ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԿՈՒՂԻ ԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼ Է ՀՀ-Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի՛ նախագահ, ըստ պետպատվերով գրքեր տպագրելու ընդունված կարգի՝ նախ ներկայացված գրքերը տանում են Գրողների միություն եւ այնտեղից ետ բերում, այսպես ասած, «կարծիքով»: Այս «կարծիք»-ն է, որ գրքեր տպել-չտպելու համար որոշում կայացնելիս հիմք է դառնում: Իմ գործերին վերաբերող «կարծիքները» եղել են միտումնավոր, անհեթեթ եւ ոչինչ չասող: «Գրախոս» ստորագրությամբ մի քանի այդպիսի անհեթեթ կարծիք կա ինձ մոտ, եւ եթե առիթ լինի, ասվածի վերաբերյալ բացահայտումներ կարող եմ անել:
Ես ԳՄ ադամ չեմ (երդվել եմ երբեւիցե չդառնալ), եւ իմ գործերը ներկայացվող գործերի մեջ այդ առումով եզակի են: ԳՄ անդամներն ունեն մինչեւ 10-12 տպված գրքեր: ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը ռադիոյով պարծենում էր, որ 2011թ. տպվել է  ԳՄ անդամների 80 գիրք, եւ չեն տպվել գրամոլների գրքերը: «Գրամոլ» բառը, իհարկե, վերաբերվում է ինձ: Իմ գրքերը միտումնավոր, կազմակերպված ձեւով չեն տպվում արդեն 30 տարուց ավելի: Գրահրատարակչական խորհուրդն առաջնորդվում է ԳՄ-ից բերած կարծիքներով: Խորհրդի ակտիվ դերակատարներն են Անանյանը եւ գրահրատարակչական գործի տնօրեն Էդ. Միլիտոնյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն 30 տարուց ավելի եւ կարծես թե՝ ցմահ:  Միլիտոնյանին, որը նաեւ ԳՄ քարտուղար է, մի հարցնող լինի, թե նա ինքն անձամբ քանի տպված գիրք ունի, եւ քանիսը՝ կինը, իր աղջիկը, իր «շրջապատը» եւ այլն:
Անկախության 20-22 տարիների ընթացքում պետպատվերով տպվել են մոտ 1,5 միլիարդ դրամի արժողությամբ ժամանակակից գրողների գրքեր: Սակայն չպետք է  մոռանալ, թե ինչ է ասվում-չասվում այդ գրքերի վերաբերյալ: Մի քանի տարի առաջ Անանյանն ինքը Հանրային ռադիոյով այսպիսի հայտարարություն արեց, թե ԳՄ-ի նկուղում մեծ քանակությամբ գիրք է կուտակվել ու փոշոտվել: Եւ հիմա այդ գրքերը իբրեւ նվիրատվություն տանելու են Արցախ, Ջավախք: Եթե նկուղում փոշոտված գրքի կարիք այստեղ չի զգացվում, ի՞նչ է, Արցախում եւ Ջավախքո՞ւմ պիտի զգացվի: Ռադիոյով 1-2 տարի առաջ նաեւ Ռազմիկ Դավոյանն է արել նման մի հայտարարություն, ըստ որի՝ տպված գրքերի մեծ մասը գնում է անհայտ ուղղությամբ: Այս հայտարարությունն անելու ժամանակ Ռ. Դավոյանն արդեն ԳՄ նախագահ չէր: Ռադիոյով եւս 2 նման հայտարարություն արել են երկու ուրիշները: Նրանց ասելով՝ պետպատվերով տպված ժամանակակից գրողների գրքերի 90%-ից ավելին պատռվում է եւ դեն նետվում: Այս հայտարարություններն արվել են Հանրային ռադիոյով, որն ունի ձայնադարան, եւ իմ ասածի ճշտությունը կարելի է ստուգել:
Վերջիվերջո, ի՞նչ է ստացվում. իմ գրքերը չեն տպվել, եւ մոտ 1,5 մլրդ դրամի խոտա՞ն է տպվել: Բայց չէ՞ որ իմ գրքերը սահմանափակ տպաքանակով անգամ բավական ճանաչում են գտել ընթերցողների շրջանում: Ես այդ գրքերը տարածել եմ 30-ից ավելի դպրոցներում, որոնցից մի քանիսում նույնիսկ քննարկումներ են եղել: Լեցուն դահլիճներով քննարկումներ են եղել նաեւ Ազգային, Ավ. Իսահակյանի եւ Խնկո Ապոր գրադարաններում: Առանձնակի պետք է նշել ԵՊՀ-ի մագիստրոսների, ասպիրանտների եւ 5-6 դասախոսի մասնակցությամբ արված քննարկումը: Սակայն մեկ այլ քննարկում, որ նախատեսված էր անցկացնել ուսանողների հետ, հայ նոր գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի եւ հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանի բանսարկությունների շնորհիվ վիժեցվեց: Որքան գիտեմ, ամբիոնների այս 2 վարիչները նույնպես ԳՄ անդամներ են: Ի՞նչ է դա նշանակում, որ ԳՄ-ն պարզապես ճղճիմ շահերով առաջնորդվող համախմբված մարդկանց մի խո՞ւմբ է: («Խումբ» բառը մեղմ բնորոշում է: Կա մեկ այլ հավուր պատշաճի բառ, որը ես շրջանցում եմ): Ափսոս, որ  այդ միության մեջ կարող են լինել նաեւ մի քանի ազնիվներ, որոնց ընդամենը մատների վրա կարելի է հաշվել, եւ որոնք եղանակ ստեղծել չեն կարող:
Ես գործ եմ ունեցել ԳՄ նախագահներ Վ. Պետրոսյանի, Վ. Դավթյանի, Հ. Հովհաննիսյանի, Հ. Մաթեւոսյանի հետ (ինչ արած, եթե հարկ եղավ նաեւ հանգուցյալների անունները նշելու) ու նաեւ վերջին երկուսի՝ Ռ. Դավոյանի, Լ. Անանյանի հետ, եւ բոլորի դեպքերում գրեթե նույն պատկերն է՝ մերժելու, շրջանցելու, լռության մատնելու եւ այլն: Նշեմ այս բոլորից առանձնացվող մի դեպք: Ճիշտ 30 տարի առաջ՝ 1882թ., Հ. Մաթեւոսյանը կարդաց մի դրամա եւ ասաց. «Այս դրաման ինձ համար, ճիշտն ասած, թանկ գործ է, բայց գրավոր կարծիք տալ չեմ կարող»:
Կա ԳՄ, լավ, հասկացանք, թող լինի: Բայց այդ հասարակական կազմակերպությունը ինչո՞ւ պետք է լիազորություններով օժտված լինի գրահրատարակչության, մրցանակաբաշխությունների խնդիրներում: Ինչո՞ւ պիտի Անանյանը մշակույթի նախարարության գրահրատարակչական խորհրդի անդամ լինի: Էլ չեմ ասում Էդ. Միլիտոնյանի նման մեկին պաշտոն տալու մասին: Թող ԳՄ-ն ներկայացնի իր անդամների տպվելիք գրքերի ցուցակը գրահրատարակչական խորհրդին (որի անդամ ԳՄ նախագահը չպիտի լինի), եւ խորհուրդը կորոշի, թե այդ ցուցակից ինչ տպել եւ ինչ չտպել: Չէ՞ որ գրողը, որը ԳՄ անդամ չէ, դրվում է բոլորովին աննպաստ վիճակում: Եւ հետո, կտպվի միության անդամների ոչ թե 80, այլ 20 գիրք, այդ դեպքում ազատված միջոցներով կարելի կլինի իսկապես արժեքավոր գրքերի թարգմանություններ անել, տպել օտար լեզուներով եւ առաքել արտասահման, հայագիտական կենտրոններ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂԱՋԱՆՅԱՆ




Լրահոս