Գյումրիում բնակվող ռուսները վախենում են տներից դուրս գալ. ի՞նչ վիճակ է քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Գյումրիում տիրող պայթյունավտանգ իրավիճակը, կարծես թե, անցյալում է: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, այս պահին քաղաքում հանգիստ իրավիճակ է, երեկվա ակտիվությունից հետք անգամ չի մնացել: Պատճառը, ինչպես հայտնում են հավաքված բազմությունից որոշ մարդիկ, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունն է, որով նա վստահեցրել էր, թե անձամբ տեսել է Վալերի Պերմյակովին, ով, պատգամավորի խոսքով, «ծեծվածի տեսք չուներ»:

Մեր թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի «Վոսմոյ գոռոդոկ» կոչվող թաղամասում, որտեղ բնակվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող սպաներն` իրենց ընտանիքների հետ, մարդիկ խուճապի մեջ են: Նրանք անգամ 3-4 օր է` իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում` վախենալով, որ հայերի կողմից բռնությունների կենթարկվեն:

Գյումրեցիներին ռուսների նման կեցվածքը զարմացրել է. նրանք չեն կարողանում հասկանալ` ինչո՞ւ են ռուսները վախենում իրենցից: «Մենք հո Պերմյակով չենք, որ երեխաների վրա ձեռք բաձրացնենք: Մեր խնդիրը նա է, ոչ թե բոլոր ռուսները: Ինչպե՞ս կարող են մեզնից վախենալ»,- Armlur.am-ի թղթակցին ասել են տեղի բնակիչները:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանվել են Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներ: 7 ամսական Սերյոժան ծանր վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Այժմ նրան արհեստական շնչառության ապարատ է միացված:

Սպանություն կատարելու մեջ մեղադրվում է ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:




Լրահոս