ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ. Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՎԵՐՋԸ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության անգործունեության հետեւանքով Լոռու մարզի անտառների ապօրինի հատման դեպքերի առնչությամբ մի նոր քրեական գործ է հարուցվել: Քրեական գործի առկայության մասին տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեցին նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունից:

Եվ այսպես, երեկ «Ժողովուրդ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` խնդրելով պատասխանել, թե որքանով են հավաստի մեզ հասած տեղեկությունները, որ Լոռու մարզում ապօրինի անտառհատումների առթիվ հարուցվել է քրեական գործ ու այդ շրջանակներում արդեն հարցաքննվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, չի բացառվում` Բնապահպանության նախարարության որոշ աշխատակիցների նկատմամբ մեղադրանք առաջադրվի:
Ի պատասխան մեր հարցման, Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ Լոռու մարզում անտառների ապօրինի հատման ոչ թե մեկ, այլ մի քանի դեպքեր են եղել եւ այդ առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.Օր. 296 հոդվածի (Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով) եւ 308 հոդվածի հատկանիշով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել… պատժվում է առավելագույնը հինգ տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Բնապահպանության նախարարության Լոռու մարզի մի շարք աշխատակիցներ պարբերաբար հրավիրվում են ոստիկանություն՝ հարցաքննության, եւ չի բացառվում, որ նրանցից մի քանիսի նկատմամբ առաջադրվի մեղադրանք` պաշտոնական անփութության համար:

 

Արդյոք կպատժե՞ն «բուլկուն»

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության հետ կապված սա միակ աղմկահարույց քրգործը չէ: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. հունվարի 30-ին գրել էր, որ ՀՀ ՔՕ 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կաննոնները խախտելու դեպքի առթիվ) քրեական գործ է հարուցվել: Այս գործով նոր մարդիկ են ներգրավվում, եւ դեռ հայտնի չէ, թե «խմորն ինչքան ջուր կվերցնի», քանի որ չափից ավելի ջրօգտագործումը հանգեցրել է ընդերքի գրեթե ցամաքեցմանը:
Զարմանալի զուգադիպությամբ բոլոր քրեական գործերը, որոնք կապված են ՀՀ բնապահպանության նախարարության հետ, մշտապես ունենում են նույն ելքը: Ասել է թե՝ մեղադրյալի աթոռին հայտնվում են մարդիկ, ովքեր ավելի ցածր օղակներում են աշխատում: Այս տարիների ընթացքում բացահայտված անգործության խայտառակ դրսեւորումներն այդպես էլ չեն ավարտվում նախարարի կամ գոնե փոխնախարարի նկատմամբ պատժի կիրառմամբ:

 

Հերթը խոշոր ձկների՞նն է

Իսկ թե ինչ քրեական գործեր են հարուցվել Բնապահպանության նախարարության աշխատակիցների դեմ, որոնցից անմասն է մնացել նախարարը, թվարկենք ստորեւ.
2010թ. մեծ աղմուկ էր բարձրացրել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Տիգրան Գրիգորյանի եւ տեղակալ Արսեն Պետրոսյանի ձերբակալությունը, ովքեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումները ոչ ամբողջությամբ արձանագրելու համար կաշառք էին վերցրել 5 միլիոն դրամ: Նախարարն անմասն էր:
2013թ. «Սեւան» ազգային պարկ պետական ոչ առեւտրային կազմակերպության նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվել է ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Գ.Մարտիրոսյանը բացի տնօրեն լինելուց, նախկինում եղել է նաեւ ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ, եւ նախաքննությամբ պարզվել է, որ ազգային պարկի հողամասերի վարձակալության եւ կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում եւ մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում եղել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: Արդյունքում հաղթող են ճանաչվել նախապես որոշված եւ մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:
Այսպիսով նկատենք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարողացել է միշտ ջրից չոր դուս գալ: Հետաքրքիր է, այս երկու մասշտաբային քրեական գործերի հարուցումը եւս կունենա՞ նույն ելքը, թե՞ այս անգամ իրավիճակը կփոխվի, եւ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, խոշոր ձկները կհայտնվեն ցանցում:
Իսկ երեկ էլ նախարար Հարությունյանը հրապարակավ խոստացավ բնապահպան ակտիվիստի «ականջը պոկել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐՈՂԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՀԻՇՈՒՄ

Օրեր առաջ Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած Կարեն Խաչատրյանը դեպքից հետո արթնանալով հարազատներին ասել է, թե ինքը քաղցկեղով հիվանդ է. «Ինչու ինձ չթողեցիք մեռնեմ»: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Կարենի եղբայրը՝ Գուգուշ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարենի ինքնասպանության փորձը կապված է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ: Բանն այն է, որ ինքնասպանության փորձ կատարած Կարենի եղբայրը, ով առավել հայտնի է Գուգուշ անվանմամբ, մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ:
Մեզ հետ զրույցում Գուգուշ Խաչատրյանն ասաց, թե Կարեն Եսայանն իրեն շատ հարազատ մարդ է եղել, սակայն այն տեղեկությունները, թե իր եղբոր ինքնասպանության փորձը կապված է Կարեն Եսայանի հետ, իրականությանը չի համապատասխանում:
Եվ այսպես, ինչո՞ւ է երկու երեխաների հայրը ցանկացել գնալ այդ քայլին: Մանրամասներ պատմեց եղբայրը:
Ըստ մեր զրուցակցի` այդ օրը սովորականի պես իր եղբայրն արթնացել եւ գնացել է աշխատանքի. «Ինձ հետ է աշխատում ու առավոտյան եկել էր աշխատանքի վայր: Հանձնարարել եմ, որ մրգերը տանի տարբեր խանութներ: Ամեն ինչ կարգին էր: Մի քիչ ուշ ինձ զանգեց, թե երբ կգաս տուն, ասեցի՝ 22:30-ի կողմերը: Ինձ ասաց՝ լավ, դե կլսես ու անջատեց հեռախոսը»:
Ըստ Կարենի` եղբոր խոսքերից հետո ինքը շատ է անհանգստացել եւ հետ է զանգահարել, սակայն եղբայրը հեռախոսազանգին չի պատասխանել. «Զանգահարեցի կնոջս եւ ասացի, թե հեռախոսը շտապ տարեք եւ տվեք Կարենին: Երբ նրանք գնացել են, տեսել են՝ հաղորդալարով դնչի մասից կախված է: Շտապ հասցրել են հիվանդանոց»:
Կարենի խոսքով՝ դեպքից հետո եղբայրը ոչինչ չի հիշում. «Երբ ասում ենք, թե փորձել ես ինքնասպան լինել, ասում է, որ բան չի հիշում: «Ինչ ինքնասպանություն, չգիտեմ՝ ինչ է կատարվել, ինչու եմ ես հիվանդանոցում». միշտ այսպիսի բաներ է ասում: Այս բուժումները հենց ստանա, հոգեբույժի ենք դիմել, որ կարողանան օգնել եղբորս»:
Կարենը նաեւ հայտնեց, որ եղբայրը որեւէ պարտք չի ունեցել եւ, առհասարակ, խաղատանն էլ չի պարտվել, որ գնար այս քայլին: Անհասկանալի է: Լավ է, որ ողբերգական ավարտ չունեցանք:

Նյութերը` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 
ԲԼԹ

«Այդ մտավորականների խոսքը լսելու ունակության բացակայությունը մշակութային մեծ կորուստ է… քիչ թվով պատգամավորների ներկայությունը բնական է, քանի որ ԱԺ-ն մշակութային միջավայր է եւ մարդիկ անընդհատ զբաղված կարող են լինել»։

Շուշան Պետրոսյան «Իրատես դե ֆակտո»
Եթե գեղանկարչական ցուցահանդեսը, որի մասին խոսում է ՀՀԿ-ական երգչուհի-պատգամավորը, բացվել է ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում, ապա, բնականաբար, հիմնական այցելուները պետք է լինեն ԱԺ պատգամավորները։ Բայց դե մեր պատգամավորներն ու՜ր, գեղարվեստն ու՜ր։ Երգչուհի-պատգամավորը, հավանաբար, հենց այս երեւույթն էլ նկատել է, ինչի առթիվ պահի տակ արտահայտել է իր դժգոհությունը։ Բայց հետո մի պահ ոնց որ թե ուշքի է եկել, չէ որ այդ մարդկանց թվում են նաեւ իր սիրելի ՀՀԿ-ական պատգամավորները… եւ միանգամից շտկել է ինքն իրեն՝ ԱԺ-ն մշակութային միջավայր է, մարդիկ էլ զբաղված են։

 

 

«Սեւանի հանդեպ բոլորս էմոցիոնալ ենք վերաբերվում, բայց որեւէ մեկը Սեւանի հանդեպ թշնամանք չունի: Բայց ի պաշտոնե ես պետք է ասեմ, որ ոռոգման համակարգի պրոբլեմ ունենք եւ Սեւանից ջուր է պետք»։

Անդրանիկ Անդրեասյան «Առավոտ»
Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարը, պարզվում է, բավականին էմոցիոնալ մարդ է, եւ ամեն ինչը վերագրում է էմոցիաներին։ Նույնիսկ Սեւանա լճի հանդեպ՝ բնապահպանների տեղին մտահոգությունը, ըստ Անդրեասյանի, էմոցիոնալ վերաբերմունքի արդյունք է։ Եվ բնավ կարիք չկա այդպիսի էմոցիաների եւ կարիք չկա անհանգստանալու։ Իրենք ընդամենը ուզում են Սեւանա լիճը պետական մակարդակով դարձնեն ձկնաբուծարան։ Դե, լիճն էլ կարող է մի քիչ ճահճանալ, ի՞նչ մի մեծ խնդիր է որ… Էմոցիաներն այստեղ ավելորդ են, թշնամիներ էլ չկան, վերջիվերջո առանց թշնամության էլ կարելի է լիճը ճահճացնել։

 

«ԲՀԿ մտածած գարունը կամաց-կամաց մոտենում է… խոսքը իշխանափոխության մասին է: Մենք պետք է հերթով շարժվենք, պետք է համախմբվենք, որից հետո արդեն կասենք՝ ինչ քայլեր են պետք»:

Վահան Բաբայան News.am
Նման գարուններ մեզ ոչ միայն ԲՀԿ-ն է առաջարկել, եւ դրանք միշտ մնացել են զուտ խոստումներ, անիմաստ խոսքեր, ավելին՝ նույնիսկ խոստումների տեսքով վստահություն չեն ներշնչել: Ի դեպ, 2008-ին էլ մեկ այլ ոչ իշխանական ուժ էր նման գարուն առաջարկում, տեսանք, թե արդյունքն ինչ եղավ, եւ տեսանք, թե այդ ժամանակ ինչ դիրք էր բռնել նույն ԲՀԿ-ն, որի պարգամավորն այսօր հերթական գարնան առաջարկությամբ է հանդես գալիս։ Ի դեպ, վերջին նախագահական ընտրություններից առաջ էլ ԲՀԿ առաջնորդը կրկին քայլ առ քայլ էր շարժվում, եւ վերջին քայլով էլ դադարեցրեց իր շարժը։

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս