Շուրջ 5 տարի է, ինչ Նոյեմբերյան քաղաքում ընթանում է ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը: Կատարվող շինարարության պատճառով այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում: Նախկինում՝ մինչեւ վերակառուցման աշխատանքների մեկնարկը, այդ խաղադաշտում հանդիպումներ էր անցկացնում Հայաստանի առաջնությանը մասնակցող քաղաքի մանկապատանեկան թիմը: Սակայն անցած հինգ տարիներին թիմը «տան» հանդիպումները հարկադրված անցկացնում է Կողբի կամ Հաղթանակի մարզադաշտերում: 1990-ական թվականների կեսին այդ խաղադաշտում ելույթ էր ունենում Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող Նոյեմբերյանի «Ազնավուր» թիմը: Մինչ վերակառուցման աշխատանքների մեկնարկը, ամեն ուրբաթ այստեղ ընկերական հանդիպում էր անցկացնում նաեւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի թիմը:
Խաղադաշտի վերակառուցումը սկսվեց 2007 թվականի սեպտեմբերին, կառավարությունը հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրեց 896 միլիոն 772 հազար դրամ: Այդ գումարից Նոյեմբերյանի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման համար առաջին փուլում հատկացվեց 50 մլն դրամ: 48 մլն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Խաղադաշտը վեց մետր ընդլայնվեց, դրա եզրին կառուցվեց հենապատ եւ 27մ երկարությամբ ու 6մ լայնությամբ շինություն, որտեղ երկու փոքր մարզադահլիճ եւ թիմերի հանդերձարաններն են առանձնացվել: Կառույցի երրորդ հարկը բաց է` օթյակ, որպեսզի այդտեղից մարզական ղեկավարները եւ պատվավոր հյուրերը հետեւեն ֆուտբոլային մրցավեճերին: Խաղադաշտի խոտածածկույթի ոռոգման եւ ջրահեռացման նպատակով դաշտի տարածքում խողովակներ են տեղադրվել: Խաղադաշտի ներքեւի մասը ընդլայնվել է, որպեսզի այն համապատասխանի ֆուտբոլային մարզադաշտերի ընդունված չափերին, իսկ եզրային հատվածներում կառուցվել են հենապատեր:
Քանի որ մարզադաշտի վերակառուցումն Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվն էր սկսել, այդ կազմակերպությանն էլ հնարավորություն տրվեց շարունակելու եւ ավարտելու գործը: Մարզադաշտի վերակառուցման նպատակով 2007 թվականից մինչ այժմ մի քանի փուլով պետական բյուջեից հատկացվել է 165 միլիոն դրամ: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանից տեղեկացանք, որ հունիսին խաղադաշտում խոտ կցանվի, եւ դրանից 15-20 օր հետո մարզադաշտը շահագործման կհանձնվի:
Մարզադաշտը կգործարկվի, սակայն ի՞նչ մարզադաշտ առանց «տրիբունաների»: Ֆուտբոլային խաղն առանց մարզասերների նման է հարսանիքի առանց նվագի: Այլ երկրներում կարճ ժամկետում ժամանակակից խաղադաշտեր են կառուցում` տասնյակ հազարավոր նստատեղերով: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում մի փոքրիկ ֆուտբոլային մարզադաշտ վերակառուցելու (ոչ թե կառուցելու) համար մի հնգամյակ պահանջվեց: Վերակառուցման աշխատանքների ձգձգման պատճառները 2-ն էին՝ պետբյուջեից ոչ միանվագ, մաս-մաս ֆինանսավորումը, եւ այն, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանը տարածքային վեճ ուներ մարզադաշտի հարեւանությամբ տարածք ունեցող անհատ ձեռնարկատիրոջ հետ: Այդ վեճը, դատական գործընթացները խանգարում էին խաղադաշտի տարածքի ընդլայնման աշխատանքներին: Հարկ էր ծրագիրը հաստատելուց, շինարարական աշխատանքները սկսելուց առաջ Նոյեմբերյանում հանրային քննարկում կազմակերպել, արծարծել խնդրի հետ կապված բոլոր հանգամանքները: Ցանկացած շինարարություն, կառուցապատման ծրագիր վերջնարդյունք է ունենում, այս դեպքում, սակայն, արդյունքի, կառույցի ավարտուն տեսքի մասին խոսելն ավելորդ է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ