Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մտավախություն ունի, որ Երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է: Նրա կարծիքով՝ նման միջազգային կոնֆլիկտի մեղավորը կարող է դառնալ Ուկրաինան:
Ժիրինովսկու կարծիքով՝ Ուկրաինան այսօր հանդես է գալիս նույն դերում, որում ժամանակին հայտնվել էր Սերբիան: Նա հիշեցրել է, որ Սերբիայի գործողությունները Ավստրո-Հունգարիայի հանդեպ բերեցին Առաջին համաշխարհային պատերազմին:
«Ուկրաինան իր գործողությոններով Եվրոպան տանում է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Ցավոք, այն լինելու է», – հայտարարել է Պետդումայի պատգամավորական խմբի ղեկավարը:
Ժիրինովսկին համոզված է, որ Ուկրաինայի հարևան պետությունները կօգտվեն իրավիճակից և կմասնատեն երկիրը: Օրինակ՝ լեհերը կարող են իրենց վերադարձնել Լվովը, Ռովնոն, Լուցկը, Իվանո-Ֆրանկովսկը, Տերնոպոլը, հունգարները՝ Անդրկարպատները, ռումինները՝ Չերնովցին և Բուկովինան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, թե Ուկրաինան պատրաստ է «տոտալ պատերազմի» Ռուսաստանի հետ: