Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ այսօր խորհրդարանում կայացած ելույթից հետո նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները ի նշան բողոքի լքել են դահլիճը:
Միխաիլ Սաակաշվիլու կուսակցության ներկայացուցիչները ուրբաթ օրը խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլուց պահանջել են դեբատներ անցկացնել Մարգվելաշվիլու ելույթից հետո, սակայն մերժում են ստացել և լքել նիստերի դահլիճը՝ չցանկանալով լսել Ուսուպաշվիլու ելույթը:
Վրաստանի նախագահը ափսոսանք է հայտնել այդ առիթով և ընդդիմության հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել, տեղեկացնում է РИА Новости-ն:
Վրաստանի նախագահն առաջին անգամ օգտվել է խորհրդարանում կոչով հանդես գալու իր սահմանադրական իրավունքից: Նրա ելույթը կապված էր երկրում վերջերս կատարված իրադարձությունների հետ: Նախորդ շաբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, ինչից հետո կառավարությունից հեռացել էին նրա կուսակից ևս երկու նախարարներ: