ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ այսօր հանդիպում է ունեցել ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, նշել է, որ ներկայումս Ազգային Ժողովում քննարկվում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` մայիսի 16-ը` Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը, որպես Ուսանողության տոն ամրագրելու վերաբերյալ:
«Չկա լավ և վատ սերունդ. գոյություն ունեն տարբեր սերունդներ, և դա չի նշանակում, որ նրանք նախորդ սերնդից ավելի լավն են կամ վատը: Հայ երիտասարդների մեծամասնությունն իրավամբ հայրենասեր, գիտակից հայ մարդիկ են, իհարկե կան նաև բացառություններ»,-նշել է նախարարը` ուսանողներին կոչ անելով ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ կրթական գործընթացներին:
«Մեր բուհական համակարգը պետք է դառնա ուսանողակենտրոն: Պահանջում եմ լինել կրթական ոլորտի բարեփոխումների մեջ իրական շահառու, աջակցել կամ դեմ լինել: Եթե դուք մեզ օգնեք, ավելի արագ և լավ կլուծենք մեր հարցերը: Ես միշտ ողջունել եմ ուսանողական ակտիվությունը. եթե ուսանողը մի բանի կողմ է կամ դեմ, դա նշանակում է, որ նա մտահոգ է իր երկրի ապագայով, բայց հորդորում եմ` դա չանել կրթության հաշվին: Ուսանողի հիմնական առաքելությունը կրթությունն է: Այո, ուսանողությունը լրջագույն գործոն է բոլոր հասարակություններում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ուսանողությանը շատ հաճախ օգտագործում են և մոռանում: Ուսանողությունը զանգված չէ, այն անհատների սոցիալական խումբ: Չդառնաք զանգված, եղեք վառ անհատականությունների խումբ»,-դիմելով ուսանողներին` նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում ուսխորհուրդների ներկայացուցիչները հարցեր են ուղղել Արմեն Աշոտյանին, որոնք հիմնականում վերաբերել են դիմորդների թվի նվազմանը և կրթության որակին, 2015 թ. Հայաստանում անցկացվելիք Բոլոնիայի նախարարարական գագաթաժողովին ուսանողների ներգրավվածությանը, արտերկրում հայկական բուհերի մասնաճյուղերի բացման հնարավորությանը, մարզաբնակ ուսանողների սոցիալական խնդիրներին և բուհերի ապակենտրոնացմանը, ինչպես նաև կրթություն-աշխատուկա կապին:
Վերջին հարցի վերաբերյալ նախարարը պարզաբանել է, որ ներկայումս աշխատաշուկայում հստակ տարբերակված չէ բակալավրի և մագիստրոսի դիպլոմներով աշխատանքի տեղավորման հնարավորությունը, ինչպես նաև գործատուն երիտասարդ մասնագետից պահանջում է աշխատանքային ստաժ, որի հնարավորությունը ուսանողը պարզապես չի ունեցել: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ նախարարությունը ցանկանում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` բակալավրից բարձր կրթական աստիճաններում սովորելու տարիները որպես աշխատանքային ստաժ համարելու վերաբերյալ: Վերջինս առավել հստակ կդարձնի ինչպես աշխատաշուկայում մասնագիտական որակավորումների ընդգրկման հնարավորությունները, այնպես էլ կրթության բարձր աստիճանների ձեռքբերման մոտիվացիան:
Ուսանողի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ուսանողական խորհուրդները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»: