ԵՐԱՇՏԻ ՎՏԱՆԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի գյուղատնտեսները հայտնվել են լուրջ խնդրի առաջ: Բացի նրանից, որ կառավարության կողմից մարզի գյուղաբնակներին հատկացված ցորենի սերմացուն ծլունակ չէ, առկա է նաեւ երաշտի լուրջ վտանգ: Այն, որ հողին պահ տված բերքին սպառնում է երաշտը, չեն թաքցնում նաեւ Շիրակի մարզի գյուղվարչության մասնագետները: Առանց այն էլ դժվարին կացության առաջ կանգնած գյուղացին տուժեց նաեւ նախորդ շաբաթ տեղացած կարկուտից: Պարզ ասած, մի քանի տեղից գյուղացու ստացած «հարվածները» ենթադրել են տալիս, որ հատկապես ցորենի լավ բերքի մասին մոռանալ է պետք: Կարկուտից զգալի վնաս են կրել նաեւ գարու, կարտոֆիլի, ճակնդեղի եւ բանջարաբոստանային այլ կուլտուրաների ցանքատարածությունները: Եղածը փրկելու միակ հնարավորությունը նորմալ ոռոգումը կարող էր լինել, սակայն ոռոգման ջրի սակավության մասին արդեն բարձրաձայնել են գյուղատնտեսներն ու մարզային իշխանությունները: «Այս տարի ցորենի վիճակը շատ վատ է: Հիմնականում վիճակը վատ է անջրդի տարածքներում, որտեղ ոռոգում չի իրականացվում: Սերմի հիմնական ցանքը մարզում կատարվել է սեպտեմբերի 20-ից հետո, որը պետք է կատարվեր օգոստոսի 20-ից հետո, սա էլ է ազդել: Սակայն այսօր ամենամեծ խնդիրը երաշտն է: Ջրամբարներում կուտակված ջուրը նախորդ տարվա համեմատ պակաս է: Եթե այսպես շարունակվեց, երաշտն այս մարզում լուրջ խնդիր կլինի»,-նշեց մարզի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՇԻՐԱԿ




Լրահոս