ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բավական կոշտ գնահատականներ է տվել ՀՀ-ում մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության վերջնական զեկույցում. «Ընտրությունները, որոնք անց են կացվել կատարելագործված օրենքի հիման վրա,  բնութագրվել են մրցակցային, դինամիկ ու հիմնականում խաղաղ ընտրարշավով, որը, սակայն, նշանավորվել է գործընթացի հանդեպ վստահության ցածր մակարդակով: Ընտրությունների մասնակիցների կողմից ընտրարշավի պայմանների որոշ խախտումները, այդ թվում վարչական ռեսուրսի կիրառումն ու ընտրողների ընտրության ազատության սահմանափակման ջանքերը, ստեղծել են անհավասար մրցակցային դաշտ եւ հակասության մեջ են մտել ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների հետ»: Անդրադառնալով այս զեկույցին՝ Հայ ազգային կոնգրեսն իր հայտարարության մեջ նկատել է. «Այս գնահատականը, ըստ էության, նշանակում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները չեն ընդունել, որ այս ընտրությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված ժողովրդավարական չափանիշներին: Զեկույցում նաեւ բազմաթիվ տեղեկություններ կան վարչական ռեսուրսի օգտագործման, բազմակի քվեարկության, ձայների գնման մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, բնականաբար, ծանր հարված է հասցնում ՀՀ վարկին միջազգային հանրության աչքում ու նաեւ թուլացնում է ՀՀ դիրքերը բանակցային գործընթացում, ինչի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները, որոնք, ամբողջովին կեղծելով ընտրությունները, ըստ էութան՝ մերժել են հայ ժողովրդի կողմից սեփական իշխանություն ընտրելու իրավունքը»:

ՍՊԱՆԵԼ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հրապարակել է ռեստորանում արված «գողական սխոդկայի» գաղտնի աուդիոձայնագրությունը, որում հանցագործ աշխարհի առաջնորդները պայմանավորվում են Դոնի Ռոստովի ոստիկանապետ Վյաչեսլավ Չուպրոնովին սպանելու համար մարդասպան վարձելու շուրջ: Խոսակցությանը մասնակցել է 5 հոգի, որոնց թվում է եղել նաեւ Դեդ Հասանի ներկայացուցիչը: «Սխոդկայի» անդամները դժգոհել են այն փաստից, որ վերջին շրջանում իրենց շրջապատից շատերը հայտնվել են բանտերում, ուստի իրավիճակը շտկելու համար պետք է վախեցնել «մենթերին»:

ՀՕԳՈՒՏ ՎԻՏԱԼԻԻ
ԼՂՀ-ում «Շարժում-88» կուսակցությունը կոչ է արել քվեարկել ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի օգտին:

ՀԱԿ-Ը ՀԱԿ ՉԻ ԼԻՆԻ
«Վարդան Օսկանյանը դեռ թող ԱԱԾ-ի հարցերին պատասխան տա»,-այսպես է արձագանքել ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը հարցին, թե Օսկանյանը կարող է նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու դառնալ: Նրա խոսքով, եթե ՀԱԿ-ը նման քայլի գնա, այլեւս ՀԱԿ չի լինի:




Լրահոս