ նշանակել: Բայց թե ինչու նշանակված չէ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ դա իմ լիազորություններից դուրս է:
-Բայց ստացվում է, որ ՀՀ իշխանությունները լուրջ չեն վերաբերում այն պաշտոններին, որոնք այսօրվա դրությամբ թափուր են, ստացվում է, որ այսքան ժամանակ այդ գերատեսչությունները գործում են առանց ղեկավարի:
-Ես չեմ կարծում, որ այդ հիմնավորումը կամ այդ փաստարկը տեղին է, կամ ճիշտ է, որովհետեւ եթե որեւէ պաշտոն ավելորդություն լիներ կամ ծանրաբեռնված չլիներ իր գործառույթներով, իրականում գոյություն չէր ունենա նման պաշտոն ու նաեւ պահանջ` այդ պաշտոնում նշանակում կատարելու շուրջ: Ես կարծում եմ, որ այդ խնդրին պետք է ավելի լուրջ մոտենալ, մեկնաբանություններն ու պատճառաբանություններն ավելի լուրջ հնչեցնել կամ փորձել մեկնաբանել այդ խնդիրը: Կարծում եմ՝ Ձեր կողմից նշված բոլոր պաշտոններն էլ շատ կարեւոր են, կարեւոր են երկրի համար, տվյալ տարածաշրջանի համար: Պետք է լուրջ, ծանրակշիռ որոշում կայացվի, այսինքն` ծանր ու թեթեւ արվի, տարբեր կողմերից դիտարկվի, նոր որոշում կայացվի:
-Իսկ հնարավո՞ր է այդքան երկար քննարկման, կամ Ձեր բնորոշմամբ` ծանր ու թեթեւ անելու պատճառն այն է, որ ՀՀԿ-ն կադրերի խնդիր ունի, ինչի համար էլ չի կարողանում նշանակումներ կատարել:
-Չեմ կարծում, որ այստեղ խնդիրը կադրերի բացակայության մեջ է, կադրեր չունենալու հետ կապված` խնդիր գոյություն չունի:
-Բայց ազգային անվտանգության խորհուրդը շուրջ 6 ամիս է՝ ղեկավար չունի, եթե, ինչպես նշում եք, ՀՀԿ-ի համար թափուր մնացած բոլոր պաշտոնները կարեւոր են, այդ դեպքում որն է պատճառը, որ արդեն վեց ամիս է` ՀՀԿ-ն չի կարողանում ԱԱԽՔ քարտուղար նշանակել:
-Ցանկացած հարցի, խնդրի պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենալ: Ես հասկանում եմ, որ քաղաքական դաշտում, լրագրողական դաշտում նաեւ որոշակի սենսացիա կամ լրագրողական հնարք ստեղծելու խնդիր կա, նաեւ քաղաքական հնարք է, քանի որ մեր օպոնենտները փորձում են այդ ելակետից դիրքորոշում ներկայացնել: Ես չեմ կարծում, որ դա կապված է անվտանգության խորհրդի քարտուղարի հետ… մենք բազմիցս մեր տեսակետը նշել ենք ու այժմ էլ այդ տեսակետին ենք, որ հատկապես Ձեր կողմից նշված անվտանգության խորհուրդը եւ խորհրդի քարտուղարի աշխատանքը… դա բավականին լուրջ, ռազմավարական նշանակություն, գործառույթ ունեցող մի մարմին է, որտեղ նաեւ նշանակում կատարելուց առաջ ծանրակշիռ որոշում պետք է կայացվի:
-Ստացվում է, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը միակ ծանրակշիռ մա՞րդն էր, որը, փաստորեն, անփոխարինելի է այդ պաշտոնում:
-Անձամբ ես բարձր եմ գնահատում բոլոր այն պաշտոնյաններին, որոնք իրենց իրավասությունների շրջանակում իրենց պատկերացրածի եւ իրենց ուժերի ներածին չափով փորձել են օգնել մեր պետությանը, մեր երկրին: Այսքանը:
Հ. Գ. Երեկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 5-ին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻՑ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստի օրակարգում ընդգրկված էին «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներն ու ծախսերը` գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի եւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ 2015 թվականի բյուջետային հատկացումների շուրջ:
-Տիկ՛ին Պողոսյան, 2015 թվականի բյուջետային հատկացումներից գո՞հ եք:
-Գոհ ենք եւ 2015 թվականի՝ մեզ հատկացված բյուջեն նպատակային կուղղենք այն ծրագրային ուղղություններին, որոնք նշել ենք որպես գերակա:
-Որո՞նք են գերակա ուղղությունները:
-Դրանք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանության ծրագրերին, թատերական ոլորտին, նյութատեխնիկական բազայի հատկացումներին եւ դրանց արդիականացմանը: Պետք է ներմուծենք նոր մշակութային ծրագիր. սահմանապահ համայնքների երեխաների համար նպատակային նախագծերի իրականացում, որոնց մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրվի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը եւս գոհ է այս տարվա բյուջեի հատկացումներից:
-Պարո՛ն Ղազարյան, 2015 թվականի բյուջեի հատկացումներից գո՞հ եք:
-Ընդհանուր առմամբ այս տարվա բյուջեի հատկացումներից գոհ եմ, ամեն դեպքում որեւէ ակնհայտ դժգոհություն չկա: Ավելացել է մի շատ լավ ծրագիր. ֆինանսավորվելու են մեր բոլոր ֆեդերացիաները, մարզադպրոցները, նոր մարզագույք ենք ձեռք բերելու:

Իսկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց առ այն, որ սփյուռքն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքներից գոհ է:
-Տիկի՛ն Հակոբյան, գո՞հ եք սփյուռքի նախարարությանը տրամադրված գումարներից:
-Գումարներն առաջին օրվա (նախարարության Լ.Ս.) ստեղծումից սկսած քառապատկվել են: Մեր ծրագրերը մշտապես ավելանում են, ոչ թե քչանում:
Կարող եմ ասել, որ մեր ՕԳԳ-ն գնահատում են հենց սփյուռքահայերը: Բոլոր սփյուռքահայերը գոհ են: Որեւէ մեկը չի դժգոհում, չի վիրավորվում, չի նեղանում եւ չի գտնում, որ մեր ծրագրերը տեղին չեն եւ չեն ծառայում իրենց նպատակին: Մեր ծրագրերի ե՛ւ աշխարհագրությունն է ընդլայնվում, ե՛ւ թվաքանակն է շատանում: Իսկ այդ ցուցանիշները խոսում են այն մասին, որ մենք ճշգրիտ ենք իրականացնում սփյուռքի հետ աշխատանքը:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՉԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
Երեկ «Ազատամարտի նվիրյալներ» հասարակական կազմակերպությունում նիստ է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ազատամարտիկներն ի սկզբանե նախատեսել էին երեկվա նիստի ընթացքում հաստատել իրենց վարչության կազմը: Սակայն նիստը երկար չի տեւել, եւ որեւէ որոշում չի կայացվել: Բանն այն է, որ երեկվա նիստին ներկա չի եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը: Նրանից բացի՝ մի շարք այլ ազատամարտիկներ եւս չեն ներկայացել նիստին: «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ վարչության կազմի հարցում որեւէ հստակություն չկա, իսկ լինելու դեպքում իրենք անպայման այդ մասին կհայտարարեն: Նշենք, որ ազատամարտիկները դեռեւս չեն կողմնորոշվում նաեւ ոչ իշխանական եռյակի կողքին լինել-չլինելու հարցում: Խնդիրն այն է, որ ազատամարտիկներն ավելի կտրուկ քայլեր են ակնկալում, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առայժմ չի շտապում որեւէ քայլ կատարել:

 

ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՆԱԿ ԷՐ
«Ժողովուրդ»-ի թղթակիցը նոյեմբերի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանում նկատել է, թե ինչպես է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միայնակ մեկնում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Զարմանալի է, որ պաշտպանության նախարարին, ով նաեւ պետական, ռազմական գաղտնիքների կրող է, որեւէ մեկը չի ուղեկցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարն այս օրերին գտնվում է կարճատեւ արձակուրդում եւ Ֆրանկֆուրտ է մեկնել անձնական խնդիրներով:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» ընկերության ենթակայության տակ գտնվող «Մուլտի ագրո» գիտաարտադրական ՍՊԸ-ն տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Նշենք, որ այս ընկերությունը ղեկավարում է անձամբ ԲՀԿ առաջնորդի մայրը` Ռոզա Ծառուկյանը: Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս այս տարվա հունիսի 10-ին «Մուլտի ագրո» ընկերության անունով Հայաստան են ներկրվել 86 կիլոգրամ քաշով մեղվաբուծության համար նախատեսված դեղեր: Սակայն ներկրված ապրանքի վերաբերյալ մաքսային հայտարարագրերը սահմանված ժամանակում չեն ներկայացվել: Արդյունքում՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 4 ամիս անց` հոկտեմբերի 23-ին, որոշել է տուգանել նշված ընկերության լիազոր ներկայացուցիչ Վազգեն Ազիզյանին հիսուն հազար դրամի չափով: Ի դեպ, մի քանի տարի առաջ հենց «Մուլտի ագրոյի» ներկրած մեղվի դեղերի շուրջ աղմուկ էր բարձրացել, քանի որ մեղվաբույծները բողոքում էին, որ դեղերն անհրաժեշտ արդյունքը չեն տվել, եւ մեղվի անկման դեպքեր էին արձանագրվել:

 

 




Լրահոս