ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը New York Times թերթի «կարծիքներ» բաժնում հոդված է գրել՝ «Արձագանք Ադրբեջանի դեսպանին» վերնագրով: Հոդվածում Ավետիսյանն արձագանքում է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի նամակին:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
«Հունվարի 21-ին Ադրբեջանի դեսպանի գրած նամակում, կարծես թե, կոչ է արվում Միացյալ Նահանգներին ուշադրություն չդարձնել այդ երկրում մարդու իրավունքների ու ազատությունների դեմ շարունակական արշավին: Փոխարենը՝ նա առաջարկում է ուշադրություն դարձնել Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտությանը, որը չլուծված է մնում Ադրբեջանի ռևանշիստական ձգտումների պատճառով:
Ակնհայտ է, որ վերջին արյունոտ հարձակումները Լեռնային Ղարաբաղի վրա ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը փորձում շեղել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային հանրության ուշադրությունն այլախոհության ու ազատության ճնշումներից: Ադրբեջանի ղեկավարները պետք է գիտակցեն, որ դիմելով այդ քայլին՝ այն միայն խորացնում է միջազգային հանրության հետ պառակտումն ու ձգձգում է տարածաշրջանային խնդիրների լուծումը:
Ադրբեջանը պետք է վերջ դնի պատրվակների օգտագործմանը, այդ թվում՝ ռազմական սադրանքներին՝ իր ներքին թերություններն արդարացնելու համար:
Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի գոյությունն ապացուցում է, որ իրական ժողովրդավարությունը հնարավոր է անգամ մշտական արտաքին ագրեսիայի առկայության պայմաններում:
Իմ երկրի մարդիկ ու ժողովրդավար ճանապարհով ընտրված մեր նախագահը շահագրգռված են ողջ տարածաշրջանում խաղաղության, զարգացման ու ժողովրդավարության հարցում, այդ թվում՝ հարևան Ադրբեջանում»: