ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ 1in.am-ի

Երեկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին ուղեկցող մեքենաների շարասյունը բավականին երկար ժամանակ ակնհայտ խախտումներով խաթարել էր Թումանյան փողոցի՝ առանց այն էլ ծանր երթեւեկությունը: Մեքենաների շարասյունը կանգ է առել երկրորդ գծում: Երեւանի կենտրոնում օրը ցերեկով արձանագրված այդ խախտումը կատարվել է ոստիկանության եւ դեսպանության մեքենաների կամ աշխատողների մասնակցությամբ: Մի՞թե ռուսներն այստեղ զգում են իրենց ինչպես «ձուկը՝ ջրում»:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կարմիր գծում մեքենան կայանելու հետեւանքով 5.000 դրամ տուգանք է սահմանվել: Տուգանվել եմ Parking city-ի կողմից, սակայն ծանուցումը ստանալուց հետո տուգանքը չեմ վճարել եւ նամակն էլ կորցրել եմ: Կցանկանայի տեղեկանալ՝ այս դեպքում ի՞նչ է սպասվում ինձ, եւ ո՞ւմ կարող եմ դիմել:

Նարեկ Հարությունյան (33 տարեկան, ինժեներ-մեխանիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացնում են, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման համար (ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը) տուգանք նշանակելու իրավասությունը պատկանում է բացառապես Երեւանի քաղաքապետին (նրա լիազորված անձին):
Ինչ վերաբերում է ծանուցումը կորցնելուն, ապա դրանում նշված գործի քննության արդյունքների մասին անձը տեղեկանում է այդ քննության արդյունքում համապատասխան որոշմամբ (վարչական տույժ նշանակելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին): Նշված որոշումն ուղարկվում է անձին, ով արդեն կարող է ղեկավարվել, ըստ հիշյալ որոշման, մասնավորապես տուգանված լինելու դեպքում՝ որոշմամբ նշված պայմաններով կատարել վճարում կամ բողոքարկել այն:

Երեւանի քաղաքապետարան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տուգանքների վերաբերյալ դժգոհությունների ալիքը շարունակվում է մեծանալ, քանի որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը՝ ճանապարհային ոստիկանության կողմից քաղաքացիները չեն ստանում իրավախախտման եւ տուգանքի վերաբերյալ ծանուցում, եւ շատ դեպքերում վարորդների նկատմամբ կիրառվում են մինչեւ հնգապատկված տուգանքներ` անկախ այն հանգամանքից՝ նրանք տուգանվելու վերաբերյալ ծանուցումները ստացե՞ լ են, թե՞ ոչ: Խնդիրը շատ պարզ է՝ այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ընդամենը մի հաղորդագրության միջոցով իրազեկել քաղաքացուն եւ ազատվել գլխացավանքներից: Բայց կարծես թե որոշ մարդկանց ձեռնտու է համակարգի այս վիճակը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Առողջապահության նախարարը վերջերս հայտարարեց, որ թանկանալու են հատկապես ներկրվող դեղերը: Որքան գիտեմ՝ դեղերի 99 տոկոսը ներկրվում է: Կցանկանայի տեղեկանալ՝ դեղերն ինչքանո՞վ են թանկանալու, եւ արդյո՞ք նախարարությունն ունի մեխանիզմներ՝ այս շուկայում գնաճը կանխելու համար:

Գոհար Վարդանյան (35 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով:
Մինչ այժմ դեղերի գների պետական կարգավորում նախարարության կողմից չի իրականացվել օրենսդրական դաշտի բացակայության պատճառով, սակայն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի 11-րդ հոդվածը սահմանում է դեղերի գների պետական կարգավորում եւ հսկում: Միայն նշված օրենքի ընդունումից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը կարող է մասնակցել դեղերի գնագոյացման գործընթացին:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղ ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է հիմնական ցանկում ներառված դեղերի գների բարձրացման հարցին: Նա հորդորել է դեղ ներմուծողներին տարադրամի արժույթի տատանման պայմաններում վարել դեղերի գների բարձրացումը զսպող քաղաքականություն: Կողմերը համաձայնության են եկել, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ հատկապես ՀՀ հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի գների անհիմն բարձրացումը կանխելու ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը հայտնվել է քաղաքական եւ տնտեսական փակուղում: Եւ ինչքան էլ որ փորձում են համոզել, թե ԵՏՄ-ն զարգացման նոր ուղիներ կբացի, միեւնույն է՝ գնաճից կարելի է եզրակացնել, որ իրականում տնտեսական շուկայում ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել: Իսկ թե ինչի կարող են հանգեցնել դեղերի թանկացումները, պարզից էլ պարզ է: Այլ հարց է, թե ՀՀ առողջապահության նախարարությունն ինչպես «կզսպի» եւ կվերահսկի գնաճը տվյալ ոլորտում: Կկարողանա՞ արդյոք:




Լրահոս