Էներգետիկայի փոխնախարարը՝ ատոմակայանում չարաշահումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայկական ատոմակայանում տեղի ունեցած չարաշահումներին:

«Այդ գործով հիմա զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը գնում է կոմերցիայի գծով տեղակալի մասին, որի գործունեության արդյունքում համենայնդեպս մինչեւ ուսումնասիրություն չկատարվի, ոչ մի բան չեմ կարող ասել:

Երբ այդ իրավիճակը ստեղծվեց, տնօրենը ազատվեց իր պաշտոնից»:

Հարցին, որ տնօրենն ու փոխտնօրենը նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մտերմներն են, Արեգ Գալստյանը պատասխանեց. «Տնօրենը նշանակվել է, երբ որ նախորդ տնօրենը, եթե չեմ սխալվում, 2002 թվականին գնաց: Էդ ժամանակահատվածում էլ, ինչքան ես հիշում եմ, նաև աշխատել է փոխտնօրենը, ով զբաղվում էր կոմերցիոն հարցերով»:

Իսկ այն հարցին, թե կառավարության պաշտոնյաները տեղյակ եղե՞լ են չարաշահումների մասին, փոխնախարարը պատասխանեց. «Մենք տեղյակ ենք եղել, երբ որ տեղյակ եղանք բոլորս իրար հետ միասին, արդյունքում էլ գործից դուրս եկան: Ամեն մեկն իր գործով է զբաղվում, ես զբաղվել եմ գործով, տնօրենը կամ փոխտնօրենը զբաղվում էին իրենց գործով, եթե վատ են աշխատել, չարաշահումներ են եղել, ուրեմն պատասխան կտան»:




Լրահոս