Ադրբեջանական ագրեսիան կանխելու 7 ձեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս շաբաթ թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումների առնչությամբ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը (ԱՀԴԳ) 7 կետից բաղկացած քաղաքական առաջարկություններ է ներկայացրել Օբամայի ադմինիստրացիային և ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ դադարեցնելու Բաքվի ագրեսիան և աջակցելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Ադրբեջանի ունեցած հակամարտության ժողովրդավարական լուծմանը:
 
Հուշագրում ԱՀԴԳ-ի Կառավարական գործերով տնօրեն Քեյթ Նահապետյանը ընդգծել է.”Ժամանակն է, որպեսզի Ամերիկան և միջազգային հանրության մնացած հատվածը որսա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքը, երբ նա բացեիբաց սպառնում է պատերազմ վերսկսել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ”: Նշված է, որ Ալիևը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար և ոչ միայն:
ԱՄՆ վարչակազմի և Կոնգրեսի 7 քայլերը կօգնեն զսպել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացումը և կնպաստեն տարածաշրջանային հակամարտությունների ժողովրդավարական ու խաղաղ կարգավորմանը: Առավել անվտանգ Կովկաս ունենալու համար 7 քաղաքական խորհուրդները ներառում են հետևյալը.
 
1. Օբամայի վարչակազմը պետք է հրապարակավ, խիստ կերպով և աներկբա դատապարտի Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսևորումները և պատերազմը վերսկսելու սպառնալիքները:
2. Վարչակազմը պետք է առկախի ցանկացած ռազմական աջակցություն Ադրբեջանին և դադարեցնի որևէ ռազմական տեխնիկայի կամ երկակի կիրառության միավորների (այդ թվում՝ ուղղաթիռների համար նախատեսված տեսահսկման DDTC 12-002 սարքավորումների) վաճառքը կամ այլ տեսակի հանձնումը Բաքվին:
3.Օբամայի ադմինիստրացիան պետք է ամբողջությամբ իրականացնի Ազատության աջակցության ակտի 907 Դրույթը (որով արգելվում է որևէ աջակցություն Ադրբեջանին) մինչ Բաքուն դադարեցնի պատերազմական սպառնալիքները, վերջ տա ագրեսիայի բոլոր դրսևորումներին, ցուցաբերի հավատարմություն միմիայն ոչ ռազմական միջոցներով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ տևական խաղաղության հասնելուն և ընդունի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի կոչը՝ հետ քաշել բոլոր դիպուկահարներին (առաջարկ, որ արդեն ընդունվել է թե Հայաստանի, թե Լեռնային Ղարաբաղի կողմից):
4. ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի Համաձայեցման կոմիտեն, որ ստանձնել է 2013-ի Ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության օրինագծի կազմումը, պետք է ընդունի Պալատի՝ Լեռնային Ղարաբաղին առնվազն 5 մլն դոլարի օգնություն տրամադրելու տարբերակը:
5. Վարչակազմը պետք է սատարի խաղաղության բանակցություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերականգնմանը՝ որպես լիիրավ անդամի:
6. ԱՄՆ իշխանությունը պետք է վերացնի ԱՄՆ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղեկատվության տարածման, փոխանակումների, շփումների, համագործակցության և ճանապարհորդելու հին, հակաարդյունավետ խոչընդոտները՝ կառավարական և քաղաքացիական հասարակություն մակարդակներում:
7. Օբամայի վարչակազմը պետք է պնդի, որ ադրբեջանական կառավարությունը դադարեցնի ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնյաների և 3-րդ կողմի փորձագետների՝ Ջուղայում միջնադարյան գերեզմանատուն այցելելու և այնտեղ հետաքննություն անցկացնելու սահմանափակումները, որն ավերվել է 2005-ի դեկտեմբերին, ինչը ադրբեջանական զինված ուժերի կողմից համակարգված սրբապղծության՝ տեսագրությամբ արձանագրված գործողություն է:




Լրահոս