«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական գործիչներին, ազատամարտիկներին եւ քաղաքացիական ակտիվիստներին ծեծի ենթարկելու, սպառնալու կամ նյութական վնաս հասցնելու դեպքերը դեռ շարունակվում են: Այս անգամ անհայտ անձանց կողմից ընտրված թիրախը քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանն է, որը համացանցում հանդես է գալիս «Նավակ Ճոճողը» անունով:
Վերջինիս ծեծի են ենթարկել հունվարի 17-ին Կողբացի փողոցում: Չորս դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա եւ փորձել ստիպողաբար նստեցնել ավտոմեքենայի մեջ: Գաբրիելյանն ընդդիմացել է, որից հետո նրան մահակներով ծեծի են ենթարկել եւ փախել: Վիլենին տեղափոխել են Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:
Ո՞վ է Վիլեն Գաբրիելյանը
Վերջինս հայտնի է սոցիալական ցանցերում իշխանությունների հասցեին հնչող քննադատություններով եւ ակտիվ մասնակցություն է ունենում մայրաքաղաքում, եւ ոչ միայն, կազմակերպվող տարաբնույթ բողոքի ակցիաներին: 2014թ. ընթացքում Վիլեն Գաբիելյանն աչքի ընկավ երկու աղմկալի դեպքով: 2014թ. հուլիսի 18-ին, երբ «Օրինաց երկիր» կուսակցության՝ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենում Արթուր Բաղդասարյանը, Վիլենը բարձրացավ հարթակ ու ամբիոնին փակցրեց «ԱԽՔ» վերտառության պաստառը:
Ոստիկաններն ակտիվիստին բերման ենթարկեցին, ապա ազատ արձակեցին: 2014 մայիսի 21-ին «Անի» հյուրանոցում սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրային լսումների ժամանակ նա մոտեցել էր բանախոսների սեղանին եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անվան ցուցանակի տակ փակցրել` «Ղալաթ ես անում, չաթլա՛խ» գրությունը: Հրայր Թովմասյանը պոկելով ակտիվիստի փակցրած գրությունը՝ ցածրաձայն հայհոյել է:
Ո՞ւմ ձեռքի գործն էր ծեծը
Չի բացառվում, որ ակտիվիստին ծեծի ենթարկելը կապված է վերջին օրերին սոցիալական ցանցում իշխանությունների հասցեին նրա կողմից տված սեռական բնույթի հայհոյանքների հետ: Առավել սուր ձեւակերպումները երեւում են հունվարի 12-ին Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանությունից հետո եւ դրան հաջորդող օրերին»:
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում: