«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենին կարտահանձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրենի՝ հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյի կողմից ֆինանսական չաշարահումներ թույլ տալու գործը նոր փուլ է թեւակոխում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բելառուսի Հանրապետությունում կալանավորված Վլադիմիր Սաչկովը՝ «ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենը, կարտահանձնվի Հայաստանի իրավապահներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները Բելառուսի Հանրապետության իրավապահներին մոտ մեկ ամիս առաջ ուղարկել են Վլադիմիր Սաչկովին ՀՀ իրավապահներին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչին բելոռուսական կողմը դրական է պատասխանել: Մեր տեղեկություններով՝ հայ իրավապահների խումբն օրերս կմեկնի Բելառուս` Վլադիմիր Սաչկովին Հայաստան տեղափոխելու համար:

«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրեն, պատասխանատու Վլադիմիր Սաչկովը Հայաստանում ունի պաշտպան` Հայկ Շահումյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Վլադիմիր Սաչկովին առաջիկայում կարտահանձնեն Հայաստանի իրավապահներին, սակայն տեղյակ չէր, թե դա կոնկրետ երբ տեղի կունենա: Հայկ Շահումյանը «Ժողովուրդ»-ի այլ հարցերին պատասխանելուց հրաժարվեց:
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենի հետ կապված այս պատմությունը հրապարակայնացվեց այս տարվա հունիսին: Իհարկե, պարզվեց, որ քրեական գործը, որի շրջանակներում Իգոր Կլիմկոն մեղադրվում է 10-15 միլիարդ դրամ յուրացնելու մեջ, դեռեւս այս տարվա փետրվարին է հարուցվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Ի դեպ, չնայած պաշտոնապես չի նշվում, թե ինչն է դարձել քրեական գործի հարուցման առիթը, սակայն մեր տեղեկություններով՝ խնդիրը բացահայտել է «ԱրմենՏելի» ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի նշանակվելուց հետո: Ըստ այդ լուրերի՝ Պյատախինը Հայաստան գալուց եւ իր ղեկավարմանը հաձնված ընկերության ֆինանսական փաստաթղթերին ծանոթանալուց հետո հայտնաբերել է, որ 2009-ից 2012 թվականներին արտերկրից «ԱրմենՏելի» միջոցով Հայաստան կատարված զանգերի դիմաց փոխանցված գումարների մի զգալի մասը բացակայում է, եւ դիմել է իրավապահներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրացված գումարների եւ յուրացման ժամկետների մասին կոնկրետ տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվում, կարելի է ենթադրել, որ գործընթացը սկսվել է 2009-ի տարեվերջից կամ 2010-ի տարեսկզբից: Իգոր Կլիմկոն «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն էր նշանակվել 2009-ի ապրիլին եւ պաշտոնավարել է մինչեւ 2013-ի սկզբին: Նա իր պաշտոնից ազատվեց անսպասելի եւ պայմանագրի ժամկետը չավարտված` հեռացավ Հայաստանից:

Որոշ գնահատականների համաձայն՝ եվրոպական երկրներից դեպի Հայաստան կատարվող զանգերի դիմաց ամսական փոխանցումները կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Այդ գումարները կամ դրանց մի զգալի մասը բավական երկար ժամանակ փոխանցվել են ոչ թե ընկերության հաշվին, այլ օֆշորում բացված ինչ-որ հաշիվների: Ըստ փորձագետների՝ երեք տարվա ընթացքում «ԱրմենՏելից» այս ճանապարհով հափշտակվել է մոտ 500 միլիոն դոլար: Արդյունքում՝ «ԱրմենՏել» ընկերությունն այս քրեական գործով ճանաչվել է որպես տուժող կողմ:

Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզումը մինչ օրս արդյունք չի տվել, նրան դեռեւս չի հաջողվել հայտնաբերել:

Այս գործով անցնող անձանցից մեկը` «ԱրմենՏել»-ի անվտանգության պետ Աշոտ Պողոսյանը, կալանավորված է: Մեզ չհաջողվեց պարզել ներկայումս նրա կարգավիճակը: Այս գործի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ապարդյուն:

Քնար Մանուկյան




Լրահոս