Այսօր տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, անդրադարձ է կատարվել վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակին և երկրի անվտանգության խնդիրներին: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, թե չի կարծում, որ այս ամենում առկա է պատերազմի վերսկսման վտանգ:
«Սահմանին որոշակի լարվածություն կա, և Ադրբեջանը, ինչպես 2014թ. հունվարին, այս տարին ևս սկսել է` խախտելով հրադադարի ռեժիմն ու իր ստանձնած պարտավորությունները: Բայց ես չեմ կարծում, որ խնդիրը մոտ է պատերազմի վերսկսմանը: Կարծում եմ` Ադրբեջանը հնարավորինս կփորձի լարված պահել իրավիճակը», – նշեց նա:
Շարմազանովի խոսքով, տեսականորեն և գործնականորեն չի կարող լինել մշտական խաղաղություն, քանի դեռ չկա պայմանագիր:
«Մենք գործ ունենք մի լկտի հարևանի հետ, որը մերժում է խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր քայլերը: Հայաստանի Հանրապետության համար թիվ մեկ խնդիրը մնում է անվտանգության հարցը: Առանց դրա մենք որևէ զարգացման մասին չենք կարող խոսել: Ես գործնականում անհնար եմ համարում, որ Ադրբեջանը կգնա այդպիսի ավանտյուրայի և պատերազմ կսկսվի», – եզրափակեց նա: