Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՆՔ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009թ. ապրիլի 22-ին, Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ կնքեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «Ճանապարհային քարտեզը»: Նույն թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Դրանից մեկ տարի անց՝ 2010թ ապրիլի 22-ին, Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Այսպիսով, 2008-ից սկսած արտաքին նախաձեռնողական քաղաքականությունը, որի վրա ծախսվեցին բավականին լուրջ քարոզչական, ֆինանսական ռեսուրսներ, արդյունք չտվեց: Այսօր մենք կրկին վերադարձել ենք ելման դիրք՝ չունենալով որեւէ ձեռքբերում, բացի, թերեւս, Էդվարդ Նալբանդյանի թշերի կարմրությունից:

 

 

 

 
Նախօրեին ՀՀ կենտրոնական բանկը հրապարակեց ֆինանսական կայունության հաշվետվությունը, ըստ որի՝ 2013 թ. ՀՀ արտաքին պարտքն աճել է 4.4%-ով: Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը հատել է 4 մլրդ դոլարի սահմանը: Եվ հենց այս իրողությունն է, որ ստիպում է շատերին հրաժարվել պաշտոններ ստանձնելուց, քանի որ հատկապես ֆինանսական հարցերով զբաղվող գերատեսչությունները լրջագույն խնդիրներ ունեն մեր երկրում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով այս թեմայի մասին, ասաց. «Այն, որ պարտքը կարող էր ավելի քիչ լինել, ավելի ցածր լինել, դա այլ հարց է, բայց որ այն աստիճանի վրա է գտնվում, որ որեւէ մեկը չի ցանկանում ղեկավարել նշված գերատեսչությունը, կարծում եմ՝ ճիշտ չէ: Ինչի, եթե ինչ-որ մեկը դարձավ ֆինանսների նախարար, ինքը կարծում է, թե ի՞նքը պետք է վճարի պարտքը: Պարտքը վճարվում է ժամանակացույցով, էլ ինչու պետք է նման բան մտածեն»:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական: Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա: Հիշեցենք, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար, եւ գտնվում էր «Կոշ»-ի մեկուսարանում: Վերջինս 2008 սեպտեմբերի 10-ին, հենց Սերժ Սարգսյանի միջնորդությամբ ազատ արձակվեց: Իսկ նրա եղբայր` Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շարունակում է մնալ արմատական ընդդիմադիր նույն Սերժ Սարգսյանին:

 

 

 

 

Հայաստանը թերեւս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլեւ ժամկետների հետ մեկտեղ կալանավայրերը: Ավելի ճիշտ՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը: Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով` «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկն էր: Այս մասին «ժողովուրդ»-ը տեղեկացավ «Էրեբունի» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանից, ով, ի դեպ, ՔԿՀ-ի փակվելուց հետո նշանակվել է «Սեւան» ՔԿՀ պետ. «Տեղյակ չեմ՝ ինչ նախագիծ կա, բայց որ «Էրեբունի» ՔԿՀ-ում սողանք կար, դա փաստ է ու գնալով շատանում էր: Աստված չաներ մեկի հետ մի բան լիներ, ի՞նչ պատասխան էինք տալու: Մենք այդ մասին տեղյակ էինք պահել ղեկավարությանը եւ միգուցե դա էլ դարձավ փակման պատճառը: Իսկ հիմա «Սեւան»-ում նորմալ է»: Տեղեկացնենք, որ Արմավիրի մարզում այս օրերին քրեակատարողական նոր հիմնարկ է կառուցվում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ պետ է նշանակվելու «Սեւան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Խշտոյանը:

 

 

 

ԱՆՉԱՐԱԽԻՆԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից: Թեեւ մինչ այդ շատերը Քառյակի գործողությունների համակարգումը վերապահում էին առավելապես Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն Քոչարյանի վերջին հարցազրույցում առկա մեսիջներն ի ցույց դրեցին Քառյակի առնվազն երեք ուժերի ծրագրերի սկզբնաղբյուրը:
Մասնավորապես` սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հետ կապված Քոչարյանը երկրորդեց ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը` հայտարարելով. «Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը: Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»:
Փորձելով կանխել հարցադրումը` իսկ միթե այդպիսի կասկածներ չկային 2005թ. երբ ինքն իրականացրեց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, Քոչարյանը փորձում է ներկայացնել այն ժամանակ Սահմանադրությունը փոփոխելու «սուր անհրաժեշտությունը»: Մի կողմ թողնելով նրա բերած փաստարկների հիմնավորությունը, նշենք միայն, որ Սահմանադրական հանրաքվեն անկախության շրջանում ՀՀ-ում անցկացված ամենակեղծված համապետական ընտրությունն էր, երբ ընտրողների գրեթե բացակայության պայմաններում ներկայացվեց 65 տոկոս մասնակցություն: Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է հավատալ, որ Քոչարյանը գնաց նման տոտալ ընտրակեղծարարության` հանուն «հասարակական սպասումների» արդարացման:
Ընդգծելով, որ ինքն իր խոսքի տերը եղավ, եւ հեռացավ իշխանությունից, Քոչարյանն առաջարկում է հույսը չդնել Սերժ Սարգսյանի` խոսքի տերը լինելու վրա. «Ներկայումս անհրաժեշտ են միանշանակ երաշխիքներ առ այն, որ բարեփոխումն ուղղված չէ կառավարող էլիտայի շահերի սպասարկմանը եւ չի դառնա դրա վերարտադրման գործիք»:
Հարցազրույցի առանցքային պահը, սակայն, երկու անգամ «անընդմեջ» առաջադրվելու արգելքի մասն է, որտեղ Քոչարյանը նշում է. «Պետք է ընդամենը հանել «անընդմեջ» բառը գործող Սահմանադրության 50-րդ հոդվածից: Ընդամենը մեկ բառ: Սակայն այդ լրացումը հետադարձ ուժ ունենալ չի կարող եւ այդպիսով ներկա քաղաքական լանդշաֆտի վրա ոչ մի կերպ չի ազդի»: Ասել է թե` Քոչարյանն այդպիսով հասկացնում է. եթե Ս. Սարգսյանը ցանկանում է Սահմանադրությունը փոխել` իր վերադարձը կանխելու նպատակով, ապա դա նրան չի հաջողվի, քանզի այդ լրացումը հետադարձ ուժ չի ունենա:




Լրահոս