“Գոշավանք վանական համալիր” պատմաճարտարապետական արգելոցի մասնաճյուղի վարիչ Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝ քանդման եզրին են վանական համալիրի մաս կազմող, 1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294թթ. կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը: Մասնաճյուղի վարիչն ասաց, որ իրենք համալիրի կենտրոնական՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքի որոշ հատվածներ այցելուների համար փակել են, զբոսաշրջիկների այցերի ժամանակ եկեղեցու անկյուններում արգելոցի աշխատակիցներ են կանգնեցնում, որպեսզի այցելուները չմոտենան, եւ դժբախտ դեպքեր չլինեն: Բակուր Հովսեփյանն ասաց, որ վանական համալիրի տարածքում կատարվող մոմավաճառությունից, գանձանակ մտնող հանգանակություններից, համալիրի տարածքում իրերի վաճառքից տարեկան 20-25 միլիոն դրամ հասույթ է ստացվում: Բ. Հովսեփյանի խոսքերով՝ ինքը չգիտի, թե ինչ նպատակով են ծախսվում այդ գումարները, մշակույթի նախարարությունը տեղյակ է իրավիճակին: 2010թ. մամուլը գրել էր Գոշավանք վանական համալիրի եկեղեցիների մտահոգիչ իրավիճակի մասին: Այն ժամանակ մշակույթի նախարարությունից հայտնեցին. “ՀՀ կառավարության 09.07.2001թ. N616 որոշմամբ 2003 թվականից վանական համալիրը՝ որպես սեփականություն, հանձնվել է Հայաստանյաց առաքելական եկեղեցուն, եւ օրենքով սահմանված կարգով հուշարձանի սեփականատիրոջ, տնօրինողի եւ օգտագործողի պարտականությունն է իրականացնել հուշարձանի պահպանությունը՝ ամրակայման, նորոգման, վերականգնման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները”: Մշակույթի նախարարությունից նաեւ հայտնել էին, որ վերջին անգամ Գոշավանքի ուսումնասիրման, վերականգնման, ամրակայման նպատակներով պետական ներդրումներ են կատարվել 1986-1987թթ.:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ