ԲՆԱԿԻ՞ՉԸ ՔԱՆԴԵՑ ԻՐ ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի սկզբին մենք անդրադարձել էինք Մուշ-2 թաղամասի նորակառույցներից մեկում` 8-րդ շենքի 33 բնակարանում տեղի ունեցած փլուզմանը: Հիշեցնենք, որ փլվել էին  Լաուրա Դավթյանին պատկանող  բնակարանի խոհանոցի պատի որոշ հատվածներ, առաստաղը, ինչպես նաեւ ննջասենյակի եւ հյուրասենյակի դռներն էին տեղահան եղել: Շարունակվող փլուզումները բնակիչներին անհանգստանալու տեղիք էին տվել, եւ նրանք դիմել  էին լրատվամիջոցներին՝ դժոհելով անցած տարի շահագործման հանձնված բնակարանի որակից: Մենք նաեւ նշել էինք, որ նման խնդիր կա ոչ միայն հիշյալ բնակարանում: Նորակառույցներում ապրող շատ բնակիչներ են դժգոհում շենքերի որակից:
Կառուցապատող ընկերությունից՝ «Գլենդել հիլզ»-ից, այն ժամանակ արձագանքեցին, թե իրենք կասկածում են, որ առանց մարդկային միջամտության հնարավոր լինեին նման փլուզումներ եւ բազմաթիվ թերություններ մեկ բնակարանում: Խոսքը վերոհիշյալ հասցեի մասին է:  Կազմակերպության ներկայացուցիչ Միքայել Ներսիսյանը հայտնել էր, որ իրականացնելու են  անկախ փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ տեղի ունեցածը մարդկային միջամտության, թե շինարարական թերության արդյունք է:
Եւ ահա կառուցապատող կազմակերպությունից պաշտոնական պարզաբանում է ստացվել առ այն, որ փորձաքննությունն ավարտվել է, եւ պարզվել է, որ հիշյալ փլուզումը եղել է մարդկային ներգործության հետեւանք: «Համաձայն մասնագիտական եզրակացության՝ բնակարանի վնասը մարդկային ներգործության հետեւանք է: Բնակարանի պատերին առկա են մեխանիկական հարվածի բազմաթիվ հետքեր, գործիքով քանդված հատվածներ եւ այլն»,-նշված է «Գլենդել հիլզ»-ից ստացված պաշտոնական պարզաբանման մեջ: Բնակիչները, սակայն, պնդում են հակառակը՝ հավաստիացնելով, որ իրենք իրենց ձեռքով դիտավորյալ չեն քանդել բնակարանի պատերը, քանի որ դրա իմաստը չեն տեսնում: Բացի այդ, նշում են, որ կազմակերպությունը փորձաքննություն չի իրականացրել իրենց բնակարանում: «Համաձայն չենք դրա հետ, որովհետեւ ոչ մի բան չի եղել: Իրանցից ոչ ոք չի եկել, ոչինչ չեն վերցրել, փորձարկումներ չեն եղել, ո՛չ ստուգել են, ո՛չ էլ նայել են»,-փոխանցեցին բնակիչները:
Իսկ սեփականատեր Լաուրա Դավթյանը պնդեց հետեւյալը. «Միջնապատի մեջտեղը լիցք գոյություն չունի, դատարկություն է: Էնտեղ տեխնոլոգիայով պետք է լինեն պրովոդներ, շարքն անգամ ճիշտ չի շարված: Ես չգիտեմ՝ ով  պետք է  էդ տունը քանդեր: Կամ ինչո՞ւ, ի՞նչ դիտավորությամբ: Ի՞նչ սպասելիքներ կար իրենցից, որ էդ տունը պետք է քանդվեր»:
Նորակառույց թաղամասի բնակիչները «Գլենդել հիլզ»-ից պահանջում են իսկապես անկախ փորձաքննություն իրականացնել, հակառակ պարագայում խոստանում են չլռել եւ խնդիրը հետեւողականորեն բարձրաձայնել այնքան ժամանակ, մինչեւ այն ստանա համապատասխան լուծում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս