«Հայաստանի ձայնը-3» նախագծի շրջանակներում ժյուրիի անդամներին ցնցած եւ նախագիծը պայթեցրած Մելինե Գալոյանն իր մարզչի՝ երգիչ, երգահան Հայկոյի հետ անակնկալ է պատրաստում հանդիսատեսի համար, որի մասին, հուսով է, երկրպագուներն այս տարի արդեն կլսեն: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր ծրագրերին, նաեւ, որպես գյումրեցի, խոսել է հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից եւ գյումրեցիների շրջանում տիրող ներկայիս մթնոլորտից: Մելինեի խոսքով՝ հիմա գյումրեցիները սարսափում են այն մտքից, որ հանցագործը կամ գուցե հանցագործները կարող են գտնվել ազատության մեջ:
-«Հայաստանի ձայնը» եւ նմանատիպ նախագծերը բացի ժամանակավոր ճանաչումից եւ որոշակի փորձից` մասնակիցներին էլ ի՞նչ են տալիս:
-Դուք շատ ճիշտ եք նկատել: Ինքս ձեռք եմ բերել մեծ բեմում ելույթ ունենալու փորձ եւ այլ տեխնիկական հմտություններ, իսկ գլխավորը՝ ծանոթացել եմ Հայկոյի պես լավ անձնավորության եւ արտիստի հետ: Ի դեպ, նրա հետ պահպանում եմ կապը: Առաջիկայում ունենք նոր ծրագրեր, որոնց մասին, հուսով եմ, հանդիսատեսն այս տարի կլսի:
-Ձեզ պես տաղանդավոր երիտասարդին այս պահին ի՞նչն է պակասում՝ երգարվեստում մեծ հաջողության հասնելու համար:
-Ինչ-որ բանի հասնելու համար տաղանդավորին էլ անհրաժեշտ է ձգտում եւ աշխատասիրություն: Ի դեպ, այս տարի ավարտելու եմ վարժարանն ու մտադիր եմ ուսումս շարունակել ԵՊԿ ջազ-վոկալ բաժնում:
Երգչի կարիերան միանգամից չի տրվում: Դա երկար եւ ակտիվ աշխատանք է պահանջում: Ինձ համար այդ առումով վառ օրինակ է քույրս, ով, օժտված լինելով տաղանդով, իր աշխատասիրությամբ հասել է զգալի բարձունքի երգարվեստի բնագավառում:
-Հնարավո՞ր է՝ մի օր հանդես գաք դուետով:
-Ժամանակը ցույց կտա:
-Չենք կարող չանդրադառնալ Ձեր հարազատ քաղաքում տեղի ունեցած ոճրագործությանը, եւ դրանից հետո ծավալված իրադարձություններին: Պետք է նկատել, որ հանրապետության երկրորդ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում նորովի բացահայտվեց գյումրեցի երիտասարդների պայքարող տեսակը:
-Անխոս, կատարվածը ծանրագույն հանցագործություն է: Հավատացած եմ, որ մեղավորը ըստ արժանվույն կստանա իր պատիժը ոչ միայն իրավապահների, այլեւ Աստծո կողմից: Իմ կարծիքով որ քաղաքում էլ նման ոճրագործություն կատարվեր, երիտասարդների կողմից նման արձագանք կստացվեր: Ես ինքս տեղս չեմ գտնում, բայց անկարող եմ: Երիտասարդների մեծ մասի պայքարի արդյունքում արթնացան մեր իշխանությունները: Սակայն կուզենայի նաեւ նշել, որ այդ երիտասարդների շարքում գտնվեցին անձինք, որոնք իրենց վարքագծով հարվածի տակ դրեցին շատերին եւ խայտառակեցին գյումրեցիներին:
-Նկատի ունեք՝ տրվեցին սադրանքների՞:
-Իմ կարծիքով ամենամեծ սխալն այն էր, որ բողոքի ակցիայի մասնակիցները վերածվել էին ամբոխի, քանի որ չունեին խելացի առաջնորդ, իսկ արած քայլերն էլ տրամաբանական չէին: Լավ կլիներ, եթե, օրինակ, դիմեին ժողովրդականություն վայելող որեւէ մեկին՝ չմոռանալով, որ թե՛ ցուցարարների, թե՛ ոստիկանների շրջանում հայ ընտանիքի հայրեր եւ զավակներ են կանգնած:
-Ավետիսյանների ընտանիքի կրտսեր անդամի՝ Սերյոժայի մահվանից հետո ողջ Գյումրին, Հայաստանը մեկ մարդու պես սգում է: Այս վերջին հույսը կորցնելուց հետո գյումրեցիների շրջանում հուսահատության մթնոլորտ է…
-Փոքրիկ Սերյոժայի մահվան հետ մահացավ նաեւ գյումրեցիների վերջին հույսը: Փաստորեն, կոտորվել էր մի ամբողջ ընտանիք, եւ կյանքից հեռացավ նաեւ Ավետիսյանների վերջին ժառանգը: Հիմա գյումրեցիները սարսափում են այն մտքից, որ հանցագործը կամ գուցե հանցագործները կարող են գտնվել ազատության մեջ:
Այս ամենից հետո մեզ մնում է ողջամիտ գտնվել եւ սադրանքների չենթարկվել: Բավական է՝ թափվի հայի արյունը…
Ո՛Չ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԿԱ, Ո՛Չ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Օրերս հերթական վայրագությունն է կատարվել Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված գիպսե արձաններից մեկի նկատմամբ: Այս անգամ հարձակման թիրախում հայտնվել է Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դիմաց հանգրվանած բանաստեղծի արձանը: Ամբողջովին փշրվել են քանդակի ոտքն ու ձեռքը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ արձանը հանձնվել է գրադարանին եւ այն այլեւս քաղաքապետարանի տնօրինության տակ չի գտնվում:
«Չենք կարող ասել, թե արձանի պահպանության համար ով է պատասխանատու, ենթադրվում է, որ գրադարանը»,-նշեցին վարչությունից:
Այնինչ՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրենը, ով, չգիտես ինչու, խուսափեց ներկայանալ եւ ակնհայտորեն խուսափեց նաեւ դեպքի առնչությամբ որեւէ մանրամաս հայտնել, պատասխանատվության հետ կապված հակառակը պնդեց. «Մենք չենք պատասխանատու, այդպիսի բան չկա»: Որոշ մանրամասներ ճշտելու համար մենք փորձեցինք զրուցել նաեւ գրադարանի տնօրենի հետ, սակայն մեզ հայտնեցին, որ նա մեկնել է արձակուրդ:
Պարզելու համար, թե ով է կանգնած կատարված վայրագության ետեւում, եւ արդյոք կան վանդալիզմի գործով կասկածյալներ, «Ժողովուրդը» դիմեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն:
Այստեղից մեզ հայտնեցին, որ գրադարանի տնօրինությունը հրաժարվել է տվյալ դեպքի առիթով դիմել ոստիկանությանը. «Ոստիկանությունից հանցագործության նույն օրը գնացել էին գրադարան, սակայն տնօրինությունը հրաժարվել էր հաղորդում տալուց»,-ասացին մեզ:
Թե ի վերջո ով է պատասխանատու Ավետիք Իսահակյանի արձանի պահպանության համար, այդպես էլ պարզ չէ, պարզ չէ նաեւ, թե ով է վայրագության հեղինակը, եւ ամենակարեւորը՝ ինչու է գրադարանի տնօրինությունը հրաժարվել հանցագործության մասին հաղորդում տալուց:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՈՐ ԴՈՒԵՏ
Սոնա Շահգելդյանն ու Սեւակ Ամրոյանը շուտով կներկայացնեն «Սարերի հովին մեռնեմ» հայտնի երգի տեսահոլովակը: Հովհաննես Բադալյանի մշակմամբ հայկական ժողովրդական երգը նրանք ձայնագրել են դեռ 2012 թվականին, միասին կատարել տարբեր համերգների ընթացքում:
«Սոնայի էներգիայի եւ հումորի շնորհիվ մեկ ամբողջ օր լավ տրամադրություն ունեցանք, ծանր աշխատանքային օրը թեթեւ անցավ»,-Bravo.am-ի հետ զրույցում ասել է Սեւակ Ամրոյանը: Սոնան էլ նշել է, որ սիրում է երաժշտական տարբեր ոճերում զուգերգեր կատարել. «Այս երգը դուետի տեսքով չի հնչել, քանի որ երկուսս էլ սիրում ենք այն, որոշեցինք ոչինչ չփոխել»:
«Սարերի հովին մեռնեմ» տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է փետրվարին:
ՔԱՇՔԱՇՅԱՆԸ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ Է ԿԱՏԱՐԵԼ
Լոս Անջելեսում հունվարի 18-ին տեղի են ունեցել երկու համաշխարհային պրեմիերաներ. «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, հանրաճանաչ ալտահար Քիմ Քաշքաշյանը «Դիլիջան» կամերային երաժշտության համերգաշարի շրջանակում ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի եւ Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երեկոյին մասնակցել են նաեւ ջութակահարներ Վարդի Մանուելյանը եւ Մովսես Պողոսյանը, ալտահար Խուան Միգել Հերնանդեզը եւ թավջութակահար Կարեն Ուզունյանը: Հնչել են Տիգրան Մանսուրյանի «Պարուհիներ» դուետը ջութակի եւ ալտի համար (համաշխարհային պրեմիերա), Արթուր Ավանեսովի «Je Ne Regrette Rien» (ամերիկյան պրեմիերա), ընտրյալ հատվածներ «Feux Follets» շարքից (համաշխարհային պրեմիերա), ինչպես նաեւ՝ Էնեսկուի Ջութակի սոնատ թիվ 3-ը եւ Մենդելսոնի Լարային կվինտետը: «Դիլիջան» փառատոնի տասներորդ համերգաշրջանը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
40 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՀԱՎԱՔԵԼ
Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Կիմ Չեն Ինի մահվան մասին պատմող սկանդալային «Հարցազրույց» ֆիլմը առցանց դիտումների արդյունքում աշխատել է 40 միլիոն դոլար: «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ֆիլմը համացանցից ներբեռնվել է շուրջ 5.8 միլիոն անգամ:
Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է երկու հաղորդավարների մասին, որոնց հնարավորություն է ընձեռվում հարցազրույց վերցնել Կիմ Չեն Ինից: Սակայն նրանք ընդգրկվում են հատուկ ծառայությունների աշխատակիցների թվում եւ պատվեր են ստանում սպանել առաջնորդին: