ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի վերին Կարմիրաղբյուր գյուղից արդեն երկրորդ անգամ մարդիկ հայտնվում են Ադրբեջանի տարածքում: Առաջինը ծերունի Մամիկոն Խոջոյանն էր, որին խոշտանգված վերադարձրեցին, նրան հաջորդեց 22- ամյա Արսեն Խոջոյանը, ով դեռ շարունակում է գերի մնալ Ադրբեջանում: Ինչպե՞ս են մարդիկ իրենց գյուղում մոլորվում եւ հայտնվում 5 կմ հեռավորության վրա գտնվող թշնամու դիրքերում: Այս հարցի պատասխանը, կարծես թե, չի մտահոգում ՀՀ բարձրագույն իշխանությանը՝ հատկապես ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
«Ժողովուրդ»-ը փորձեց Վերին Կարմրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից պարզել. արդյոք գյուղում չկա՞ն այնպիսի նշաններ, որ մարդկանց հուշեն՝ թշնամու սահմանին չմոտենալ: «Հստակ սահմանազատում չկա, ինչպես կարող են մարդիկ հստակ իմանալ»,-պատասխանեց գյուղապետը՝ հավելելով, որ կրակոցներ մշտապես կան եւ միայն զինվորականները կարող են ասել, թե իրականում ինչ է կատարվում: Զրուցեցինք նաեւ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է` սահմանամերձ շրջաններից Ադրբեջանը մարդկանց պարզապես գողանում է: «Չեմ կարծում, որ դա լուրջ տեսակետ է»,-ասաց Հովհաննիսյանը: Մեր հարցին, թե ՊՆ ի՞նչ է անում, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն, խոսնակը պատասխանեց. «Մինչեւ այդ տարածքներում հստակ սահմանազատում չլինի, միջազգային նորմերին համապատասխան, այս խնդրից չենք կարող խուսափել»: Այսինքն՝ քանի դեռ ղարաբաղաադրբեջանական հակամարտությունը չի կարգավորվել, հայ գյուղացին չի կարող անվտանգ ապրել: Սոսկալի է Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանի այս պատկերը:

 

 

 
Վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով` առանձին ինքնաթիռ վարձակալելով: Իսկ այդ գումարները վարչապետը վճարում է ոչ թե իր գրպանից կամ օֆշորային հաշիվներից, այլ` ՀՀ պետական բյուջեի միջոցներից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հերթական անգամ նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար: Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 մլն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե` գնում են բիզնես կարգի տոմս: Այնինչ, Տ. Սարգսյանը որոշել է տարբերվել բոլորից, բայց, ցավոք, այդ ամենն անում է ՀՀ քաղաքացիներիս հաշվին:

 

 

 

 

Մարտի 14-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել: Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի: Մեզ լուրեր հասան, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգություն»-ն ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ: «Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից պարզել նշվածը: «Մենք հանդիպման մասին արդեն հաղորդագրություն ենք տարածել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ընտրություններում մոտ կես մլն ձայն հավաքելուց հետո բազմաթիվ քաղաքացիների հուսախաբ արեց, երբ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ` գրեթե առանցքային հարց չքննարկեց՝ միայն հետաքրքրվելով, թե «դիգին Ռիտան ինչպե՞ս է»:

 

 

 

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, հոգեվարքի մեջ գտնվող մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին հարկային ճնշումների ենթարկելուց բացի, արդարության իմիտացիա է փորձում անել: ՊԵԿ-ը հերթով տուգանում է նաեւ այնպիսի կառույցների, որոնք անձեռնմխելի են թվում: Օրինակ՝ ՀՀ կառավարության հովանավորության տակ գտնվող «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամի փոխտնօրեն Վարդուհի Սարգսյանը ՀՀ ներմուծած 10 կգ էլեկտրական միացուցիչների համար հայտարարագիր չներկայացնելու հիմքով տուգանվել է 50.000 դրամով: Իսկ ահա Հայաստանի համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ով Այրումի մաքսային կետով ՀՀ է ներմուծել ֆուտբոլի փչովի կաշվե գնդակներ՝ դարձյալ չհայտարարագրելով, էլի տուգանվել է 50.000 դրամով: Նշենք, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն է: Հետաքրքիր է՝ ՊԵԿ-ը, բացի 50.000 դրամի չափով տուգանքից, առավել խիստ սահմանված տուգանքներ չունի՞, թե՞ համարձակության պակաս կա:

 

 

 
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Մինչ Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ անթույլատրելի եւ վտանգավոր են համարում Լեռնային Ղարաբաղի եւ Ղրիմի միջեւ տարվող զուգահեռները, պաշտոնական Ստեփանակերտը հանդես է գալիս Ղրիմի հանրաքվեն ողջունող հայտարարություններով, իսկ երկրի նախագահն էլ մասնակցում է հատուկ Ղրիմի ինքնորոշման կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: Ողջ աշխարհի կողմից որպես բռնակցում գնահատված Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի ողջունումը, բնականաբար, բացասական արձագանք է ունենալու ԼՂՀ խնդրի ընկալման վրա: Արդյոք Ղարաբաղի իշխանությունները չեն գիտակցում նման պահվածքի հնարավոր քաղաքական հետեւանքները, եւ արդյոք դա համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ:
Այս երկու հարցերի` ակնհայտ թվացող պատասխանները խիստ վտանգավոր զարգացումներ են ուրվագծում: Եվ եթե փորձենք հավատալ, որ Ղարաբաղը Ռուսաստանի կազմում տեսնելու Զորի Բալայանի հայտնի նամակը որեւէ առնչություն չուներ իրադարձությունների ներկայիս ընթացքի հետ եւ պարզ զուգադիպություն էր (ինչպես վստահեցնում է ԼՂՀ նախագահի խոսնակը), ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ ֆորմալ խոսնակը համարվող Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունները` Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին, իրենց մեջ արդեն շատ որոշակի ազդակներ են կրում:
Այս իրավիճակում մտահոգությունն է՛լ ավելի է խորացնում այն իրողությունը, որ դեպի Մաքսային միություն սուրացող Հայաստանի իշխանություններն այդպես էլ Ղարաբաղի հետ կապված որեւէ հստակ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Ընդամենը բանավոր համաձայնությամբ` Ղարաբաղը պետք է մտնի Մաքսային միության կազմի մեջ` Հայաստանի հետ միասին: Սակայն շատ մեծ հարց է` արդյոք ուկրաինական վերջին իրադարձություններից հետո դա այլեւս հնարավոր կլինի անել նույնքան աննկատ եւ անխոչընդոտ: Ըստ ամենայնի` ոչ, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, առնվազն ՄՄ անդամներից մեկը` Ղազախստանը, որը մինչ այդ էլ լուրջ վերապահություն ուներ Ղարաբաղի մասով, ներկայումս շատ մեծ մտահոգություններ ունի սեփական տարածքային ամբողջականության անխաթարության երաշխիքների հետ կապված: Ասել է թե` ոչ միայն միջազգային հանրությունը, այլեւ հենց նույն ՄՄ անդամները դժվար թե համակերպվեն տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման նոր դրսեւորման լեգիտիմացման հետ` ինչպիսին որ նրանք ընկալում են Ղարաբաղի հարցը:
Եվ ահա ընթացող զարգացումները կարծես թե միտում ունեն ձեւավորել այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղի համար լավագույն լուծումը կարող է դիտվել Ռուսաստանի պրոտեկտորատի տակ հայտնվելը, եթե չասենք` ՌԴ կազմում ընդգրկվելը: Եվ որքան էլ ցավալի է, սակայն այս պահին մտագարություն գնահատվող նման հեռանկարի իրականացման ազդակները կարծես թե հետզհետե ավելի առարկայական են դառնում:

 




Լրահոս