Armlur.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա առավել կարևոր իրադարձությունները:
- ԱԺ 34 պատգամավորներ դիմել են ՍԴ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից 10 օրենքներում Ազգային ժողովի կողմից 2014թ-ի հունիսի 21-ի արտահերթ նստաշրջանում ընդունված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև վիճարկվող ակտերի հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Սահմանադրության 1, 3, 5, 6, 8, 14.1, 31, 34, 36, 37, 42, 42.1, 43, 44, 45, 48, 62, 75, 83.5, 89-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու մասին պահանջով: Նոյեմբերի 5-ին ՍԴ-ն հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը որպես վարույթ է ընդունել կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը: Քննարկումը նշանակվել է 2015թ-ի մարտի 31-ին՝ ժամը 11-ին: Այն կիրականացվի գրավոր ընթացակարգով:
- Նոյեմբերի 6-ի Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե որոշվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման նախարարությանը: Բացի այդ՝ նա նշել է, թե նախատեսվում է ստեղծել միջազգային ինտեգրման նախարարություն՝ կապված Եվրասիական տնտեսական միության հետ:
- Նույն օրը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ:
- Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ անցնող շաբաթվա սկզբին եղանակային կտրուկ փոփոխություններ եղան: Հանրապետության մի շարք շրջաններում անսպասելի տեղացած ձյունը փակել էր միջքաղաքային ավտոճանապարհներ և, որ ամենակարևորն է, գյուղացու բերքը մնացել էր ձյան տակ:
- Այս շաբաթվա սկզբին մեկնարկեց «Ստեփանավանի ԲԿ» ՓԲ ընկերությունում բժիշկների մասնագիտական անփույթ վերաբերմունքի պատճառով 2013 թվականին Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սամվել Էլոյանի մահվան դեպքով գործի դատաքննությունը: Ամբաստանյալի աթոռին է հայտնվել բժիշկ-վիրաբույժ-վնասվածքաբան Կարապետ Մհերյանն, ով Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:
- Իսկ քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով 1 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Պետրոսյանը նոյեմբերի 5-ին ազատ արձակվեց:
- Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում մահացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն, ով տառապում էր քաղցկեղով:
- Օրեր անց՝ նոյեմբերի 5-ին, 81 տարեկան հասակում կյանքից հեռացավ Վլադիմիր Մովսիսյանը, ով երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել թե խորհրդային տարիներին, թե նորանկախ Հայաստանում։ 2012 թվականից ի վեր ղեկավարում էր ՀՀ Նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:
- Իսկ Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանում, շարունակելով ադրբեջանական դիվերսանտների գործով դատաքննությունը, պարզվել է, որ դիվերսանտների մոտ առկա է եղել տեսագրությունը, որում նկարահանված է եղել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությունը: Այս հանգամանքը հաստատել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը: