ՊԱԼԱՉԻ ԳՈՐԾԸ ՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս հունիսի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը` Պալաչը, դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի եւ տրանսպորտի նախարարությանը` պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 եւ 275 համարի երթուղային գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նշված բոլոր գերատեսչությունները ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին զեկուցել են, որ Պալաչը նման բողոք է ուղարկել իրենց: Ս. Սարգսյանը հանձնարարել է ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին «օրենքի սահմաններում» հայտարարել, որ ինքը չի կարող արգելել այդ տրանսպորտի գործունեությունը, ու դա կապի եւ տրանսպորտի նախարարության ֆունկցիայի մեջ է մտնում: Դրա համար էլ դեռ օրեր առաջ ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը եւս «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ իրենք տնտեսվարողներից դիմում ստացել են եւ ընթացք են տվել: «Անվանական չգիտեմ, բայց տնտեսվարողներից բողոք ենք ստացել, հիմա ուսումնասիրություն ենք իրականացնում, այս պահին որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,-նշել էր  Ա. Շաբոյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին Սերժ Սարգսյանն ասել է, թե «Գագի՛կ, էնպե՛ս արա՝ նորմալ փակես հարցը»: Բեգլարյանն էլ Սարգսյանի խոսքերից անմիջապես հետո նախարարության իրավաբանական վարչության պետին հանձնարարել է զբաղվել այդ գործով եւ սեղմ ժամկետներում զեկուցել իրեն:
Զրուցեցինք կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի մամլո խոսնակ Անժելա Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե գործը որ փուլում է գտնվում: Տեղեկացանք, որ նախարարությունը նման բողոք ստացել է դեռեւս հունիսի 21-ին՝ «Տրանս կոմֆորտ» ՍՊԸ-ի կողմից, որտեղ նշված է, թե դիմողը Ա. Բաղդասարյանն է: Բեգլարյանի խոսնակը նշեց, որ Ա. Բաղդասարյանի կողմից ուղարկված գրության հիման վրա կապի եւ տրանսպորտի նախարարությունն արդեն քննություն է իրականացնում, եւ ավարտից հետո լրացուցիչ կտեղեկացնեն:
Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, իր դիմում-բողոքը գերատեսչություններին ներկայացրել է մեկ ուրիշի անուն-ազգանունով, քանի որ ինքը «բողոք գրող տղա չէ»: Նա ապրում է այլ արժեքներով. «սրբության դեմ չի բողոքում»: Ու դա էր պատճառը, որ Արթուր Հարությունյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, թե ինքը տեղյակ չէ դիմումից. «Դիմե՛ք կառավարությանը»:
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ Հարությունյանն իր միջնորդավորված դիմումում նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել նաեւ Աբովյան-Երեւան 267 համարի երթուղով, որը պատկանում է նրա փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, 261-ի երթուղով, որն աշխատեցնում է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը (այստեղ մասնաբաժին ունի նաեւ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը), եւ 0 համարի երթուղով, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին (վերջինս տարիներ առաջ «Առագաստ» սրճարանի զուգարանում «անզգույշ քաշքշեց» Ռ. Քոչարյանի ընկեր Պողոս Պողոսյանին, որը մահացավ):
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություններ խնդրեց նաեւ Գագիկ Ծառուկյանից: Վերջինիս խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ արդեն 10 տարուց ավելի է՝ Ծառուկյանը բարեգործություններ է անում, եւ դրանք Արթուր Հարությունյանի հետ որեւէ առնչություն չունեն:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս