«ԵԿԵԼ ԵՄ՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՊՐԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ ՆԵՐՍԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԸ երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելուց հետո որոշում կայացրեց վերադառնալ հայրենիք ու ապրել այստեղ: Իսկ թե ինչու էր գնացել եւ ինչու է որոշել հետ գալ, այս եւ այլ հարցերի պատասխանները կիմանաք հարցազրույցից:
-Եկել եմ՝ հիմնական ապրելու, արդեն 3 տարի է՝ անընդմեջ ասում եմ, որ իմ էրեխեքը պետք է էստեղ ուսում ստանան, ապրեն: Երեք երեխա ունեմ: Աշխենս 24 տարեկան է, ամուսնացած է, Արաբոն 23 տարեկան է, իսկ փոքր աղջիկս` Անին, 19 տարեկան է: Տղաս հետս է, կինս ու փոքր աղջիկս դեռ Ամերիկայում են, դուստրս պետք է դասերը վերջացնի, գան, որ համալսարանն էստեղ շարունակի: Ես երբեք էլ չեմ լքել հայրենիքը, այլ հալածանքից եմ գնացել 1995 թվականին:
-Ո՞ւմ կողմից էր այդ հալածանքը:
-Պետության: Իմ ընտանիքի վրա արհավիրք է եղել պետության ճնշումով: Մեր ընտանիքը դաշնակցական է, եղբայրներիս՝ որպես դաշնակցականների, КГБ-ն տարել էր: Մեր ընտանիքին դաժան բան էր սպասվում, եղբայրներիս կորցրեցի: Չեմ իմանում՝ ինչ ձեւով կորցրեցի, բայց կորցրեցի: Այդ ամենից ազատվելու համար ես պարզապես մեկնեցի: Պետք է մի որոշ ժամանակով հեռանայի, բայց կրկին վերադառնալու նպատակով: Եւ որպեսզի այս տարիների ընթացքում ժամանակս իզուր չվատնեի, ԱՄՆ քաղաքացիություն վերցրեցի, ու գործս էլ էնպես է, որ տարբեր շրջագայությունների գնալու համար վիզայի կարիք ունեի: Կարեւորություն տվեցի, որ անպայման ամերիկյան անձնագիր ունենամ:
-Ինչո՞վ եք զբաղվել այսքան տարի ԱՄՆ-ում:
-Երգարվեստով, պրոպագանդել եմ ազգային երգը, իմ ոճը պահպանել եմ եւ աշխարհի բոլոր մասերում աշխատել եմ հայ համայնքների հետ:
-Ինչպե՞ս են դրսում ընդունում հայ արվեստագետին:
-Էնտեղ հայրենասեր խավը շատ է, եղեռնազարկ ժողովրդի թոռնիկներ են, երեխաներ են, նրանք հայ համայնքների մեջ միություն են կազմել, բոլորն էլ հայ ազգային երգի արժեքը հասկանում են:
-Արդյո՞ք այդ նույն չափով են հասկանում հայ ազգային երգի արժեքն այստեղ` հայրենիքում:
-Հայրենիքում միշտ են հասկացել, հայելու պես պարզ է՝ ով է հայրենասեր խավը, ով` ոչ: Դուք էլ եք այստեղ ապրում, հասկանում եք՝ ինչ եմ ասում: Մարդ կա՝ ազգային երգով է շարժվում, մտածում ժողովրդի սոցիալական վիճակի մասին, մարդ էլ կա՝ «Ջիփ»-երով է շարժվում ու մտածում իր աթոռի ու գրպանի մասին, դա նորություն չէ:
-Անհերքելի փաստ է, որ վերջին շրջանում արտագաղթը մեծ մասշտաբների է հասել: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են մարդիկ վերցնում իրենց ընտանիքներն ու հեռանում:
-Վերջին շրջանի արտագաղթի պատճառը մարդկանց սոցիալական վիճակն է, ապրելակերպը: Ժողովուրդը գործ չունի, աշխատատեղ չկա, մանավանդ գյուղերում, թե չէ մեր ժողովուրդն աշխատող է, մի բան կստեղծի:
-Դուք էլ հիմա եկել եք Հայաստան, բայց որքան գիտեմ, մշտական աշխատանք չունեք, ինչպե՞ս եք պատրաստվում ապրել: Միգուցե արդեն ինչ-որ բիզնե՞ս ունեք:
-Ես ոչ մի բիզնես չունեմ, ես ունեմ անուն եւ համբավ աշխարհում: Այն, ինչ Ամերիկայից էի աշխատում հայ համայնքների հետ, բոլոր կուսակցությունների, հայկական միությունների հետ, հիմա էլ նույն բանը պետք է կատարեմ այստեղից: Իմ աշխատանքն իմ երգն է լինելու: Բայց կրթությունս բարձրագույն է, եւ եթե առաջարկ լինի կրթությանս համաձայն որեւէ տեղ աշխատանքի ընդունվելու, չի բացառվում, որ աշխատեմ:
-Շատ անգամ ազգային երգն ու ռաբիս կլկլոցը կարծես միաձուլվում են, եւ դժվար է տարբերակելը: Երաժշտական կրթություն չունեցող մարդը ինչպե՞ս տարբերակի լավը վատից:
-Հետաքրքիր հարց եք տալիս: Ա՛յ երբ ադրբեջանական ու թուրքական կլկլոցներն են հնչում, արդեն տարբերակում են: Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են:
-Երբեմն սահմանն այդքան էլ հստակ գծված չէ:
-Հիմնականում ժողովրդի ինֆորմացիայի պակասից է: Եթերից պետք է հնչի այդ ինֆորմացիան, որ ժողովուրդը կարողանա տարբերակել: Խորհրդային տարիներին ոչ մի ռաբիս երգիչ չէր կարող եթերով հանդես գալ, բայց այսօր թացն ու չորը խառնվել են:
-Դեռ մի քանի տարի առաջ ռեստորանային երաժշտությունն այսքան չէր հնչում եթերից, իսկ հիմա մի ամբողջ հաղորդում կա` հատուկ այդպիսի երգերով:
-90-ականներից սկսվեց ազատությունը: Այդ տարիների «Զիլ» քշողը, ավազ կամ քար տեղափոխողն առանց կրթության դարձավ գեներալ ու նախարար, չափանիշները փոխվեցին:
-Դուք՝ որպես հայ ազգային երգի ջատագով, չե՞ք փորձել գոնե մի օր այդ եթերի պատասխանատուներին ասել՝ լավ, այս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք:
-Ասել եմ, բայց ինձ ասում են` մրցակցություն է ամեն հաղորդման մեջ, դրա համար շատ դեր չի խաղում՝ ասես, թե ոչ: Այսօր ովքեր մի թեթեւ ձայն ունեն, ռաբիս են կամ ուրիշ ոճի մեջ են երգում, հոր, քեռու կամ քավորի ֆինանսավորմամբ տեսահոլովակ են նկարում ու մտնում ցանկացած ալիք ու ծրագիր: Ցավոք, հիմա չափանիշները դրանք են: Իսկ նախկինում ազգային չափանիշները բնորոշող եւ պահող սկզբունքային տեսակ կար:
Ես իմ հերթին հայկական, ազգային երգս վերեւ կպահեմ ու ավելի կպրոպագանդեմ: Կարծում եմ՝ ինձ դա հաջողվել է, քանի որ անցած տարի մարզահամերգային համալիրում մի համերգ ունեցա` 13.000 հոգի էր եկել, դեռ 4.000-ն էլ եկան ու հետ գնացին:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս