Մինչ Երեւանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոսում էր Հայաստանում անցկացված ԱԺ «բաց ու մրցակցային» ընտրությունների, ժողովրդավարության ոլորտում Սերժ Սարգսյանի ձեռքբերումների մասին, արեւմտյան ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Freedom House-ը, իր զեկույցում բոլորովին այլ գնահատականներ է տվել:
«Հայաստանը շարունակում է մնալ կիսաավտորիտար կառավարում ունեցող պետությունների շարքում»,-ասված է Freedom House-ի՝ «Պետություններն անցումային շրջանում» անունը կրող զեկույցում: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն, Freedom House-ը հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես ընտրական համակարգերի կենսագործունեությանը, ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության վիճակին, նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված քայլերին: Պետությունները գնահատվել են 7-բալանոց սանդղակով, որտեղ 1 միավորը համապատասխանում է լիարժեք ժողովրդավարության առկայությանը, իսկ 7 միավորը նշանակում է, որ տվյալ պետությունն ավտորիտար է: Ըստ այդմ՝ Հայաստանը ստացել է 5.39 միավոր: Ի դեպ, նշենք, որ հարեւան Վրաստանն անհամեմատ լավ վիճակում է եւ զեկույցում անցումային տիպի պետությունների խմբում է: Իսկ Ադրբեջանն իր ժողովրդավարության մակարդակով ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը: Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունները, ինչպես նաեւ Ռուսաստանն ու Բելառուսը, համաձայն Freedom House-ի, ավտորիտար են:
Զեկույցում անդրադարձ կա նաեւ առանձին ոլորտներին: Ըստ այդմ՝ ընտրական գործընթացների` ժողովրդավարական չափանիշներին համապատասխանության առումով Հայաստանի ցուցանիշը 5.75 է, ինչն անգամ ավելի վատ է, քան ավտորիտար պետությունների խմբին դասված Ղրղըզստանում: Լրատվամիջոցների անկախության առումով իրավիճակը եւս մխիթարական չէ. այստեղ Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ Տաջիկստանը: Ամենաբարվոք ցուցանիշն արձանագրվել է քաղաքացիական հասարակության կայացման ոլորտում, որտեղ Հայաստանի արձանագրած առաջընթացը համադրելի է Վրաստանի եւ բալկանյան մի շարք պետությունների հետ:
ԿԻՍԱԱՎՏՈՐԻՏԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ