ՉՀԱՄԱԿԵՐՊՎԵՆՔ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Երվանդ Մանարյանն armlur.am-ի «Հատուկ կարծիք» հաղորդաշարի հյուրն էր: Հարցազրույցի շրջանակներում նա կարծիք հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը, ի դեմս  Լեւոն Տեր-Պետրոսյանի, կարողացավ այս լճացած վիճակը շարժել տեղից: Դերասանը նաեւ նշեց, որ հունիսի 26-ին մասնակցելու է ՀԱԿ հանրահավաքին եւ  բարձրանալու է հարթակ, որպեսզի տեսնեն, որ ինքը եկել է:
-Պարո՛ն Մանարյան, Դուք այն եզակի արվեստագետներից եք, որոնք չեն խուսափում իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտել եւ քաղաքական տեսակետները հնչեցնել տարբեր երեւույթների մասին: Ձեզ ինչպե՞ս է հաջողվում միաժամանակ 2 կերպարի մեջ էլ լինել բավականին համարձակ եւ պրոֆեսիոնալ:
-Իսկական արվեստագետը պետք է ունենա քաղաքացիական շատ որոշակի դիրքորոշում, եթե նա չունի այդ դիրքորոշումը, նրա արվեստը գնահատելի չի լինի: Սովորաբար արվեստագետներն ունենում են ընդդիմադիր դիրքորոշում, իսկ դա իշխանության համար ցանկալի երեւույթ է, քանի որ ոչ ոք նրան չի կարող ավելի լավ ցույց տալ իր սխալները, քան արվեստագետը: Մեր քաղաքական գործիչները կարիք ունեն, որպեսզի նրանց հուշեն, որ` բարեկա՛մս, ճիշտ ճանապարհով չես գնում:
-Դուք գործունեություն եք ծավալում Կոնգրեսի կազմում, բայց հիմա կարծես թե մի տեսակ պասիվացել եք: ՀԱԿ-ի գործողությունների հետեւա՞նքն է Ձեր պասիվությունը, թե՞ վերջին շրջանում մյուս կուսակցությունների նման Դուք էլ եք լքում ՀԱԿ-ի շարքերը:
-Ո՛չ, տարբեր  է  հեռացողների եւ իմ դիրքորոշումը: Հայ ազգային կոնգրեսը, ի դեմս իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, կարողացավ այդ լճացած վիճակը շարժել տեղից: Հասարակությունը հասկացավ, որ պետք է դուրս գա եւ իր կարիքների մասին բարձրաձայնի:
-Բայց չէ՞ որ, ի վերջո, ՀԱԿ-ին չհաջողվեց իրականացնել իր գերխնդիրը` հասնել իշխանափոխության: Արդյունքում՝ հասարակությունը հիասթափվեց: Դրա ապացույցն է նաեւ հանրահավաքների սակավամարդությունը:
-Դու հանրահավաքներին միշտ ներկա՞ ես եղել ու կարո՞ղ ես վստահաբար ասել, որ ժողովուրդը չի հավաքվում: Մարդիկ, որոնք գալիս են հրապարակ, հետո հենց հասնում են տուն, մտածում են, որ իրենց իմացածը պետք է լինի: Գալիս են, տեսնում են՝ չստացվեց, ուրեմն սրանից երես պետք է դարձնել: Սա քաղաքացու կեցվածքի կերտումն է: Քաղաքացի է ստեղծվում, նա մի օրում չի կարող ստեղծվել:
-Մասնակցելո՞ւ եք հունիսի 26-ի ՀԱԿ հանրահավաքին:
-Այո՛, իհարկե, մի անգամ չեմ մասնակցել տկար լինելու պատճառով: Միշտ գնում եմ եւ ասեմ, որ նախանձախնդիր եմ, որ այս անգամ բարձրանամ հարթակ, որպեսզի տեսնեն, որ ես եկել եմ: Եթե բացակայելու լինեմ, այնպես կբացակայեմ, որ բոլորը իմանան՝ բացակայեցի:
-Սովորաբար ընդդիմադիր կեցվածքով գործիչներին հեռուստաեթերի հնարավորություն չեն տալիս, նրանք հայտնվում են «սեւ ցուցակում» եւ իրենց կարծիքը կամ գնահատականը չեն կարողանում ներկայացնել: Ձեր դեպքում նման խոչընդոտներ եղե՞լ են:
-Չէ՛, նման բան չի եղել: Երեւի այս հարցում ինձ օգնում է Երվանդ Քրիստաֆորիչը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել armlur.am լրատվական կայքում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս