Երգիչ-դերասան ՌԱԴԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ վերջերս արժանացավ վաստակավոր արտիստի կոչման: Իր իսկ խոսքերով` կոչումները բան չեն փոխում, ուղղակի ոգեւորություն է:
-Պարո՛ն Գաբրիելյան, կոչումը կարգավիճակ չի՞ փոխում:
-Ես 14 տարեկա՞ն եմ, որ կարգավիճակ փոխվի: Ինձ չփոխեց, բայց ինչ խոսք, հաճելի է: Ես ուղղակի շատ շնորհակալ եմ դրա համար:
-Կա տարածված կարծիք, որ Հայաստանում կոչումներն ուշացած են տալիս: Չե՞ք կարծում, որ Ձեր «վաստակավորն» էլ դեռ տարիներ առաջ պետք է շնորհվեր:
-Դե դա ժողովուրդը պետք է ասի, ոչ ես: Ես խորը չեմ մտածել, ուշադրություն էլ չեմ դարձրել, հաճելի է, գնահատական է, բայց դա ստանալու համար հատուկ բաներ չեմ արել: Ես էլ մարդ եմ, որն իր աշխատանքը գնահատված տեսնելու կարիք ունի: Վերջիվերջո, 7-րդ դասարանից երաժշտության մեջ եմ:
-Մի քիչ դժվար է կողմնորոշվել` Ձեզ ավելի շատ որպես երգի՞չ ընկալենք, թե՞ դերասան:
-Ես ինձ ավելի շատ երաժիշտ եմ համարում, բայց ով ինչպես ուզում է, այդպես էլ ընկալում է:
-Ա՛յ ասում եք՝ երաժիշտ եք, բայց ինչ-որ երաժշտական նորություններ շատ չեք ներկայացնում:
-Դե մեզ մոտ ո՞նց ա, պետք է անպայման տեսահոլովակ նկարես, տանես հեռուստաընկերություններ, գումար տաս, որ ցուցադրեն, ես էլ չունեմ այդ հնարավորությունը: Իմ ստեղծագործությունների ձայնագրությունը տանն եմ անում:
-Համերգային ծրագի՞ր էլ չեք պատրաստում:
-Ո՛չ, դրա համար շատ մեծ փող է պետք: Ես չեմ կարող երաժիշտներին չվճարել, համարյա մեկ տարի ես պետք է երաժիշտներին վճարեմ, իսկ դա ահռելի գումար է:
-Մի կարճ ժամանակ էլ սերիալում էիք խաղում: Հիմա ինչո՞ւ չեք նկարահանվում:
-Առաջարկ չկա, լինելու դեպքում էլ ես պետք է մտածեմ, ամեն բանի չեմ համաձայնի: Հետո ի՞նչ անենք, որ ֆինանսապես կարող է օգնել: Իմ հեղինակությունն ինձ համար շատ ավելի կարեւոր է, քան գումար վաստակելը: Ես պետք է իմանամ՝ որտեղ եւ ինչի համար եմ նկարվում: Ես այս սերիալները չեմ նայում, երբ միացնում եմ` փողոցում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում: Ես նույնիսկ իմ մասնակցությամբ սերիալը չեմ նայել, մեկ-երկու անգամ, այն էլ էպիզոդիկ:
-Ժամանակի սղության պատճառո՞վ, թե՞ ցանկության բացակայության:
-Հեռուստատեսությունն ինձանից ահռելի ժամանակ է խլում, մնացած գործերս չեմ հասցնում:
-Իսկ հիմա ինչ-որ կոնկրետ տեղ աշխատանք ունե՞ք:
-Ոչ մի տեղ, տանը ստեղծագործում եմ:
-Կորպորատիվ միջոցառումնե՞ր էլ չեք վարում:
-Ո՛չ, ո՛չ, միայն երգն ու դերասանությունը:
-Լավ, իսկ ինչպե՞ս եք ապրում, եթե չեք աշխատում:
-Շատ թեթեւ, չափավոր, առանց ավելորդ ծախսերի ու ճոխությունների: Ո՞նց կարող եմ ինձ ճոխություն թույլ տալ:
-Դուք մեր ներքաղաքական կյանքին հետեւո՞ւմ եք, թե՞ միայն ընտրության եք գնում, եւ այդքանով ավարտվում է ամեն ինչ:
-Դե անկախ քեզանից՝ հետաքրքրվում ես, նայում ես, լսում ես, տեսնում ես` ինչ է կատարվում չորս կողմդ:
-Որեւէ կուսակցության համակրո՞մ եք:
-Ես անկուսակցական եմ, բայց բոլոր կուսակցություններում էլ լավ ընկերներ ու ծանոթներ ունեմ: Ես կողմնակից եմ, որ մարդիկ լավ աշխատեն ու լավ երկիր ստեղծեն, իսկ թե որ կուսակցությունը ինչ…
-Այս տեմպերով եթե գնանք, կկարողանա՞նք լավ երկիր ստեղծել:
-Ես չգիտեմ՝ ինչ տեմպերով ենք գնում, բայց ես հույսս չեմ կտրում, եթե հույսս կտրեմ, անգամ մի րոպե չեմ մնա այստեղ:
-Եթե հաշվի առնենք, թե օրական քանի մարդ է լքում Հայաստանը, ապա…
-Հասկանում եմ, բայց ես ի՞նչ անեմ: Մտահոգված եմ, բայց նաեւ լավատես եմ: Հուսով եմ, որ ինչ-որ բան կփոխվի: Կառավարության մեջ վատ մարդիկ չկան, ուղղակի պետք է լավ աշխատեն, կողքից էլ չխանգարեն:
-Այդքան լավատես եք, իսկ վիրավորակա՞ն չէ, որ այսօրվա վաստակավոր արտիստը, որն այսքան տարի բեմի վրա է, չի կարող իրեն գոնե մի քիչ ճոխություններ թույլ տալ:
-Դե հիմա ի՞նչ անեմ, մենակ ես չեմ այդ վիճակում, մարդկանց մեծամասնությունն է: Ումի՞ց ի՞նչ կարող եմ պահանջել: Ես սովորական հայ մարդ եմ, երեւանցի:
-Իսկ այդ սովորական հայ մարդուն ինչքա՞ն գումար անհրաժեշտ կլինի լավ ապրելու համար:
-Ես չգիտեմ, այդ հաշիվների մեջ այդքան չեմ խորացել: Ինձ թվում է՝ մի 300-400 հազար դրամ, որ կարողանա գոնե նորմալ ապրել, էլի առանց ավելորդ ճոխությունների:
-Լավ, եթե այս պահին շատ մեծ գումար ունենայիք, ինչի՞ վրա կծախսեիք:
-Մի հատ տուն կառնեի, մի քանի կատու, կենդանիներ՝ տարբեր տեսակի, լավ երաժշտական գործիքներ, սարքավորումներ ու մեծ հաճույքով կօգնեի երիտասարդ, լավ երաժիշտներին:
ՄՏԱՀՈԳՎԱԾ Է, ԲԱՅՑ ՆԱԵՎ` ԼԱՎԱՏԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ